Թամարան դեռ առաջին կուրսում գիտեր, թե ինչ է ուզում, իսկ 4-րդ կուրսում պրակտիկայի ժամանակ հասկացավ, որ որոշումը ճիշտ էր` նա քննիչ է լինելու։
«Մեկ ամիս տևեց մեր պրակտիկան: Այդ մեկ ամսվա ընթացքում այնքան սիրեցի այդ գործը, որ վարչության պետին խնդրեցի կամավոր հիմունքներով սովորել իր մոտ` թույլատրեց: Այդ պահին ամենաերջանիկն էի, 2022 թ․ սեպտեմբերից մինչև հունիսը քննչականում էի և մասնակցում էի քննչական գործողություններին»։
Պրակտիկային հաջորդեց բարեհաջող հանձնված քննությունները և նշանակումը Արցախի Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժին:
«Ես անսահման երջանիկ էի, բայց դե հասկանալի պատճառներով ծնողներս` ոչ: Հիշում եմ, որ մտա տուն, մայրս ու մորաքույրս լացում էին․ մինչ այդ հեռախոսով ասել էի, որ անցել եմ ու գործուղվում եմ Մարտակերտ: Մամաս ասաց, եթե գնաս, էլ հետ չգաս, այնպիսի տպավորություն էր, որ իր կամքին հակառակ աղջիկ է ամուսնացնում: Ես ասացի, որ կա՛մ ճանապարհում եք նորմալ, կա՛մ ուղղակի մի օր արթնանալու եք և տեսնեք, որ գնացել եմ»:
Թամարան ջերմությամբ է հիշում հունիսի 19-ը, երբ արդեն համազգեստով, լեյտենանտ Խաչատրյանը գործուղվել է Մարտակերտ։ Ասում է, որ այդ օրվանից սկսել է սիրահարվել թե՛ Մարտակերտին, թե՛ այն բոլոր մարդկանց, ովքեր առանձնակի ջերմությամբ նրան դիմավորել, հետո արդեն օգնել են: Բավականին դժվար էր շրջափակումը, սննդի պակասը: Շաբաթներ կային, որ չէր կարողանում տուն գնալ: Վերջին անգամ տուն է գնացել սեպտեմբերի 15-ին և նորից վերադարձել Մարտակերտ սեպտեմբերի 18-ին։
«Սեպտեմբերի 19-ին բաժնի պետը` պ-ն Գասպարյանը կանչել է իր մոտ և ասել, որ բոլորիս բարի աշխատանքային օր է մաղթում, բայց որ ուշադիր լինենք՝ լարված է: 13:00-15:00 հովհարային անջատման ժամն էր, ես և մեր քննիչները նստել էինք հաց ուտելու և սկսվեց…
Հիշում եմ նկուղներում մարդկանց, լացող և վախից բարձր ջերմությամբ երեխաններին: Մենք քննիչներով նկուղ չենք իջել, ժամանակ առ ժամանակ գնում էին մարդկանց մոտ, դեղեր, սնունդ առաջարկում:
Ամսի 24-ին մնացել էինք 3 քննիչ և պ-ն Գասպարյանը, և նույն օրը արդեն բոլորս պետք է գնայինք դեպի Ստեփանակերտ: Մի պայուսակով կանգնել էի տանս առաջ, մտածում էի և հասկանում, որ այսքան հիշողությունները չեմ տեղավորի պայուսակում: Մինչ մեր գնալը ես քայլում էի Մարտակերտով, կարծես մենակ իմը լիներ»:
Սեպտեմբերի 25-ից Թամարան շարունակում էր իր ծառայությունը Ստեփանակերտի դիահերձարանում, վերջին քննիչներից էր, ով հերթապահում էր Արցախում:
«27-ին, ցավոք, վերջին հերթապահությունս էր դիահերձարանում: Ասկերանի պետի հետ էինք հերթապահում, մոտեցավ ու ասաց՝ շնորհավոր․ զարմացա, մտածեցի՝ գուցե չենք գնում, ասաց, չէ, շնորհավոր՝ արդեն ավագ լեյտենանտ ես: Հուզվեցի ու երևի դրանից էր բարձր ասացի՝ «ծառայում եմ Արցախի Հանրապետությանը»:
Այդ պահին մոտս զոհվածի ծնող կար, ասաց՝ Արցախը չկա, ասացի՝ մինչ այստեղ զոհվածների շիրիմները կան` կա նաև թե՛ Արցախը, թե՛ Արցախի Հանրապետությունը: Արդեն դուրս էի գալիս, մոտեցավ, ասաց՝ ապրես Արցախը կա»:
Թամարայի համար ամենադժվարը զոհվածների ծնողներին տեսնելն էր, խոսելը, աչքերի մեջ նայելը։
«ՀՀ-ում մեկ ամիս ևս աշխատել եմ դիահերձարանում` պայթյունի գործով քննչական խմբում: Ամենադժվարն այն էր, երբ ծնողը գալիս քեզ գրկում ու խնդրում է գտնես իր զավակին: Ծնողների հետ գնում էի դիակի ճանաչմանը․ իր զավակը չէր, բայց նա լացում էր ուրիշի զավակի դիակի վրա: Պայթյունի օրը` 25-ին մասշտաբը չէինք զգացել, օրերի հետ եկել է նաև գիտակցումը, թե ինչ է կատարվել»:
Չնայած այն ամենին, ինչ Թամարան տեսել է 22 տարեկանում, խոստովանում է, որ կանգ առնել չի պատրաստվում, այլ պատրաստվում է քննությունների, որպեսզի անցնի ծառայության ՀՀ քննչական կոմիտեում:
Քրիստինա Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: