Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ հարցին՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները Տավուշի մարզի՞ց են սկսվելու։ «Հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա»,- ասաց նա։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ զիջումները միակողմանի՞ են լինելու, թե Ադրբեջանն էլ կգնա զիջումների։ «Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում հնարավոր է լինի միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի։ Խոսքն անվտանգային, սոցիալ-կենցաղային եւ իրավական հարցերի մասին է»,- ասաց նա։
Հարցին, թե իսկ Ադրբեջանը ո՞ր տարածքներն է պատրաստվում վերադարձնել, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, որովհետեւ դեռեւս վերջնական կոնսենսուս չկա»։
Ճշտող հարցին, թե այսինքն՝ Բաքվի հետ ոչ մի հարցի շուրջ կոնսենսուս չկա՞, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Իհարկե, բազմաթիվ հարցեր քննարկվում են, բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ քննարկումները նույնատիպ են, բայց հարցեր կան, որոնց շուրջ կոնսենսուս չկա»։ Լրագրողները նաեւ հարցրին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Տավուշի բնակիչներին վախեցրել, որ եթե գյուղերը չհանձնեն, պատերազմ կլինի։ Մհեր Գրիգորյանն այս հարցին չպատասխանեց։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: