Մոսկվայի Կրոկուս համերգասրահում արյունալի ահաբեկությունից հետո քաղաքական առումով զավեշտալի իրավիճակ է ստեղծվել․ չնայած Իսլամական պետության Խորասան խմբավորումը ստանձնել է ահաբեկության պատասխանատվությունը եւ գրեթե ամենօրյա ռեժիմով վերահաստատում է դա, Պուտինը եւ Կրեմլի պրոպագանդան հերքում են եւ հայտարարում, թե ահաբեկությունն իրականացրել է Կիեւը ԱՄՆ-ի հովանավորությամբ։ Այսինքն, Կրեմլը Սպիտակ տանը մեղադրում է ահաբեկության հովանավորության մեջ, ավելին, մեղադրանքները հնչում են անձամբ նախագահ Բայդենի հասցեին։
Կրեմլն իր տարերքի մեջ է՝ անկախ ամենօրյա ռեժիմով բացահայտվող հանգամանքներից։ Սկսած նրանից, որ ամերիկյան եւ արեւմտյան այլ երկրների հատուկ ծառայությունները զգուշացրել էին սպասվող ահաբեկության մասին, ահաբեկության նախօրեին, ընթացքում եւ հետո ռուսական պատկան կառույցների տարօրինակ պահվածքից, վերջացրած նրանով, որ ըստ ռուսական հատուկ ծառայություններից սերված ալիքների՝ Տաջիկստանում ՖՍԲ-ն ունի ահաբեկիչների պատրաստման ճամբարներ, որոնք օգտագործում է «օտար դրոշների» ներքո գործողությունների համար։
Բոլորը մեղավոր են, բացի ռուսներից՝ ահա Կրեմլի գոպնիկ ռեժիմի գաղափարաբանությունը։ Մյուս կողմից, Պուտինի եւ ռուսական պաշտոնական քարոզչության մեղադրանքներում, ելնելով հենց ռեժիմի գոպնիկ բնույթից, պարունակվում է ռացիոնալության խիստ որոշակի հատիկ։ Բանն այն է, որ Ուկաինային ռազմական ու ֆինանսական օգնության հարցում ամերիկյան վարչակարգի ներկայիս պահվածքը ոչ այլ ինչ է, քան աջակցություն Մոսկվային՝ Ռուսաստանի պարտությունը եւ առավել եւս փլուզումը թույլ չտալու համար։
Ըստ այդմ, Վաշինգտոնն աջակցում է Ռուսաստանի՝ դասական առումով ահաբեկչական գործողություններին։ Նմանապես, ԱՄՆ-ն 2023-ի սեպտեմբերին Ստամբուլի հավաքին եւ ՄԱԿ ԱԽ հատուկ նիստում «լեգիտիմացրել» է Ռուսաստանի ահաբեկչական արշավը Հայաստանի դեմ Արցախում եւ ՀՀ այլ շրջաններում։ Ռուսաստանը Հայաստանի դեմ գործում է «օտար դրոշի» ներքո, տվյալ պարագային՝ Բաքվի ձեռքով։ Ուկրաինայի դեմ ՌԴ ահաբեկչական արշավը հնարավոր դարձավ Արցախում Մոսկվայի ահաբեկչական արշավի հաջողության շնորհիվ։ Արցախում Մոսկվան փորձարկեց այն ամենը, ինչ ներկայում անում է Ուկրաինայում․ ոչ մի տարբերություն։
ԱՄՆ-ն ինչպես 1920-ականներին, երկրորդ աշխարհամարտի տարիներին, 1990-ականներին, այս անգամ էլ փրկում է Ռուսաստանին, կամ փորձում է երկարաձգել անխուսափելի գործընթացները։ Միայն թե աշխարհում արդեն բացահայտ հանդիմանանքով ու հեգնանքով են վերաբերում «ազատ աշխարհի առաջնորդի» ներքին ու արտաքին ընթացքին։ Արցախի օկուպացիայի ու բնիկ մեծամասնության արտաքսման հարցում ԱՄՆ-ՌԴ-ԵՄ կոնսենսուսը դեռ շատ ջրեր է «տանելու»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: