ՀՀ Ազգային ժողովի ՔՊ-ական մեծամասնությունը կհաստատի կառավարության ծրագրի 2023 թ․ կատարողականը, չնայած որ քննարկման ժամանակ եւ վարչապետը, եւ ԱԺ նախագահը հաստատել են, որ ծրագիրը չի կատարվել։ Նրանք «բացատրում են» դա «փոփոխական ժամանակներով», իբր՝ հանգամանքները փոխվել են։ Սակայն դա չի նշանակում, որ մի ծրագրի կատարողական, որը չի կատարվել, պետք է հաստատվի։
Եթե կատարողականը չի հաստատվում, դա նշանակում է անվստահություն կառավարությանը, հրաժարական եւ նոր խորհրդարանական ընտրություններ։ Սակայն, ինչպես երեւում է, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը ներկայիս խորհրդարանի «առաքելությունը» դեռ ավարտված չեն համարում։
Հիշեցնենք, ներկայիս խորհրդարանը 2021 թ․ «ժողովրդավարական» ընտրությունների արդյունքում այպես է կազմվել ՌԴ դեսպանատան կաբինետներում, որ Փաշինյանի կուսակցությունը «ամենակարող» մեծամասնություն ունենա, իսկ մնացածները չթողնեն, որ նա թռնի։ Նպատակը պարզ էր եւ այն ժամանակ, սակայն 2021-2024 թ․ իրադարձությունները կարող են լավ “հաշվետվություն” ծառայել։
Հիմա եւ Փաշինյանը, եւ ընդդիմությունը չեն խոսում արտահերթ ընտրությունների մասին։
Թեկուզ Փաշինյանի կուսակցությունը խոստովանում է, որ «պողպատը» արդեն այն չէ, խոսում են նույնիսկ որոշ ներքին հակասությունների մասին, բայց բոլորը Փաշինյանի ուսապարկում են, իսկ նա դեռ առաքելություն ունի, եւ բոլորը պետք է այդ առաքելության պատասխանատվությունը կրեն։
«Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու եւ այդ առումով դա ամենակարեւոր բանն է ինձ համար: Այս մասին «Տիկտոկ»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Փաշինյանը իր կուսակցական հանդիպումներից մեկում:
«Հակառակ դեպքում այսօր այստեղ գալը, գնալը, շարունակելը, խոսելը, վիճելը, այնուամենայնիվ արձանագրենք, որ բոլորս նույն ձեւի մարդ ենք, ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել, ձեր միջավայրում ծնվել, ձեւավորվել եւ մեծացել եմ, բայց հասկանալի է չէ, որ այս ամեն ինչը, ինչ որ տեղի է ունենում եւ հոգեբանորեն, եւ մարդկայնորեն, եւ բարոյական առումով եւ քաղաքական առումով, շատ ծանր է: Ընդ որում, ես ինքս ինձ համար էլ եմ այդ հաշվարկը անում, ես ասել եմ, որ պետք է նայել այն տարբերակը, որ կարող է երկրի շահից բխում է, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք այս ճանապարհը: Դա էլ է պետք դիտարկել, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ո՛չ, այ դա կլինի իսկական դավաճանություն»,-ասել է նա:
«Ընդդիմությունն ի՞նչ է խոսք տվել և այդ խոստումներից ո՞րն է կատարել։ Դուք դուրս եկաք փողոց և ասացիք, թե ձեր օրակարգով կվերադառնաք խորհրդարան, բայց, այնուամենայնիվ, այդ օրակարգը մենք չենք տեսնում։ Ո՞րն է ձեր օրակարգը և ինչո՞ւ եք եկել»,- ընդդիմությանն ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ եթե իրավիճակը այդքան օրհասական է, ինչպես ներկայացնում է ընդդիմությունը, այդ դեպքում ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չեն հրաժարվում իրենց մանդատներից։
Ընդդիմությունը ի պատասխան ասել է, որ մանդատ դնելը՝ մեկ րոպեի հարց է, բայց դա ի՞նչ կտա։ Ինչպես գրում են թերթերը, նախ, դա պարտադիր չէ, որ կբերի արտահերթ ընտրությունների։ Երկրորդ, ընտրությունների արդյունքում կարող է փոխվել ընդդիմությունը, այլ ոչ թե իշխանությունը։
Այնպես որ, հույս չկա։ Նիկոլը իրավացի է՝ նա հայ հասարակությունից է դուրս եկել, եւ նա է հասարակության ընտրյալը։ Այդ մասին ասել են նրա հետ “պատմական” հանդիպման ժամանակ Բլինքենն ու ֆոն դեռ Լեյենը։ Դա՞ չէ ձեր ընտրությունը, վայելեք։