Հուշեր անցյալից` Շոշ գյուղ. պատմում է Վիտյա Յարամիշյանը

  • 20:26 09.04.2024

Իմ նախնիները Արցախում են ապրել ու հաստատվել Ասկերանի շրջանի Շոշ գյուղում:  Ինչու եմ վստահ, որ արմատներ ունենք, քանի որ մեր գերեզմաններն են այնտեղ: Ծնողներս գյուղական մանկավարժներ էին. հայրս տնօրեն էր, մայրս` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, և նրանց օրինակը տարածվել է զավակների վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված պապիկս ևս մանկավարժ էր: Նա զոհվել էր 5 անչափահաս երեխաներ թողնելով տատիկիս ուսերին, եւ ընտանիքս ունեցել է շատ դժվարություններ, տան սյունը փլուզվել էր:

Արցախը պատմությունը, հուշարձանները և ամեն ինչ հայկական շնչով են շնչում: Մեր գյուղի բարբառը “ս” ճյուղին է պատկանում, քանի որ մի մասը Հադրութից են եկել:

Շոշում ապրել եմ ամենալավ մանկությունը: Հիշում եմ, թե ճաշ պատրաստելիս տատիկս ինչ տեղական մթերքներ էր օգտագործում: Մաման էլ այնպես էր թխում ժենգյալով հացը, որ բուրմունքը տարածվում էր աշխարհով մեկ: Մեր կերակրատեսակներն ու մշակութային առանձնահատկություններն աչքիս առջև են: Շոշ գյուղում սովորություն ունեինք հարազատներով գառ մորթել և մեծ սեղան նստել, իսկ հետո այդ գառան մսով երեք տեսակի ճաշ էինք պատրաստում, հնարավոր չէ մոռանալ այդ աուրան, այդ մթնոլորտը: Մեր անտառներում ամեն ինչ կար և մանուկ ժամանակ մրգերի, հատապտուղների, ընկուզեղենի կարիք չէինք զգում: Թումանյանի նկարագրած գյուղական փոքրիկ տներից դուրս էինք վազվզում դեպի անտառ…

Շատ բան եմ հիշում սովետական տարիներից, որն, իմ կարծիքով, ունեցել է և’ լավ, և’ վատ կողմեր: Վատն այն էր, որ կառավարումն իրականացվում էր այն ձևով, որպեսզի մարդիկ չկարողանան ազատ արտահայտվել: Օրինակ, մի մարդ Ստեփանակերտից կոշիկ էր գնել ու հագած վերադառնում էր տուն, ճամփին կոշիկի տակը պոկվել էր: Հետ դառնալիս ասաց` բա այսպիսի բան կլինի? Այդ նախադասության պատճառով աքսորեցին Սիբիր: Այդ աստիճանի աբսուրդի էր հասնում տոտալիտարիզմը: Սովետը ամեն ինչ անում էր, որ հասարակությունը լինի կազմակերպված` ցածր մակարդակի, բայց ապահով կյանք էր:

Ադրբեջանը նպատակային ձևով հայահալած քաղաքականություն էր իրականացնում:  Այն դպրոցում, որտեղ ես դասավանդում էի, հանկարծ հայտնվել էր ադրբեջաներենի ուսուցիչ: Այդ ուսուցիչը այնքան էր մեզ նախանձով նայում, որ ինչու ենք այդքան զարգացած, մեր տներում հեռախոս կա և այլն: Զգացվում էր, որ այդ մարդիկ աչք են տնկել մեր ունեցվածքի, հողի, ջրի վրա և ուզում էին մեզ արտաքսել ինչ-որ ձևով: Ասում էին` ինչու պիտի ձեր դպրոցի ճակատին հայերեն գրված լինի Շուշքենդի միջնակարգ դպրոց, ռուսերենն ու ադրբեջաներենը հերիք է:

Կենտրոնից մշակված այս քաղաքականությունն առաջացնում էր լարումներ: 1990-ականները մոռանալ չի լինի` հացի խնդիր, անվտանգության սպառնալիքներ, այդ զգացողություններն այնքան սուր են… Գիշերը երազում էլ ես տեսնում:

Ինքս լինելով ուսուցիչ և կազմակերպիչ` ծառայել եմ բանակում և մասնակցել Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերին: Հենց ժողովուրդը խոսում էր անկախության կամ Հայաստանին միանալու մասին, մի քանի օր հետո ադրբեջանցիները գալիս էին Աղդամից մահակներով , սուր գործիքներով, որպեսզի մեզ դաս տան ու բացատրեն… Մի քանի օրից Սումգայիթի հայերին կոտորեցին, մի մասին էլ վռնդեցին Սումգայիթից: Շուշիից այնքան էին ռմբակոծում մեր գյուղը, որ ստիպված էինք մեր երեխաներին տանել ուրիշ գյուղեր: Ես իմ ընտանիքը տարել էի Ակնաղբյուր գյուղ, իսկ տղաներով մնացել էինք մեր գյուղը պաշտպանելու համար:

Վերջին տեղահանությունն իմ կյանքի ամենածանր ժամանակաշրջանն էր: Զգացվում էր, որ սա վերջն է: Ես լավատես եմ ու հավատում եմ, որ մի ձև կարող ենք վերադարձնել Արցախը, բայց այն զորքը, որն անվանել են խաղաղապահ, ավելի լավ է անվանեին տեղահանման կամ բռնատեղահանման աջակցող զորք, որովհետև հենց իրենք են եկել մեր գյուղ, միացրել բարձրախոսները և հայտարարել, որ շուտ դուրս գանք տնից: Իրենք մեզ լավություն են անում…

Ասում են, թե ղարաբաղցիք թողել են տները, դա մերկապարանոց սուտ է: Ադրբեջանցիները գյուղի վերևում կրակում էին, տանը մնացած մարդկանց սպանության դեպքեր են եղել: Ես համալսարանում էի, երբ Մարտակերտից մարդիկ եկան այնտեղ պատսպարվելու: Ես ծանոթներ ունեմ, որ չեն հասցրել իրենց տնից գոնե նշանի մատանին կամ կուտակած փողը հանել:

Քանի՞ հոգի սրտի կաթվածից  մահացել ճամփին: Սա  տեղահանություն է, ժողովրդի նպատակային ոչնչացում: Թողել ենք մեր վաստակը, մանկությունը, գերեզմանները, աճեցրած ծառը, ամբողջ կյանքը….Պիտի դիմանանք այս վիճակին, ուժեղանանք…

Տաթեւ Ազիզյան

f