«Ազատության» հետ զրույցում ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն տարօրինակ հայտարարություն է արել:
«Մենք շատ լավ գիտենք, թե դա /Արցախի հարցը – խմբ․/ ինչ ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա, հայ հասարակության վրա, որքան կարևոր է հայ ժողովրդի, բայց նաև՝ Ադրբեջանի համար։ Որովհետև այս մարդիկ Ադրբեջանից են՝ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղը մեզ համար միշտ դե յուրե եղել է Ադրբեջան։ Մենք ասում էինք՝ տեսեք, կա խնդիր, կա մի հարց, որը մնացել է շատ բարդ անցյալից, եկեք լուծենք այն որպես քաղաքակիրթ համայնք՝ բանակցային սեղանի շուրջ։ Դա, ցավոք, հնարավոր չդարձավ Ադրբեջանի միակողմանի գործողությունների պատճառով»։
ԵՄ-ն` ի դեմս Ֆրանսիայի, 1992 թվականից Լեռնային Ղարաբաղը համարել է վիճելի տարածք եւ ԵԱՀԿ մանդատի՝ Մինսկի խմբի շրջանակներում քննարկել Արցախի ինքնորոշման հարցը։ ԵՄ-ն, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Մերձդնեստրի հարցերին, երբեւէ չի ասել, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին համաձայն, մատնանշելով եւս երկու սկզբունք՝ ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը։
Հիմա ԵՄ-ն ոչ միայն խոսում է բացառապես տարածքային ամբողջականության մասին, այլեւ ասում, որ ԵՄ-ն Ղարաբաղը միշտ Ադրբեջան է համարել։ Ինչի՞ հիման վրա է համարել։ Ստալինի ապօրինի որոշմա՞ն։ Իսկ ուժի կիրառումը ОК է ԵՄ-ի համար։
Վերջերս ԵՄ-ն դարձել է Ստալինի եւ սովետական ու ռուսական այլ որոշումների՝ Ալմաթայի հռչակագիր եւ այլ ամենամեծ ջատագովը։
ԵՄ-ն հայտարարում է, որ Ռուսաստանը չպիտի պարտվի Ուկրայինայի հետ պատերազմում, որ հանկարծ չքանդվի եւ անվերահսկելի չդառնա։ Այդ նպատակի համար ԵՄ-ն պատրաստ է ճանաչել Ռուսաստանի բոլոր որոշումները, այդ թվում Ստալինի որոշումը Արցախի մասին եւ ռուսական զորքերի ներկայությունը հայաթափված Արցախում։ Իսկ Արցախից գաղթած 100 հազար բնիկ հայերին կարելի է մի քանի եվրո տալ սոցիալական կացարանների համար։ Միայն թե ռուսները չջղայնանան։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: