Հերթական ճգնաժամ Վրաստանում․ կրկին խաչմերուկում

  • 12:55 16.04.2024

Այսօր՝ ապրիլի 16-ին, Վրաստանի խորհրդարանը կսկսի ռուսական օրենքի առաջին ընթերցմամբ քննարկումը, որը երեկ հավանության է արժանացել իրավական հարցերի հանձնաժողովի կողմից։

Առաջին բողոքը կսկսվի խորհրդարանի շենքի մոտ ժամը 12-ին, իսկ երկրորդը տեղի կունենա երեկոյան ժամը 19-ին։

Ըստ խորհրդարանի՝ օրենսդիր մարմինը գործելու է անվտանգության «դեղին» մակարդակով՝ այցելուների մուտքը խորհրդարանի շենք սահմանափակ է։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հրավիրված անձանց կթույլատրվի ներկա գտնվել նախատեսված խորհրդարանական միջոցառումներին (այդ թվում՝ հանձնաժողովների նիստերին):

Ինչպես ապրիլի 15-ին, խորհրդարանում տեղի ունեցող գործընթացները կարող են լուսաբանել միայն հեռուստաընկերությունները։ Տպագիր և առցանց ԶԼՄ-ների մուտքը շենք արգելվել է։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին բողոքի լայնածավալ ցույց էր տեղի ունեցել խորհրդարանի դիմաց, իսկ ավելի ուշ երեկոյան իրավիճակը լարվել էր։ Խորհրդարանի շենքի մոտ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ ու հատուկ տեխնիկա։

Հանձնաժողովի քննարկումները ողջ օրվա ընթացքում աղմկոտ էին։ Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ընդգծված հարցեր տալու համար հեռացվել են նիստից, իսկ նրանց խոսափողներն անջատվել են «ռուսական օրենք» ասելու համար։ Խորհրդարանում ծեծկռտուք է եղել։ Դրսում բերման է ենթարկվել 14 ցուցարար։

Ռուսական կցորդ համարվող իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ ընդունում է օրենք “ինոագենտների” մասին, որը կարող է խոչընդոտել Վրաստանի եվրաինտեգրմանը։ Վերջերս Վրաստանը ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Վերլուծաբաններն ասում են, որ ներկա գործընթացները հղի են իշխանության նկատմամբ անվստահությամբ և նոր ընտրություններով։

f