Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հարցազրույց է տվել CNN-ին Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։ Քեմերոնը գրեթե չի խոսել Թրամփի հետ զրույցի բովանդակության մասին, ասելով միայն, որ Պուտինին ուկրաինական տարածքների զիջումները չեն հանգեցնի պատերազմի ավարտին։ Պատերազմը կարելի է դադարեցնել միայն Ուկրաինային աջակցելով, ընդգծել է Կեմերոնը։
«Խաղաղություն կլինի ուժի միջոցով, այլ ոչ թե թուլության և ագրեսորին բավարարելու միջոցով», ասել է Կեմերոնը, զուգահեռ անցկացնելով 1930-ականներին Հիտլերին արևմտյան ժողովրդավարությունների (Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) զիջումների քաղաքականության հետ:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ եւ Եվրոպան գրեթե դադարեցրել են աջակցությունն Ուկրաինային, չնայած հռետորաբանությանը։ Այս առումով, յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ում։ Թրամփը գրեթե ոչնչացրել է Հանրապետական կուսակցությունը եւ ենթարկել իրեն Ներկայացուցիչների պալատը, որտեղ արգելափակվել է Ուկրաինային աջակցության մասին օրենքը։ Թրամփին աջակցող զլմ-ները բացահայտ տարածում են Կրեմլի թեզերը:
Իր հերթին, Բայդենի աշխատակազմում հաղթել է Սալիվան-Բըրնս տանդեմը, որը բացահայտորեն հանդես է գալիս ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիան ճանաչելու օգտին, պատճառաբանելով «գլոբալ կայունությունը» եւ Ռուսաստանի պարտության դեպքում այդ երկրի փլուզման մարտահրավերները։ Նմանատիպ իրավիճակ է Եվրամիությունում։
Միեւնույն ժամանակ, Բրիտանիայի ԱԳ նախարարը չի հիշատակում այն հանգամանքը, որ ներկայիս իրավիճակի հիմքը Արցախի հարցում ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ագրեսորի, այսինքն՝ Կրեմլի ծրագրերի «լեգիտիմացումն» է, Հայկական պետականության վերացման շուրջ Մոսկվայի հետ կոնսենսուսը 2023-ի սեպտեմբերին Ստամբուլի գաղտնաժողովում եւ ՄԱԿ ԱԽ-ում։ Դրա հետեւանքները դեռ զգացնել են տալու, ընդ որում՝ ամենադաժան ձեւով։