Ո՞վ է տարածել դպրոցներում ահաբեկչության մասին լուրերը․ հիբրիդային հերթական ծիծեռնակը

  • 13:15 12.04.2024

Դպրոցներում ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպվում է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով Հայաստանի դպրոցներում հավանական ահաբեկչության մասին տելեգրամյան ալիքներով տարածվող լուրերին։

Նախարարը նշեց՝ կեղծ տեղեկատվությունն իրավապահներն ուսումնասիրում են՝ ընդգծելով՝ ծնողներն ու դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն։

Որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից։

Ներքին գործերի նախարարությունն ու ԱԱԾ-ն դեռ լուռ են, իսկ նման տեղեկություն տարածող տելեգրամյան ալիքն արդեն փակ է։ Թե ովքեր են նման ահազանգ տարածել, դեռ պարզ չէ։

Դպրոցների անվտանգության ընդհանուր նկարագիրը մենք հիմա մշակում ենք, որովհետեւ, ընդհանուր առմամբ, դպրոցներում անվտանգության ապահովման եղանակն ու գործիքակազմը պետք է ընդլայնվի, ասել է Ժաննա Անդերասյանը: «Դպրոցներում անվտանգությունն ապահովում է հաստիքացուցակի համաձայն՝ պահակներ կան, վերանզինված են տեսախցիկներով, բայց դպրոցների կառավարման համակարգում փոփոխությունների ենք գնացել ու դիտարկում ենք անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնաարվորությունը։ Դա պետք է լավ մշակենք»։

«Հիբրիդային պատերազմը մեզնից հեռու իրականություն չէ, մեր իրականությունն է»,-նշեց Անդրեասյանը՝ կարևորելով մեդիագրագիտությունը:

Նշենք՝ ավելի վաղ  «Տելեգրամ» ալիքներով տեղեկատվություն էր տարածվել, թե Երևանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում զգուշացրել է, որ «Տելեգրամ»-ով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ ու հորդորել է զերծ մնալ խուճապ տարածելուց:

«Երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչև հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել է։ Եթե կարճ` ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ»,- գրել է նա` շեշտելով` միակ վտանգը, որ տեսնում է, այն է, որ աղմուկն ինչ-որ մեկի համար դրդապատճառ չդառնա:

Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ, այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։

Ո՞ր երկրների։ Շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել»։

Հիշեցնենք, որ մինչ օրս պարզ չեն Սուրմալույի առեւտրային կենտրոնի, Ազատ գյուղի զորանոցի դեպքերի հանգամանքներն ու հեղինակները։

f