Օհանյան․ «Իսկ եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք մենք միանգամից որոշում, որ կարող ենք պարտվել»

  • 11:49 09.04.2024

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մեր երկրի պաշտպանության գործում իրենց առջեւ դրված խնդիրը պետք է արժանապատիվ ձեւով իրականացնեն»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե Տավուշից նահանջի հրաման լինի, ի՞նչ պետք է անի բանակը։

Ըստ նրա՝ Հայաստանի ամբողջ բնակչությունը պետք է դիմադրությամբ ընդվզի եւ թույլ չտա, որպեսզի ապօրինի հրամաններ տան բանակի ղեկավարությանը։ «Օրենքի շրջանակներում այդպիսի հրամանները պետք է լինեն գրավոր, որպեսզի չստացվի այնպես, ինչպես Սյունիքի դիմացի հատվածներից բանավոր հրամանով շուրջ 20 կմ հետ են քաշվել եւ խնդիրներ ստեղծել սահմանազատման-սահմանագծման համար։ Ես գտնում եմ, որ Զինված ուժերը պաշտպանության են պատրաստ, բայց նաեւ ԶՈւ-ում կարող են լինել անհատներ, որոնք կարող են իրենց առանձին դրսեւորումն իրականացնել, դա իրենց գործն է»,- ասաց պատգամավորը։

Ըստ Օհանյանի՝ Տավուշի մարզում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները բավական բարձր մակարդակի վրա են եւ տարիների ընթացքում նրանք ձեւավորվել են հենց Տավուշի անվտանգությունն ու պաշտպանությունն իրականացնելու համար։ Նա ասաց, որ Տավուշի 4 գյուղերը, որոնք հանձնելու մասին խոսում է իշխանությունը, հայկական են, գտնվում են հայկական տիրապետության տակ։

«Միաժամանակ, այդ մասում տարբեր հատվածներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Եվ խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են այն պայմաններում, երբ Ադրբեջանն այսօր գտնվում է ՀՀ տարածքներում, շուրջ 200 քկմ զավթել է, փաստում է, որ մեր իշխանությունները չեն հասկանում՝ ի՞նչ է նշանակում սահմանազատում եւ սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների։ Առավել եւս, որ այսօրվա Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո հրաժարվել է ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդը լինելուց։ Իսկ այդ ժամանակահատվածում բոլոր այդ հողերն ու բնակավայրերը եղել են հայկական»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա՝ բավական մտահոգիչ է նաեւ հատվածական սահմանազատում-սահմանագծում իրականացնելը։ Դա չի էլ կարելի համարել սահմանազատում-սահմանագծում, միակողմանի պահանջ է։ «Հայաստանի իշխանությունները փորձում են սահմանազատման-սահմանագծման աշխատանքները սկսել վերջից։ Այն միջազգային փորձ, սկզբունքներ ու  նաեւ հաջորդականություն ունի, իսկ հաջորդականության մեջ երեք կետ պետք է լինի։ Առաջինը՝ երկու թշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ իրենք դառնում են հարեւան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ։ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, վերջին տարիների գործողությունները, Ալիեւի այն խոսքը, որ այն տարածքները, որոնք իրենք զավթել են, դեռ պարզ չէ՝ ում տարածքներն են, չի խոսում այն մասին, որ ինքն ուզում է խաղաղ համակեցությամբ ապրել։ Երկրորդ՝ իրականացվում է սահմանազատում, համապատասխան քարտեզներով։ Մենք Ադրբեջանի հետ ունենք շուրջ 1000 կմ տարածություն, ինչպե՞ս է ստացվել, որ հենց այդ հատվածից են սկսում։ Սա մի քանի մեկնաբանություն ունի՝ տեսնելով, որ միջանցքում իրենք կարող են հաջողություններ չունենալ, հաջորդ կետում, որտեղ կարող են օղակը սեղմել ՀՀ շուրջը, տիրապետել նաեւ ռազմավարական կարեւորագույն միջպետական ճանապարհին, այդ հատվածով մեզ կտրել, դա Տավուշն է։ Այդ սահմանազատման համար որեւիցե քարտեզ ու համաձայնություն չկա։ Եվ երրորդ կետը՝ եթե դրա շուրջը համաձայնության են գալիս, դա տարիների աշխատանք է, ամբողջ 1000 կմ համար պետք է գան համաձայնության, դրանից հետո սահմանազատում իրականացնեն, սահմանը կահավորեն։ Այդ ամենը չի իրականացվում, եւ ՀՀ կառավարության ղեկավարը բնակչության հետ հանդիպում է ու ասում՝ այս հողերը պետք է հետ տանք։ Ընդ որում, դա բնակչության խնդիրը չէ, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ բնակիչներն իրավունք չունեն ասել՝ մենք կտանք, թե չենք տա։ Եթե ընթացակարգերով չեն անցնում, դրանք ապօրինի գործողություններ են»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ 2023 թվականին տեղի է ունեցել Արցախի հայաթափում, ամենաողբերգական տարին է եղել հայ ժողովրդի համար, եւ այս իրավիճակում շատ դժվար է ձեռք մեկնել Ադրբեջանին ու ասել՝ ուզում ենք խաղաղ ապրել ձեզ հետ։ Ըստ Օհանյանի՝ երկրի ղեկավարը ժողովրդին համախմբելու փոխարեն, գնում է  Տավուշ ու ժողովրդին վախեցնում, որ եթե չտանք, պատերազմ կլինի։ «Իսկ եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք մենք միանգամից որոշում, որ կարող ենք պարտվել»,- հարցադրում արեց նա։