Ապրիլի 10-ին «Մարաղա․ շարունակվող ցեղասպանություն. չընդհատվող պայքար» խորագրով քննարկման ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Հայաստանի ու իրական Հայաստանի հակադրության մասին կան հայտարարություններ, ինչը ցավալի է, բայց և իրականություն։ Մենք ոչ թե ամեն անգամ նոր ցեղասպանություն ենք ունեցել, այլ ունեցել ենք մի ընդհանուր ցեղասպանական շղթայի 30-ամյա ընդհատված ժամանակահատված։ Եվ մինչեւ դա էլ 70-ամյա ժամանակահատվածում՝ սկսած Շուշիի ջարդերից, Բաքվի ջարդերից, հետո գալիս հասնում ենք Սումգայիթ, նորից Բաքու, Կիրովաբադ, Մարաղա, Հյուսիսային Արցախ, եւ այսպես շարունակ։ Եվ 30 տարի մեր Պաշտպանության բանակի շնորհիվ կանխվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Այսինքն՝ ոչ թե առանձին դրվագներով ցեղասպանություն էր սա, այլ ամբողջական ցեղասպանության առանձին արարներ։
Եվ այսօր էլ չի վերացել այդ վտանգը, եթե հետեւեք, ապա կտեսնեք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այց թվում՝ ցեղասպանագիտությամբ զբաղվող կենտրոններն անընդհատ ահազանգում են ՀՀ-ում հայ ժողովրդին սպառնացող ցեղասպանության մասին։ Եվ պետք է առնվազն չգիտեմ ինչ աստիճանի պարզամիտ լինել, որ այս ամեն ինչը չտեսնել, եւ խոսել՝ եկեք հրաժարվենք պատմական Հայաստան ասվածից եւ խոսենք իրական Հայաստանի մասին։ Լավ, դու խոսեցիր իրական Հայաստանի մասին, բայց քո պատմական թշնամին չի փոխվում։ Այսինքն՝ յաթաղանը ձեռքին եկել քեզ սպանում է, եւ դու խոսում ես չգիտեմ ինչերի մասին, խոսում ես հարեւանության մասին։ Եվ այս վտանգը չի վերանալու, այդ ֆոնին իրական պատմություն կա, թե ինչպես կարելի է այդ վտանգը չեզոքացնել, եւ այդ իրական պատմությունը Պաշտանության բանակն էր, այսինքն՝ Զինված ուժերն է, որը տալիս է այդ հնարավորությունը՝ ինքդ քեզ պաշտպանելու եւ չթողնելու, որ կրկնվի ցեղասպանության շղթան»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ այս ամենից հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի եւ որպես ազգ՝ խելքը գլուխի հավաքի՝ հասկանալով, որ ցեղասպանության վտանգը եւ սպառնալիքը՝ լինի դա Մարաղա, Սումգայիթ, Բաքու, Շուշի, թե ամբողջ Արցախը, չի դադարելու, եթե դու քո ազգային նպատակները դնում ես մի կողմ եւ սկսում ես խոսել մի լեզվով, որով տարածաշրջանում որեւէ մեկը չի խոսում։
Ըստ Ստեփանյանի՝ թշնամու ձեռագիրը չի փոխվել․ «Ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի փողոցում Արցախում մնացած հազվադեպ մարդկանցից մեկին ծաղրում էին ուղղակի, խոսքը տարեց մարդու մասին է։ Այսինքն՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանաք, մարդկանց ուղեղը մտնի, որ այլ տարբերակ, քան սեփական ուժերով պատասխանատվության ենթարկելը չկա՝ օգտագործելով միջազգային ատյանները, չկա։ Սա է այն ճանապարհը, որը կարող է կանխել այս չընդհատվող ցեղասպանությունների շղթան»։
Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ այն քայլերը, որոնք պետք է միտված լինեին միջազգային հարթակներում Ադրբեջանին պատժի ենթարկելուն, չեն արվել։ «Հայաստանի իշխանությունների կողմից այսօր խոսվում է Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու եւ դրանցից հրաժարվելու մասին, ինչը ոչ այլ ինչ է, քան համաձայնություն հայտնել Մարաղային, Բաքվին, Սումգայիթին եւ այն ամեինին, ինչը տեղի է ունեցել Արցախի ժողովրդի հետ՝ սկսած 2020 թվականից։ Մենք չպտեք է դադարենք պահանջատիրությունը առաջ մղել, անկախ նրանից, թե ով է դա ուզւոմ կամ չի ուզում, արդարությունը չի կարող բազմաթիվ երեսներ ունենալ։ Արդարությունն այն է, որ ոճրագործ ժողովրդի վերահսկողության տակ Արցախում հայի գոյությունն անհնար է, արդարություն այն է, որ այս մարդիկ, որոնք զոհ են գնացել ադրբեջանական ոճրագործություններին, ի վերջո պետք է տեսնեն, որ Ադրբեջանը ենթարկվում է պատասխանատվության։
Իսկ դրա համար պետք է օգտագործել բոլոր ատյանները՝ պահանջատիրությունը տեղ հասցնելու համար։ Շրջափակումը Լուի Մորենո Օկամպոյի կողմից գնահատվել է որպես ցեղասպանություն, ես ամբողջությամբ համաձայն եմ, այն, ինչ արել է Ադրբեջանը 2020 թվականից հետո, ոչ միայն շրջափակման ժամանակ, այս գործողությունները միտված էին նրան, որ հայ մարդն ուղղակի հրաժարվի Արցախից, դուրս գա։ Եվ տեսնելով, որ դա չի լինում, ի վերջո 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հերթական հարձակումն են գործել, եւ օգտվեով անպատժելիությունից, երբ ռուս խաղաղապահները միջամտություն չեն ցուցաբերում, իսկ միջազգային դերակատարներն ուղղակի աչք են փակել այդ ամենի վրա, Ադրբեջանը ժամանակավոր ավարտին է հասցրել Արցախի նկատմամբ իր ցեղասպանական նպատակները եւ այսօր էլ անցել է Հայաստանի Հանրապետությանը»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։