Ինչպես “Camellia”-ն Արցախից հասավ Քաթար եւ դժվարությամբ տուն վերադարձավ

  • 08:18 15.04.2024

Շրջափակման ժամանակ արցախցիներին ամիսներով փրկել է նաեւ տեղական արտադրության “Camellia” մակարոնեղենը, որը, չնայած բոլոր դժվարություններին, վաճառվեց մինչև շրջափակման վերջին օրը և նույնիսկ հասավ Քաթարի “Agriteq 2023” միջազգային էքսպո։

“Շրջափակման ժամանակ Քաթարի հայ համայնքից հրավեր ստացանք մեր արտադրանքը “Agriteq” էքսպոյին ներկայացնելու համար։ Մեծագույն դժվարությունը՝ Արցախից դուրս գալը և մակարոնեղենը Քաթար հասցնելն էր։ Շաբաթներով ռուս խաղաղապահների հետ բանակցությունների մեջ էինք՝ դուրս գալու հնարավորություն գտնելու համար։ Պահը եկավ մարտի 17-ին, երբ խաղաղապահների մեքենայով կարողացա հասնել Գորիս, այնտեղից Երևան, և մարտի 18-ին ես արդեն Դոհայում էի։

Էքսպոն տևեց մինչև ապրիլի 3-ը, և մեր մակարոնեղենը այնքան մեծ ուշադրություն գրավեց այնտեղ, որ ստացանք այն Քաթար արտահանելու առաջարկ։ Ստիպված եղանք մերժել, ելնելով տիրող իրավիճակից։

Ամենամեծ դժվարությունը սպասում էր ինձ Հայաստանում, տուն վերադառնալու ճանապարհին։ 2 անգամ արցախցիների խմբով հասել էինք Շուշիի մատույցներում փակված ճանապարհի հատվածին, եւ ադրբեջանցիները թույլ չտվեցին անցնել Ստեփանակերտ։ Երրորդ անգամ մենք 6 ժամ մնացինք փակված հատվածի մոտ, այն հույսով, որ անցնելու հնարավորություն կունենանք, բայց ապարդյուն։

Մեր հետ եկող տղաները ըմբոստացան, հրաժարվեցին հետ գնալ և որոշեցին կանգնել ճանապարհին, մինչև “էկոակտիվիստները” չբացեն այն։ Ադրբեջանցիները զայրանալով սկսեցին բարձր երգել, պարել, և այդ ամենից 3 կին մեր մեքենայում վատացան։ Ստիպված էի անընդհատ հետևել նրանց վիճակին։

Մի պահ մեր մեքենան հետ են ուղարկել Գորիս, և մենք այդ 2 կանանց հետ մնացել ենք միայնակ ճանապարհին։ Ադրբեջանցիները առաջարկում էին այդ կանանց տեղափոխել Շուշի։ Իմ կողմից մերժում ստանալուց հետո, նրանց տարան Ստեփանակերտ, իսկ ես մնացի ճանապարհին միայնակ։

Խաղաղապահները նկատեցին ինձ, տարան իրենց մոտ և բազմաթիվ անգամ առաջարկեցին հետ տանել Գորիս, բայց մերժում էի, և մենակ Ստեփանակերտ գնալուն էի համաձայն։ Մեկ ժամ իրենց մոտ մնալուց հետո որոշեցին ինձ հագցնել իրենց զինվորական համազգեստը և զինվորի տեղ հասցնել Ստեփանակերտ։

Հենց մեքենայով հասանք “էկոակտիվիստների” մոտ, որոշները նրանցից ինձ ճանաչեցին, անձնագիրս էին պահանջում, բայց համառ գտնվեցինք, և ես հասա Ստեփանակերտ։ Չեմ պատկերացնում, ինչ պետք է անեի, եթե մնայի Գորիսում, և պատերազմի ժամանակ ընտանիքիս մոտ չլինեի”,- պատմում է “Կամելիայի” մենեջեր Անգելինա Գրիգորյանը։

Հայկ Հարությունյան

f