Հակոբյան Ալյոշան մի կերպ վեր է կենում անկողնուց և հենակների օգնությամբ քայլում դեպի հյուրասենյակ։ Այսօր իրենց նոր տանը լավ առիթ է՝ տնօրհնեք։ Տեր Հայրը մինչ այդ աղոթք է կարդում նրա բժշկության համար։ Կինը արցունքն աչքերին պատմում է, որ Ալյոշային գերի էին վերցրել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ։ «Երկու ամիս գերության մեջ պահելուց հետո մեզ ասել են, որ գումարի դիմաց ազատ կարձակենք։ Նրանց կողմից նշված գումարը հավաքելուց հետո Ալյոշային Եվլախի բանտից բերել են Շուշի (այդ ժամանակ ադրբեջանցիների վերահսկողության տակ էր)։
Այնտեղ նրան դաժան ծեծի են ենթարկել, ջարդել ոտքերն ու կողոսկրերը, այնուհետև գումարի դիմաց փոխանցել մեզ»-պատմում է Զոյա Հարությունյանը։
Հիվանդանոցում որոշ ժամանակ բուժվելուց հետո մասնակի ապաքինվել է, բայց…շարունակում էր կաղել։ Դա չխանգարեց, որ էլի մեկնի ռազմաճակատ և շարունակի օգնել հայրենիքին։ Պատմում է, որ ձիով երկար ճանապարհ էր անցնում ու հաց հասցնում զինվորներին։
Տարիների ընթացքում ոտքերը պարալիզացվել են։ Այժմ հենակների օգնությամբ է քայլում, օրվա մեծ մասը պառկած է անցկացնում։
Դժբախտ պատահարներ նրանց ընտանիքում շատ են եղել։ Հակոբյանների թոռնիկը դեռ չծնված, պատերազմի ժամանակ զոհվել է նրանց փեսան՝ չհասցնելով տեսնել ապագա երեխային։ 21 տարեկանում դժբախտ պատահարի արդյունքում մահացել է նաև նրանց կրտսեր թոռնիկը։
Այժմ սեպտեմբերի 19-ի հարձակումից և բռնի տեղահանումից հետո, Հակոբյանները ընտանիքով բնակվում են Լոռու մարզի Միխայլովկա գյուղում, որտեղ LORIK humanitarian fund-ի դրամահավաքի շնորհիվ անվարձահատույց բնակարան և կենցաղային տեխնիկա է են նվեր ստացել։ Զոյա Հարությունյանը ևս ունի մի շարք առողջական խնդիրներ։ Բռնի տեղահանվելուց հետո 3 անգամ աչքերն են վիրահատել։ Ասում է, որ սոցիալական աջակցություններով մի կերպ հասցնում են դեղամիջոցներ ձեռք բերել։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: