Ի՞նչ վտանգ է ներկայացնում Արցախի կառավարությունը․ Փաշինյանը չկարողացավ պատասխանել

  • 12:31 10.04.2024

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարցերց Նիկոլ Փաշինյանին․ «Ինչո՞ւ է ձեզ համար վտանգ ներկայացնում Արցախի ընտրված, ժողովրդական հավանություն ստացած կառավարության ներկայությունը, որոնք պետք է շարունակեն Արցախի ճակատագրի համար պայքարը»։

Նիկոլ Փաշինյանը նման պատասխան տեց․ «Մենք տվյալներ ունենք, կարծում եմ՝ նաեւ ապացույցներ ունենք, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մի շրջանակ, մի խումբ այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել են, որ եթե մենք շարունակենք այս ճանապարհով գնալ, լինելու է սա, լինելու սա եւ սա։ Իսկ ձեր ասած շրջանակը չի արձագանքել՝ ո՞րն էր իրենց պլանը։ Եվ մենք այսօր նյութեր ունենք, որտեղ երեւում է, թե որն էր իրենց պլանը։ Ասում են՝ հա, լավ այստեղ չի լինում, կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ է եղել որ։ Եվ պարոն Օհանյան, դուք էլ գիտեք դա, ձեր քաղաքական ուժը ոգեւորությունը չէր թաքցնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող այդ փոփոխությունների ու հրաժարականների առիթով։ Բայց հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ է լինելու հաջորդիվ։ Չի եղել արձագանք, պատասխանատվությունը դա է, որ իրավիճակին կարողանաս ադեկվատ արձագանքել։ Եվ այդտեղ ավարտվել է ամեն ինչ»։

Սեյրան Օհանյանն ասաց, որ Արցախի նախագահն Արցախը լուծարելու հրամանագիր է ստորագրել այն պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը կրավորական կեցվածք էր ընդունել։ «Բազմաթիվ, տասնյակ ավելի զորքով Ադրբեջանը հարձակվել էր դիրքերի վրա, նաեւ ներխուժել էր ու մասնատել Արցախը, դուք այն ժամանակ ասում էիք, որ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ որեւիցե ռազմական ազդեցություն չկա, այն պայմաններում, երբ խաղաղ բնակչությունն այդ ժամանակ տուժում էր։ Եվ գիտեք, թե ինչ պայմաններում է Արցախի ղեկավարությունն ընդունել այդ որոշումը, որը Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո բեկանել են։ Եվ մենք գտնում ենք, որ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ այն ճակատագրից, որն այսօր Արցախն ունի՝ իր պատմական տարածքից դուրս մղվելով, եւ ցեղասպանություն է իր նկատմամբ իրականացվել։ Կարծում եմ՝ որեւիցե վտանգ չկա, եթե Արցախի իշխանությունները այսօր շարունակեն իրենց գործընթացը։ Հակամարտությունն Ադրբեջանը սրել է, դեռ ավելին, հանցագործություն է իրականացրել, եւ իշխանությունների գոյությունը կարող է միայն հիմք ստեղծել՝ Արցախի ժողովրդի հետ վերադառնալու եւ պատմական ճակատագիրը որոշելու ուղղությամբ»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Առաջինը, ես ուզում եմ արձանագրել, որ եղել է հնարավորություն՝ եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ։ Ինչո՞ւ չի գնացել Լեռնային Ղարաբաղը, գիտե՞ք ինչու չի գնացել, որովհետեւ արգելել են Լեռնային Ղարաբաղին։ Արգելել են, եւ դա ես չեմ եղել։ Ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի կառավարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ինչո՞ւ է ՀՀ կառավարություն, որովհետեւ Հայաստանում է գործում՝ իր իրավազորության տարածքում։ Հիմա ասենք Հայաստանի ներքին գործերի նախարարը գնա Ավստրալիա, ասի՝ ես Ներքին գործերի նախարարն եմ, նշանակում եմ տեղակալ, ընդունեմ եմ աշխատանքի ոստկանության զորքեր, տալիս եմ զենք, ծառայողական ավտոմեքենա, կաբինետ։ Կներեք էլի, էս լո՞ւրջ եք խոսում»։

f