«Ալիեւը Ստեփանակերտում կրակ վառեց եւ հաղորդագրություն տարածեց, որ դա «վերջնական մաքրման գործողությունն է»»․ Կիրակոսյանը Հաագայում

  • 13:59 16.04.2024

«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության քաղաքականություն է սերմանել ազգությամբ հայերի նկատմամբ։ Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել եւ սպանել հայերին, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Սա պետության կողմից թույլատրված համատարած ռասզիմ է»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումների ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ ռասայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանն ագերսիա ու պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ։

«Հայտարարված նպատակն էր վերացնել եւ վտարել էթնիկ հայերին իրենց հայրենիքից։ Ինչպես Ադրբեջանի նախագահ Ալիեւը հետագայում բացատրեց՝ «թշնամու նկատմամբ ատելությունն էր մեզ առաջ շարժում»։ Եվ 44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում ու բռնության էին ենթարկում էթնիկ հայերին՝ հպարտորեն նկարելով ու տարածելով»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով մոտ 30 հազար ենթարկվեց էթնիկ զտումների։ «Իսկ Ալիեւը հաղթանակ հռչակեց՝ հայտարարելով, որ այս տարածքներում այլեւս երբեւէ հայկական երգեր չեն երգվելու։ Այս դաժանություններից հետո, որոնք էթնիկ հայերի նկատմամբ ռասայական խտրականության տասնամյակների գագաթնակետն էին, Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո։ Հայաստանը դիմեց, որպեսզի դատարանը հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, ովքեր այդ ժամանակ դեռեւս չէին սպանվել ու չէին վտարվել իրենց հայրենիքից։ Բոլորս գիտենք, թե այդ ժամանակից ի վեր ինչ է տեղի ունեցել, նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասայական քարոզարշավը, եւ էթնիկ զտում իրականացվեց։

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանն 9 ամիս սովատանջ անելուց հետո, Ադրբեջանը ցուցադրված հարձակում նախաձեռնեց Լեռնայի Ղարաբաղի նկատմամբ՝ սպանելով հարյուրավոր հայերի եւ ստիպելով հարյուր հազարավոր հայերի հեռանալ իրենց պատմական հայրենիքից։ Մինչ օրս 200 անհետ կորած անձինք կան, եւ նրանց ընտանիքները տառապում են՝ չիմանալով նրանց ճակատագիրը։

Ինչպես դատարանի նախկին որոշումների դեպքում, այս անգամ եւս Ադրբեջանը շարունակեց չկատարել դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի երրորդ որոշումը։ Մեջբերում դատարանի որոշումից՝ «Ադրբեջանը ոչինչ չի արել, որպեսզի ապահովի, որ այն անձինք, ովքեր հեռացել են Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո եւ ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների եւ առանց հապաղելու»։

Ադրբեջանն ի կատար ածեց տարածաշրջանի էթնիկ զտումը եւ այժմ համակարգված կերպով ջնջում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը, այդ թվում՝ հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը։ Եվ այս գործի քննությանը զուգահեռ է այս ամենը տեղի ունենում։ Անցյալ ամիս Ալիեւը Ստեփանակերտում կրակ վառեց եւ հաղորդագրություն տարածեց, որ դա, իր խոսքերով, «վերջնական մաքրման գործողությունն է»»,- հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։

Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանի բազմաթիվ ապացույցներին ի պատասխան Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում՝ կողմերի միջեւ հավասարության կեղծ զգացողություն ձեւավորելու համար՝ իր կողմից գործ հարուցելով Հայաստանի նկատմամբ։ Բայց Ադրբեջանի համար դժվարությունն այն է, որ չունի տեսանյութեր ռասական վայրագությունների վերաբերյալ, որոնցով կարող է հիմնավորել իր պնդումները։ Հայաստանը հաջորդ շաբաթ սկսվող լսումների ընթացքում կհիմնավորի, որ Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս են դատարանի իրազորության շրջանակից։

Հաշվի առնելով իր առարկությունների ակնհայտ թուլությունը՝ Ադրբեջանը պարզապես հույս ունի, որ իր առարկությունների մի խումբը կչեղարկի դիմացի կողմի առարկությունները։ Դա ցինիկ ռազմավարություն է, որը կիրառվում է, քանի որ այլ տարբերակներ չկան։ Ադրբեջանի առարկություններից ոչ մեկը, նույնիսկ նախնական քննադատության կամ առարկության չի դիմանում, եւ իր մարտավարությունը պետք է ձախողվի։ Հայաստանի պահանջը չի սահմանափակվում 2020 թվականի 44-օրյա պատերազմով միայն, պատերազմը այսբերգի գագաթն էր միայն, իսկ այդ այսբերգը ռասիստական քաղաքականության տասնամյակների այսբերգն էր»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Միաժամանակ, Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ «Հայաստանն Ադրբեջանի տարածքի նկատմամբ որեւէ պահանջ չունի։ Հայաստանը հանձնառու է իրական եւ տեւական խաղաղության պայմաններ ձեւավորելու օրակարգին, սակայն չի կարող այնպես լինել, ինչպես Ալիեւն է ասել, որ ուժն է ծնում իրավունք կամ, նրա խոսքով ասած, միջազգային իրավունքը չի աշխատում։ Այն պետությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել, չի կարող հայտարարել, որ վայրագություններն ավարտել է եւ արդեն պատրաստ է անցնել առաջ»։