ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ Իրանը Իսրայելին սպառնում է «լուրջ հարձակումով», ինչը կարող է տեղի ունենալ ամեն օր։ ԱՄՆ-ում կարծում են, որ Թեհրանը կարող է պատասխանել ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի վրա կատարված հարձակմանը, որը հանգեցրեց իրանցի բարձրաստիճան զինվորականների մահվան։
«Նրանք սպառնում են լուրջ հարված հասցնել Իսրայելին։ Ինչպես ես ասացի վարչապետ Նեթանյահուին, Իրանի և նրա պրոքսիների այս սպառնալիքներից Իսրայելի անվտանգությունն ապահովելու մեր հանձնառությունը երկաթյա է: Մենք մտադիր ենք հնարավոր ամեն ինչ անել Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Իրանն ու Սիրիան հարձակման համար մեղադրել են Իսրայելին: Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չորեքշաբթի օրը մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտին նվիրված ելույթում ասել է, որ Իսրայելը «պետք է պատժվի և կպատժվի» Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար:
«Ցանկացած երկրում հյուպատոսություններն ու դեսպանատները այն երկրի տարածքն են, որին պատկանում են: Երբ հարձակվեցին մեր հյուպատոսության վրա, նշանակում է, որ հարձակվել են մեր տարածքի վրա։ Սա համընդհանուր օրենք է»,- ասել է Խամենեին, հայտնում է BBC-ն:
Իսրայելի դեմ Իրանի հնարավոր գործողությունները համաշխարհային մամուլի կենտրոնական թեման է։ Փորձագետները նշում են, որ Իսրայելը նման հանդուգն քայլի է գնացել Իրանի պատասխան գործողությունները հրահրելու համար։ Իսրայելում կարծում են, որ Իրանը արդեն մշակել է միջուկային զենք, եւ նրա միջուկային պոտենցիալը ոչնչացնելու համար պատրվակ է պետք։ Բայդենի հայտարարությունը Իսրայելին «երկաթյա աջակցության» մասին հենց դա է նշանակում։
Իրանը բարդ վիճակում է․ մի կողմից, չհարվածելու դեպքում Իրանը կորցնում է դեմքը, մյուս կողմից, պատասխան գործողությունները կարող են դառնալ հենց այդ պատրվակը։ Իրանը, ըստ փորձագետների, առայժմ չունի այն ռազմական պոտենցիալը, որը թույլ կտա դիմակայել ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներին եւ պաշտպանել իր միջուկային եւ այլ օբյեկտները։ Իսրայելը շտապում է հենց այս պատճառով, այդ թվում գործադրելով քարոզչության ողջ հնարավորությունները համաշխարհային, այդ թվում ռուսական միջոցներով։
ԱՄՆ-ն Ռուսաստան չէ եւ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները, չնայած Նաթանյահուի վարչակարգի՝ Բայդենին թիկունքից հարվածներին։ Մասնավորապես, Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի մեկնարկին ԱՄՆ-ն ռազմական ուժեր մտցրեց տարածաշրջան եւ թույլ չտվեց երրորդ երկրների հնարավոր միջամտությունը։ Իրանի պատասխան հարվածների հարցում, Իսրայելից հետո շահագրգիռ մյուս կողմը Ռուսաստանն է, ինչը Մոսկվան չի էլ թաքցնում։ Արեւմուտքի դեմ «երկրորդ ճակատը» ռուսների առջեւ լայն հնարավորություններ է բացում։
Իրանը ներկայիս մեղմ ասած բարդ, իսկ ավելի ստույգ՝ գոյութենական սպառնալիքի տակ է հայտնվել Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավի հետեւանքով։ Դա արշավ էր նաեւ Իրանի դեմ։ Այսպես կոչված «ադրբեջանի» տարածքային ամբողջականության, «աշխարհքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության» մասին իրանական մանթրաները ընդամենը թույլ արդարացումներ են այն իրողության հանդիման, որում հայտնվել է Թեհրանը։ Արցախի օկուպացիան եւ բնիկ մեծամասնության արտաքսումը բացել է Իրանի դեմ հարձակումների ճանապարհը։