900 արցախցի է ապրում Կապանում, որտեղից արտագաղթ չկա

  • 18:55 13.04.2024

«2022 թվականի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Կապան համայնքի վարչական տարածքներից օկուպացվել է 2700 հա հողատարածք»,- այսօր լրագրողներին ասաց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Նա նշեց, որ Ներքին Հանդ բնակավայրը ներկա դրությամբ երեք կողմից գտնվում է շրջապատված։

«2022 թվականի սեպտեմբերայն ագրեսիվ մարտական գործողությունների հետեւանքով գյուղի բնակիչները զրկվել են կենսական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ռեսուրսներից, նույնիսկ գերեզմանոցը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո»,- հավելեց Փարսյանը։

Անդրադառնալով Կապան-Երեւան չվերթներին, որոնց վերաբերյալ Բաքվից սպառնալիքներ էին հնչում, Կապանի համայնքապետն ասաց․ «Չվերթների սակավությունը հիմնականում եղանակային պայմանների հետ է կապված, քանի որ համապատախան սարքավորումները դեռ ձեռք չեն բերվել, որպեսզի վատ եղանակային պայմաններին չվերթ իրականացվի։ Մինչեւ սեպտեմբեր ամիսը կային անկանոն կրակոցներ, որոնք անվտանգային խնդիրներ էին առաջացնում, բայց արդեն ամիսներ է, որ երեւիցե խնդիր այդ առումով չենք արձանագրում»։

Գեւորգ Փարսյանը նաեւ ասաց, որ Կապանից արտագաղթ չկա։ Սահմաանմերձ դարձած բնակավայրերում շարունակում է ապրել այնքան բնակիչ, որքան նախքան պատերազմն էր։ Նաեւ բռնի տեղահանված 900 արցախցի է ապրում Կապանում։

f