Ես վստահ եմ, որ մենք ուժեղ բանակ ունենք, հարցն այն է, թե որն է ծրագիրը՝ մարտնչե՞լ, թե՞ անընդհատ զիջել

  • 11:27 15.04.2024

«Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի նախագահ, բժիշկ Լեւոն Խաչատրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Սփյուռքն ի՞նչ աշխատանք է տանում՝ Արցախի քաղաքական հարցերի բարձրացման ու արցախցիների իրավունքների վերականգնման, Արցախ հավաքական վերադարձ ապահովելու ուղղությամբ։

«Սփյուռքը մայր հայրենիքի ուղիղ արձագանքն է, Արցախի հետ կապված ինչպիսի կոչ կգա մայր հայրենիքից, այդպիսի կոչ կլինի Սփյուռքից։ Սփյուռքի մաքուր ու ջինջ ուժերը, որոնք մեծամասնությունն են կազմում, ամեն ինչի պատրաստ են։ Պարզապես Սփյուռքը միշտ եղել է կոչի ու կանչի սպասող, իսկ կանչ դեռեւս չկա մայր հայրենիքից։ Չնայած, ես վերջին տարիներին եկա այն համոզման, որ սպասելն էլ ինքնին սխալ է, եւ եթե կանչ չի գալիս, Սփյուռքը պետք է ունենա իր ուղիղ եւ անմիջական ազդեցությունը հայրենիքի վրա, որովհետեւ դիտարկել Հայաստանն ու Սփյուռքը իրարից զատ, դա ամենամեծ ռազմավարական սխալը կլինի, որն ունեցել ենք մինչեւ հիմա»,- ասաց նա։

Լեւոն Խաչատրյանը նշեց, որ դեպի Արցախ հավաքական վերադարձի մասին, ավաղ, դեռ կարելի է երազել․ «Բայց ես այստեղ կուզեմ հիշեցնել Մոնթեի խոսքերը, որ եթե մենք կորցնենք Արցախը, կփակվի հայոց պատմության վերջին էջը։ Այո՛, եթե մենք չպայքարենք, չվերադարձնենք Արցախը եւ այդ ուղղությամբ նախօրոք քայլեր տեղի չունենան Հայաստանում, ապա ես չեմ կարծում, որ Հայաստանը գոյատեւելու լուրջ շանսեր կունենա»։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների ՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը՝ Լեւոն Խաչատրյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ ընդհանուր ծրագրի բաղադրիչներից մեկն է այս ամենը։ Այն զիջումները, որոնք մեզ հարկադրեցին արհեստածին պատերազմից հետո, ընդհանուր պլանի շարունակությունն են։ Զիջեցինք Շուշին՝ հանկարծ այն դարձնելով «դժգույն ու դժբախտ» քաղաք, զիջեցինք Հայաստան-Արցախ պորտալարը, որը բերեց Արցախի լրիվ կործանմանն ու դատարկմանը։ Կամաց-կամաց զիջում էինք տարբեր տարածքներ՝ Սեւ լճի, Ջերմուկի տարածքում եւ այլուր։ Եվ հիմա, իբրեւ թե սահմանազատման ու սահմանագծման համատեքստում, Տավուշում այս զիջումները՝ հատկապես ռազմավարական այնպիսի տարածքում, ինչպիսին Ոսկեպարն է, բերելու են մի կատաստրոֆիկ զիջման։ Այն է՝ եթե ուզում եք գոյություն ունենալ, ուրեմն ստրուկի կարգավիճակում գոյություն եք ունենալու թուրքական տիրապետության տակ»։

Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, որ «թույլ ենք, ռեսուրս չունենք, եթե չզիջենք, պատերազմ կլինի», Լեւոն Խաչատրյանն ասաց․ «Ես իմ զինվորական ընկերների հետ շփվելիս, նաեւ պատերազմի ժամանակ, զարմացել եմ, թե ինչպիսի հրամաններ են իրենք ստացել՝ չկրակելու, հետ քաշվելու, թշնամուն ոչնչացնելու ծրագրեր չմշակելու մասին։ Դրա վառ ապացույցներից մեկն է նաեւ Ջերմուկի դեպքերի ժամանակ մեր Գլխավոր շտաբի պետի մանկական մտքերի արտահայտումը, թե՝ հեսա ադրբեջանցիները կսովածանան, կգնան։ Եվ կարծես թե ո՛չ սովածացան, ո՛չ էլ գնացին։ Ճիշտն ասած, ես սկզբում չգիտեի, որ այդ զինվորականը ԳՇ պետն է, ինձ համար զարմանալի էր, թե ոնց կարող է հայոց բանակում նման աղքատիկ եւ խղճուկ մտքով սպա լինել։ Երբ ես իմացա, որ ինքը Գլխավոր շտաբի պետն է, ապշեցի։

Եվ այս պատահականությունները հենց այնպես չեն լինում, որ ԳՇ պետը լինի այդ տիպաժի անձնավորություն։ Եվ եթե դու բանակում ունես այդպիսի ղեկավար, չես կարող ուժեղ բանակ ունենալ։ Ոչ ոք չգիտի՝ մեր բանակն ուժեղ է, թե թույլ։ Ես կարծում եմ, որ 44 օր դիմադրել այս տեսակի նենգ ու խարդախ պայմաններում, երբ թե՛ դրսի թշնամին էր քայքայում բանակը, թե՛ ներսի թշնամին, դա արդեն խոսում էր այն մասին, որ մենք ունենք ուժեղ բանակ։ Եվ ես հիմա էլ եմ վստահ, որ մենք ուժեղ բանակ ունենք, հարցն այն է, թե որն է ծրագիրը՝ պայքարե՞լ, մարտնչե՞լ, ամեն ինչ՝ ամեն ինչի դիմա՞ց, թե՞ անընդհատ զիջել ու փախչել։ Եվ այդ ամենը գալիս է ղեկավարից, ինչպիսի ղեկավար, այդպիսի բանակ ու այդպիսի երկիր»։

Մեր զրուցակցի խոսքով՝ հայ ժողովուրդը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, խիստ անհանգստացած է։ «Բայց խնդիրն այն է, որ մենք հիմա առնչվում ենք մինչ օրս մեզ համար անհայտ մի ֆենոմենի հետ, որն է հասարակության զանգվածային ընկճախտը։ Դա կա թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Սփյուռքում։ Եվ ես ենթադրում եմ, որ արտաքին թշնամական ուժերն այնպիսի նուրբ եւ քողարկված աշխատանք են տարել հենց մեր հասարակության մեջ, այնպիսի թունավոր կղզյակներ են ստեղծել, որոնք չեն թողնում, որ ժողովուրդն արթնանա այս խայտառակ թմբիրից։ Բայց վաղ թե ուշ ժողովուրդը կարթնանա, որովհետեւ կհասնենք այն վերջին թելին, որի կտրվելու դեպքում հայ ժողովրդի կյանքը պետք է հանգի, եւ այդ թելից կարթնանան։ Պատմությունը ցույց է տվել, որ, ցավոք, մենք միշտ ուշ ենք արթնացել, բայց արթնացել ենք»,- նշեց նա։

 

f