Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch

  • 22:28 11.04.2024

Ադրբեջանական CBC հեռուստաալիքի պատրաստած «Հին Աղդամ. ոչնչացված քոչվորական ժառանգություն» տեսանյութում Արցախի հնագույն մշակույթի վերաբերյալ արվում են մի շարք ինքնահնար հայտարարություններ, որոնք աղավաղում և կեղծում են հնագիտական ժառանգության հետազոտության իրական պատկերը, հայտնում է «Monument Watch»-ը։

«Մասնավորաբար, խոսելով ուշ բրոնզի և երկաթի դարերում Արցախում տնտեսական կենցաղավարման քոչվոր և կիսաքոչվոր տիպի մասին, մեջ են բերվում առանձին հնագետների հրատարակություններից՝ կոնտեքստից կտրված հատվածներ, փորձում այդ տնտեսաձևը կապել տարածաշրջանում թյուրքական ցեղերի՝ «ադրբեջանցիների» հետ։ Իհարկե սա խիստ ոչ գիտական պնդում է։ Նախ՝ խոսել Կովկասում բնակվող ժամանակակից ժողովուրդների և մ.թ.ա. 2-1-ին հազարամյակի նույն գոտիներում էթնիկ խմբերի նույնականացման մասին աբսուրդ է։ Հնարավոր չէ հղել գեթ մեկ գիտական հրատարակություն, որտեղ նման զուգահեռներ տարվեն։ Երկրորդ, դա մի ժամանակաշրջան էր, երբ, կլիմայական կտրուկ տատանումներով պայմանավորված, ողջ Առաջավոր Ասիայում, Միջերկրածովի շրջակայքում, Հյուսիսային Միջագետքում և այլուր, մշտական բնակությունը դարձել էր անբարենպաստ, և նստակյաց բնակչությանը զուգահեռ հայտնվում են քոչվոր կենսակերպ վարող ցեղեր (նկ. 1)։ Այդ ճգնաժամի արդյունքում ձևավորված հանրույթներին կապել միջնադարում այստեղ հայտնված քոչվոր կենսակերպ վարող ցեղերի հետ, տարօրինակ և գիտական մշակումներին անտեղյակ լինելու արդյունք է։

Մյուս խնդիրը Արցախի տափաստաններում հայտնաբերված, մ.թ.ա. 8-6-րդ դարերով թվագրվող քարե մարդակերպ կոթողների ներկայացումն է (նկ. 2)։ Նորություն չէ, որ ադրբեջանցի հետազոտողներն Արցախի տարածքում գտնվող ժառանգության բոլոր շերտերը փորձել են «աղվանականացնել»։ Մարդակերպ կոթողների «աղվանականացման» առաջին փորձն արել է ադրբեջանցի հնագետ Մ. Խալիլովը՝ կոթողները թվագրելով մ.թ. 4-7-րդ դարերով և դրանց առկայությունը համարելով Աղվանքում կռապաշտության դրսևորումներ (Халилов 2004, 104): Հավանաբար այս և այլ հետազոտողների համար, ովքեր այս կոթողները համարում են աղվանական, հիմք է ծառայել Մովսես Դասխուրանցու (Կաղանկատվացու)  «Աղվանից պատմության» այն հատվածները, որտեղ նկարագրվում են խազարական արշավանքներն ու խազարների ռազմիկների արտաքինը՝ ըստ որի այդ ցեղերը լայնադեմ էին, անարտևանունք, կանացի կերպարանքով (Մովսես Կաղանկատվացի 1969, 103-104)։

Սակայն ինչպես ցույց են տվել մեր հետազոտությունները (Yeranyan 2021, 248-254; Պետրոսյան, Երանյան 2022, 10-15),  այս կոթողները որևէ կապ չունեն աղվանների և ընդհանրապես կովկասյան բնիկ հանրույթների հետ։ Մեր բոլոր հետազոտություններում մենք զերծ ենք մնացել նաև դրանք հայկական մշակույթի հետ կապելու որևէ փորձից։

Եվ ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր խորհրդային տարիներին հայտնաբերված կոթողների զգալի մասը տեղաշարժել են իրենց նախնական վայրից,  այդ պատճառով որոշների գտնվելու վայրն այժմ անհայտ է, հայ հնագետները դրանցից որևէ մեկը չեն տեղաշարժել։ Դրանում կարող են համոզվել նաև ադրբեջանցիները՝ այցելելով օկուպացված տարածքների հուշարձանները։

Խորհուրդ ենք տալիս ադրբեջանցի հետազոտողներին, իրենց կիսագրագիտությունը այդքան չտարփողել և ավելի շատ հետևել այն հնագիտական հետազոտություններին, որոնք փաստագրում են երևույթները և ոչ թե տարածքում քաղաքականացված հայտարարություններ»,- հայտնում է ակադեմիական հարթակը։

f