Փոխվարչապետը ներկայացրեց արցախցիների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագիրը

  • 14:28 10.04.2024

Ազգային ժողովի նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսվող բնակարանային ապահովման ծրագրին։ Նա հիշեցրեց, որ կառավարությունը որոշել է «40+10» հազար ծրագրին հատկացնել եւս 45 մլրդ դրամ եւ ծրագիրն առանց փոփոխությունների շարունակել մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը։

«Այս աջակցության ծրագիրը դիտարկվում է որպես Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային աջակցության երկարաժամկետ ծրագրի մաս, մինչեւ մեր հայրենակիցները կդառնան բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրի շահառու։ Շուտով կառավարությունը կհաստատի նաեւ բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիրը, որը բռնի տեղահանվածների համար նախատեսում է 3-5 մլն դրամ աջակցություն՝ տուն գնելու կամ կառուցելու նպատակով։ Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում կհաստատեն երկարատեւ բնակություն։ Որպես չափորոշիչ կսահմանվի ՀՀ քաղաքացի դառնալու հանգամանքը։ Մեկ մարդու հաշվով 3 մլն դրամ կլինի աջակցության նվազագույն չափը, իսկ եթե շահառու ընտանիքը որոշի բնակարան գնել կամ կառուցել կառավարության կողմից որոշված բնակավայրերում, մեկ մարդու հաշվով աջակցությունը կավելանա մինչեւ 4 կամ 5 մլն դրամ։ Այս ցանկում ընդգրկվելու են մարզային այն բնակավայրերը, որտեղ կառավարությունն իրականացնում է սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումներ»,- ասաց Խաչատրյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ այդպիսի բնակավայրերում շահառուները կարող են ֆինանսական աջակցության մի մասն օգտագործել նաեւ տնամերձ հողամասի գնման, տունը նորոգելու եւ կահավորելու, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու համար։ Այն ընտանինքները, որոնք այդ բնակարաններում կբնակվեն 10 տարի, կստանան դրանց նկատմամբ սեփականության իրավունք։ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն այն անձանց, ովքեր օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենա օգտվել բնակարաններ գնելու կամ կառուցելու ծրագրային աջակցությունից։

«Ծրագիրը կիրականացվի փուլերով, շահառու ընտանիքներին աջակցությունը հասանելի կդառնա որոշակի հաջորդականությամբ։ Առաջին տարվա համար աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնց կազմում կան երեք եւ ավելի անչափահաս երեխաներ։ Առաջնահերթություն կունենան նաեւ այն ընտանիքները, որտեղ կա առնվազն մեկ անչափաս երեխա եւ միաժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ։ Երկրորդ փուլում աջակցությունը հասանելի կդառնան երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար, եւ այդպես շարունակ։ Հաշվի առնելով, որ բնակարանային կարիքների հասեցագրման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի փուլերով, եւ մեր հայրենակիցների մի մասը ծրագրի աջակցությունից կօգտվեն երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարում, կշարունակենք վարձակալության ծախսերի աջակցություն ցուցաբերել նաեւ 2025 թվականից հետո, սակայն աջակցության չափորոշիչները կվերանայվեն՝ բարձրացնելով ծրագրի սոցիալական թիրախավորումը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

f