Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ գնահատում է Թուրքիայի օգնությունը, սակայն միայն այս երկիրը բավարար չի լինի որպես միջնորդ, հայտնում է BBC-ն։
«Նրանք ցանկանում են միջնորդ լինել։ Բայց նախագահ Էրդողանը գիտի… Ես շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար, բայց նա պետք է իմանա՝ միայն Թուրքիան մեզ բավարար չէ որպես միջնորդ։ Մեզ համար ավելի լավ է Խաղաղության գագաթնաժողովի ձևաչափը»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում «Ուկրաինական պրավդան»։ «Չեմ կարծում, որ Թուրքիան միայնակ կկարողանա ճնշել Պուտինի քաղաքականությունը։ Մեր թուրք գործընկերների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ։ Նրանք շատ բան են արել մեզ համար, բայց նաև ամուր հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, ունեն իրենց այլ՝ տնտեսական շահերը», ասել է Զելենսկին, հայտնում է BBC-ն։
Թուրքիան կրկին, ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին, հանդես է եկել միջնորդության առաջարկով, պնդելով կարգավորման ստամբուլյան տարբերակը։ 2022-ի մարտին սեղանին դրված այդ տարբերակը ոչ այլ ինչ է, քան Ուկրաինայի տարածքի օկուպացիայի ճանաչման եւ Կիեւի կապիտուլյացիայի առաջարկ։ Անկարան առաջ է մղում հենց այդ տարբերակը։ Հատկանշական է, որ մեկուկես տարի անց Ստամբուլում տեղի ունեցավ մեկ այլ հավաք, որի ժամանակ կայացվեց Արցախի ցեղասպանության եւ հայկական պետականության լուծարման վերաբերյալ որոշումը մասնակիցների գրեթե նույն շրջանակով՝ ԱՄՆ, ՌԴ, Եվրամիություն։
Ուկրաինայի դեմ պատերազմը Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավի շարունակությունն էր եւ հնարավոր դարձավ հենց Հայաստանի դեմ արշավի՝ Մոսկվայի ու Անկարայի համար հաջող ելքի շնորհիվ։ Այս ֆոնին, պաշտոնական Կիեւի վերաբերմունքը Արցախի խնդրին եւ առհասարակ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերին տարակուսելի էր․ Կիեւը աջակցում էր այդ ծրագրերին, այսինքն՝ Ռուսաստանի ծրագրերին։ Արցախում Բաքվի գործողություններն ուկրաինական քարոզչությունը համարում էր ոչ ավել, ոչ պակաս «երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ»։ Թեեւ, ոչ բարդ տրամաբանությունը հուշում էր, որ դա երկրորդ ճակատ էր հենց Ուկրաինայի դեմ, ինչի հետեւանքները Ուկրաինան լիուլի զգում է ներկայում։
Արդյոք քաղաքական նման կարճատեսության պատճառը թուրքական մի քանի բայրաղթարներն էին, որոնց մասին վաղուց այլեւս լսելի չէ (հատկանշական է, որ ուկրաինացի լրագրողների հարցերին զինվորականները պատասխանում են, թե բայրաղթարները ներկայում չեն կիրառվում, քանի որ ռուսները դրանց դեմ արդյունավետ միջոցներ ունեն), կամ Բաքվի նվիրած մի քանի գեներատորներն ու «հումանիտար օգնությունը», ինչպես նաեւ ուկրաինական քարոզչությանը նվիրաբերված նավթադոլարները։ Թե՞ Զելենսկիի ապարատում ու բանակում առկա ռուսական բացահայտ ագենտուրան ու կրեատուրան։ Փաստ է, որ Կիեւը աչք էր փակում այն իրողության վրա, որ հենց Թուրքիայի միջոցով է Ռուսաստանը շրջանցում պատժամիջոցները եւ անհրաժեշտ միջոցներ, այդ թվում ռազմական, ներգրավում Ուկրաինայում պատերազմը շարունակելու, ուկրաինացիներին եւ ուկրաինական քաղաքներն ու գյուղերը ոչնչացնելու համար։
Հիմա Զելենսկին ակնարկում է այս ամենի մասին։ Հանուն արդարության նշենք, որ նրա աշխատակազմի խորհրդական Պոդոլյակն ավելի վաղ նշել էր, որ Թուրքիան ստանձնել է ռուս-ուկրաինական ջարդերի կառավարման դերը։ Դա է Թուրքիայի «միջնորդությունը»։ Արցախը սարերում կորած ինչ որ հովվերգական ռելիկտ չէր, այլ աշխարհքաղաքականության շրջադարձային կետ, որի վրա հերթով անկում են բոլորը՝ գերտերություններից սկսած։