Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ ու լարված են լինելու Երուսաղեմի հայ համայնքի համար։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը, ով հայկական թաղամասի համար պայքարողների թվում է։
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» տարածքը պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Հետագայում հայ համայնքի ճնշման ներքո պատրիարքարանը չեղարկել է այս պայմանագիրը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանը նամակ է ուղարկել վարձակալության պայմանագիրը չեղարկելու մասին։
Հայկական թաղմասի վրա մի քանի հարձակումներ են եղել։ Բեդիգ Գիրագոսյանն ասաց, որ դատական գործընթաց կա, երկու դատավարություն է ընթանում զուգահեռ, հայցերը ներկայացվել են հայ համայնքի եւ պատրիարքարանի կողմից։ «Բայց իրենք դատն սկսելուց առաջ ուզում են իրավիճակը գետնի վրա փոխել, որպեսզի տիրանան տարածքին։ Մեր պատրիարքարանը եւ ժողովուրդը նամակ ուղարկեցին, որ չեղյալ հայտարարվի այս գործարքը։ Իրենք կարծես թե չեն ընդունել այդ առաջարկը, դեռ պատասխան չեն տվել, բայց հարձակումների ու ոստիկանության միջոցով ուզում են իրավիճակ փոխել, միշտ լարված վիճակ է։ Միշտ մի բան սպասում ենք իրենցից։ Իրենք ուզում են գալ ու տիրանալ հողին, չեն ուզում սպասել այդ դատական գործերի ավարտին։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուղղակի ոստիկանական ուժեր բերեցին թաղամաս, բոլոր տարբերակներով փորձում են մեզ նեղել, որ հեռանանք այս հողից»,- ասաց նա։
Բեդիգ Գիրագոսյանը նշեց, որ այս գործընթացի նպատակը հայկական հետքը Երուսաղմեից ջնջելն ու Երուսաղեմի ստատուս քվոն փոխելն է։ «Եթե մեր թաղը կարողանան վերցնել, որը հին քաղաքի պարիսպներից ներս այս հողատարածքի մոտ 25 տոկոսն է կազմում, իրենք միջազայնորեն կկարողանան ասել, որ հին Երուսաղեմի մեջ ավելի մեծ տարածք ունեն։ Սրա հետեւմ ուրիշ հարցեր կան, մեր ինքնության հարցը կա, եթե մենք այս հողի համար չպայքարեն, իրենք մեր վանքից մի քանի մետր հեռավարության վրա կլինեն, ուրեմն, միշտ խնդիրներ կլինեն։ Ես կարծում եմ, որ հարցն այսքանով չի փակվի, եթե տիրանան մեր հողին, եթե վերջնարդյունքում իենք հաջողեն, մենք լուրջ հարցի առաջ կկանգնենք՝ ուղակի մեր լինել-չլինելու հարցն է։ Իրենք մեզ շատ նեղելու են, ուղիղ մեր կողքին կլինեն այլեւս»,- ասաց նա։
Բեդիգ Գիրագոսյանն ասաց, որ հայկական համայնքը 100 տոկոսանոց կոնսենսուս ունի, որ պետք է չեղարկվի այս որոշումը, եւ թույլ չեն տալու, որ տիրանան հայկական տարածքներին․ «Հույս ունենք, որ պատրիարքարանը մեր գծի վրա է, ժամանակը ցույց կտա։ Հատկապես առաջիկա մի քանի ամիսը շատ լարված է լինելու, մինչեւ տեսնենք, թե այս դատական հարցն ինչպես պետք է շարժվի առաջ։ Նախքան դատական գործընթացի ավարտը իրենք փորձելու են մի բան փոխել գետնի վրա, ինչը մենք թույլ չենք տա»։
Իսրաելը օգնել է Բաքվին օկուպացնել Արցախը եւ արտաքսել բնիկ հայերին, Արցախը դարձնելով հայկական պետականության ոչնչացման եւ Իրանի դեմ պայքարի բաստիոն։ Երկրորդ բաստիոնը՝ Երուսաղեմն է։