Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը։
-Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից առաջ մեծ սպասելիքներ էին ձևավորվել, բայց հանդիպման արդյունքում հայտարարվեց միայն Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին։ Ի՞նչ տվեց այս հանդիպումը Հայաստանին։
-Սպասումներն ավելի շատ տարբեր քաղաքական միավորների կողմից էին, որոնք Հայաստանում ըստ սեփական հայեցողության, նպատակների ու մոտիվացիայի արտահայտվում էին եւ ստեղծում ինչ-որ պատկեր։ Ըստ դրա էլ ենթադրվում էր, որ իբր կան ավելի շատ ակնկալիքներ ու սպասելիքներ։ Դրանք քաղաքական գործընթացի մաս էին, ոչ ավելին։ Եղել է այն, ինչ պետք է լիներ։ Ես միշտ ասել եմ, որ կան գործընթացներ, որոնք անկասելի են եւ հստակ հունով ընթացող։ Եվ այդ տեսանկյունից սա հանգրվանային հանդիպում էր, որտեղ կոլեկտիվ Արեւմուտքը խնդիր ուներ մեկ սեղանի շուրջ համաձայնեցնելու ճանապարհային քարտեզն ու շարունակելու Հայաստանի ինտեգրացիան դեպի արեւմտյան աշխարհ։ Առեւտրաշրջանառության կամ ներդրումների ինչ-որ թվեր են ներկայացնում, դրանք ընդհանուր քաղաքականության մաս են, բայց առաջին հերթին պետք է հաշվի առնվի քաղաքական գործոնը։ Եվ այդ տեսանկյունից պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ուղղակիորեն, անբեկանելիորեն ընթանում է Արեւմուտքի հետ շատ սերտ անվտանգային եւ բոլոր տեսակի այլ համակարգեր կառուցելու ճանապարհով։ Ինչո՞ւ եմ ընդգծում անվտանգայինը, որովհետեւ առաջնայինը անվտանգայինն է, դրանից հետո է գալիս քաղաքական, տնտեսական ինտեգրացիան եւ այլն։ Առանց անվտանգային համակարգի վերաֆորմատավորման հնարավոր չէ ստանալ այնպիսի պատկեր, որը կոլեկտիվ Արեւմուտքը փորձում է տեսնել Հարավային Կովկասում։
-Այդ հանդիպումից հետո Բաքուն կրակում է հայկական բնակավայրերի ուղղությամբ, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Այո՛, իրավիճակը սրվեց, բայց դա ընդհանուր առմամբ կանխատեսելի էր։ Այնպես չէ, որ նման կարգի սրման վտանգներ մարդիկ բացառում էին։ Հակառակը, անընդհատ կանխազգացում կա, որ իրավիճակը կարող է պայթել, այդ սրումը կարող է պատերազմի բերել։ Այդ սպասումները, որոնք մշտապես կան, մենք անգամ այդ սպասումների տեսանկյունից նաեւ պետք է գնահատենք այս հանդիպումը, որ ինքը պատերազմական իրավիճակի չբերեց, ընդամենը ռազմական ցուցադրական դրսեւորումներ եղան, որոնք այս պահի դրությամբ կարելի է ասել, որ վախեցնելու կամ սպառնալու տարր էին ներկայացնում։ Սրա պատճառները հետեւյալն են՝ Հայաստանն իր այդ վերաֆորմատավորման քաղաքականության մեջ ընդգրկվելու պատճառով որոշակի ուժերի համար դարձել է թիրախ։ Եվ հենց կոնկրետ Ադրբեջանն ամեն գնով խնդիր ունի թույլ չտալու Հայաստանի նման ընթացքը։ Խնդիրն այս պահին հետեւյալն է՝ մեզ թվում է, որ դրան պետք է նաեւ աջակցեն Ռուսաստանն ու Թուրքիան, եւ այդ տեսանկյունից պատերազմի հավանականությունն ավելի մեծ է գնահատվում, բայց, իմ կարծիքով, այդպես չէ, եւ իրավիճակի սրման հիմնական շահառուն միայն Ադրբեջանն է։ Մյուսներն այդ աստիճանի ո՛չ ռեսուրս, ո՛չ ցանկություն չունեն հիմա ներգրավվելու նման կարգի զարգացումների մեջ։ Հետեւաբար, ընդամենն այդ սպանալիքներն ու ուժի ցուցադրությունն է, բախումների ինչ-որ առիթ ստեղծելու իմիտացիան է, եւ ոչ ավելին։
-Այսինքն՝ Արեւմուտքը զսպում է, որ Ադրբեջանը հետագայում ագրեսիվ գործողությունների չդիմի՞։
-Իհարկե, Արեւմուտքը կարողանում է զսպել, մենք դա նոր չէ, որ տեսնում ենք։ Մենք դա տեսնում ենք արդեն մոտ երկու տարի։ Չմոռանանք Փելոսիի այցը Հայաստան, ԵՄ դիտորդների գործոնը։ Մենք անընդհատ այդ զսպման քաղաքականությունը տեսնում ենք, թույլ չեն տալիս, որ գործընթացները վերահսկողությունից դուրս հայտնվեն։ Բայց միայն դա չէ պատճառը։ Դա մեկ կողմի շահագրգռությունն է, բայց կա նաեւ մյուս կողմի շահագրգռության թուլացումը, ես նկատի ունեմ կոնկրետ Թուրքիային ու Ռուսաստանին։ Իզուր չէ, որ ես նշում եմ, որ այս սրացումն Ադրբեջանի մեծ շահագրգռության հետեւանք էր, բայց Ռուսաստանի եւ Թուրքիայի գործոնները թուլացել են, դրա համար այդ գործողությունները լայնածավալ պատերազմի վերածվելու հնարավորություն չունեն։ Թուրքիան բոլորովին այլ գործարքների մեջ է հիմա Արեւմուտքի հետ եւ փորձում է բալանսավորել իր քաղաքականությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ։ Եթե մինչեւ վերջերս հիմնական աշխատանքը Ռուսաստանի հետ էր, ապա հիմա որոշակի բալանսավորման կուրս է վերցրել Էրդողանի կառավարությունը, որն իրեն հնարավորություն չի տալիս շատ ավելի կոշտ դիրքերից հանդես գալու։ Չմոռանանք, որ պաշտոնական Թուրքիայի հայտարարությունն ընդամենն այն մասին էր, որ եթե երբեւէ ռազմական գործողություններ լինեն, իրենք միանշանակ կպաշտպանեն Ադրբեջանին, բայց խթանել, որպեսզի Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, առայժմ նման նախադրյալներ չենք տեսնում։
Մյուսը Ռուսաստանի խնդիրն է․ ես գտնում եմ, որ Ռուսաստանը համակերպվել է, որ Հայաստանի անվտանգային համակարգն այլեւս չի կարող լինել լիարժեք ռուսական վերահսկողության տակ եւ վաղուց նա համակերպվել էր, որ այդ անվտանգային համակարգը պետք է կիսել որեւէ գերտերության հետ։ Սկզբում նրա ցանկությունն էր, որ դա լիներ Թուրքիան, հետո նաեւ Իրանը, սակայն այդ նախաձեռնությունները նախորդ երեք տարիների ընթացքում տապալվել են։ Եվ, իմ կարծիքով, Ֆրանսիայի հետ կա որոշակի համաձայնություն Հայաստանի հարցում, եւ այս վերաֆորմատավորման գործընթացն այդ համաձայնության կոնտեքստում է տեղի ունենում։
-ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, անդրադառնալով արցախահայերի վերադարձի իրավունքի հարցին, ասել է․ «Այս մարդիկ Ադրբեջանից են՝ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղը մեզ համար միշտ դե յուրե եղել է Ադրբեջան»։ Դուք վերջերս ասել էիք, որ «կարեւոր է գիտենալ, որ Հայաստանը չունի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ, այդ մանիպուլյացիան բանեցրել են բոլոր այն ուժերը, ովքեր տասնամյակներ շարունակ խոսել են «փոխզիջումների» ու հողեր հանձնելու մասին եւ իրենց այդ պնդումների համար որպես իրավական փաստարկ բերել են հենց այն հիմնավորումը, թե իբրեւ մենք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել ենք որոշակի սահմաններով»։ Բայց տեսնում ենք, որ Եվրամիության կողմից պաշտոնական հայտարարվում է, թե Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Չգիտեմ, թե Պետեր Ստանոն ինչի վրա է հիմնվում, երբ ասում է՝ միշտ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Ես կարող եմ հակառակը պնդել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տասնամյակների գործունեությունը վկայել է, որ Արցախի կարգավիճակի հարցում չկա որեւէ դիրքորոշում, եւ խնդիրը թողնված է ապագային։ Եվ երբ հիմա Մինսկի խումբը ներկայացնող որեւէ կողմ կարող է նման հայտարարություն անել, դա ճշմարտության հետ որեւէ աղերս չունի։ Մինսկի խմբի համանախագահողների դիրքորոշումն է եղել, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի շրջանակում, որի ժամանակ կողմերը պետք է կարգավիճակի հարցում ընդհանուր հայտարարի գան։ Այդ կարգավիճակը չի ենթադրվել Ադրբեջանի կազմում, տարբեր առաջարկներ են եղել, այդ թվում՝ տարածքների փոխանակման, եւ այլն։ Հիմա, եթե պոստ ֆակտում փորձում են ինչ-որ նախկին դիրքորոշումներ կամ իրավիճակներ նկարագրել, դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են՝ ներկա իրավիճակից ելնող, բայց ոչ ճշմարտություն։