Պատգամավորը եւ ԱԳՆ-ն մեկնաբանել են միգրանտներին Հայաստան ուղարկելու Բրիտանիայի մտադրությունը

  • 13:50 15.04.2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ The Times թերթի հրապարակմանը, ըստ որի՝ Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերի համաձայն՝ այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ’Իվուարի եւ Կոստա Ռիկայի հետ։

Հարցին, թե ի՞նչ վտանգ սա կարող է ունենալ Հայաստանի համար, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Ընդհանրապես ապօրինի փախստականների հարցը Մեծ Բրիտանիայի համար կենսական նշանակություն ունեցող խնդիր է։ Ի՞նչ է սա նշանակում, նշանակում է, որ Հայաստանը տարբեր տեսակի ճնշումների տակ է, տարբեր տեսակի պահանջներ են ներկայացվում։ Դա նշանակում է ապօրինի միգրանտները գալու են լցվեն Հայաստանի Հնարապետությունում։ Եթե այդ ապօրինի միգրանտները Մեծ Բրիտանիայի համար տնտեսական, քաղաքական կամ ինչ-որ արժեքով օգտակարություն ներկայացնեին, այնտեղ կպահեին։ Բայց իրենք չեն կարողանում նրանց հետ ուղարկել եւ ուղարկում են այլ երկրներ։ Այդ ապօրինի միգրանտների հոսքը որտեղի՞ց է ավելի շատ տեղի ունեցել՝ Աղվանստան, Հնդկաստան, Պակիստան, արաբական երկրներ, աֆրիկյան երկրներից։ Մեր ցածր ծնելիության պայմաններում, հայկական անձնագրեր ունեցող քաղաքացիների արտագաղթի պայմաններում անհասկանալի իրավական հիմքի վրա Հնդկաստանից, Պակիստանից կամ Բանգլադեշից գործարքի արդյունքում, որը մեծ կոռուպցիոն ռիսկ ունի, եւ թրաֆիքինգի շատ ուժեղ հոտ է գալիս, եւս 50, 60, 100 հազար մարդ գա Հայաստան, հասկանո՞ւմ եք՝ ինչ է լինելու Հայաստանի հետ 20 տարի հետո»։

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ:

Բրիտանական պարբերականի կողմից տարածված այս տեղեկությունը հերքեց նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության  պետի տեղակալ Նելլի Դավթյանը։

«Ներքին գործերի նախարարությունը՝ մասնավորապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նման տեսակի բանակցությունների մեջ ներգրավված չէ և չի էլ եղել»,-ընդգծեց Նելլի Դավթյանը՝ հստակեցնելով, որ իրենց օրակարգում նման հարց չկա։

f