«Մենք կանք»-ը կոչ է անում միջազգային կառույցներին դիտորդական խմբեր ուղարկեք Արցախ

  • 21:59 11.04.2024

Արցախցիների «Մենք կանք» նախաձեռնությունը կոչով դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը և մի շարք այլ միջազգային կառույցների։

«Մեր պահանջը ԿԽՄԿ–ից, ՄԱԿ–ից, ԵԱՀԿ–ից, ԵՄ–ից, ԵԽ–ից և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկե՛ք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսե՛ք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից:

«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու միջազգային մյուս կառույցներին մեկ հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների, եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների, գույքի պաշտպանությունը:

««Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ վերահսկողություն և դիտորդական առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի ազգերի պատմությունը։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝ բացառելու համար հայերի վերադարձը հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ հայրենիքից զրկելու այդ գործընթացին»,– շեշտում է «Մենք կանք»–ը:

f