Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ «պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել»:
Իրանը ապրիլի 14-ի լույս գիշերը իրականացրել է «Ազնիվ խոսք» գործողությունը Իսրայելի դեմ, կատարելով իր “ազնիվ” խոստումը՝ պատասխանել Դամասկոսում իր հյուպատոսության վրա հարձակմանն ու գեներալների սպանությանը։ Իրանը կատարել է իր խոստումը, չսպանելով եւ չվիրավորելով անգամ մեկ մարդու, զգուշացնելով արեւմտյան երկրներին եւ ստիպելով Իսրայելին խոստովանել, որ այդ երկրի ՀՕՊ-ն իրականում ֆեյք է, եւ Իրանի հարձակումը հետ են մղել ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բրիտանիայի ուժերը։
Մինչ այդ օպերացիան Գերմանիայի ԱԳՆ-ը զգուշացրել է, որ կարող են փակվել Իրանի մուտքի եւ ելքի ճանապարհները։ Իրանը նաեւ Հայաստանի հետ ճանապարհներ ունի, եւ մեծ վտանգ կար, որ ինչ-որ մեկի «նյարդերը չեն դիմանալու», եւ Հարավային Կովկասը եւս բռնկվելու է։
Սակայն ամեն ինչ ճիշտ ձեւով արվեց․ Բաքուն հասկացավ, որ անզոր է Իրանի դեմ, եւ Իսրայելի խոսքն այդքան էլ «ազնիվ» չէ։ Բոլորը սպասում էին ապրիլի 14-ի առավոտյան, երբ հասկանալի դարձավ, որ խորը արմատները եւ ազնվական մշակույթը դեռ գերազանցում են բիրտ ուժին եւ լկտի պրոպագանդային։
Իրանի դեսպանը պատահական չէ ասել, որ պատերազմները խնդիր չեն լուծում։ Դա անուղղակի հայտարարություն է այն մասին, որ 2020-2023 թ․ Արցախում Հայաստանի դեմ ահաբեկչական գործողությունների արդյունքները չեն կարող ճանաչվել։ Եւ իրականում ոչ մի խնդիր չի լուծվել։
«Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից։ Lարվածության աճը վնասում է տարածաշրջանի ժողովուրդներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարևաններին։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում պահպանել հանգստություն, կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության շուրջ»,- նշել է դեսպանը։
Ապրիլի 14-ից հետո դա առավել ծանրակշիռ է հնչում, քանի որ Իրանն ապացուցել է, որ բարձրագույն լիգայի խաղացող է, ի տարբերություն մնացածների։
«Հայաստանի իշխանությունները մեզ հայտնեցին, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն ուղղված չէ Իրանի հետ հարաբերությունների դեմ։ Մենք դեմ չենք Հայաստանի իշխանությունների՝ տնտեսությունը զարգացնելու և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրները լուծելու ջանքերին։ Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրավունքն է»,- նշել է դեսպանը։
Հարավային Կովկասում անկայունության գործոններից մեկը Իսրայելի ռեժիմն է, ասել է դեսպանը։ «Այս վարչակարգը, բացի տարածաշրջանում միլիտարիզմ զարգացնելու փորձից, փորձում է նաև լարվածություն ստեղծել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև»,- ընդգծել է նա։
«Արտաքին քաղաքականության մեջ խոհեմությունն այն է, որ հարևանների և այլ երկրների հետ հարաբերությունները պետք է երկարաժամկետ դիտարկվեն»,- հավելել է դիվանագետը, զգուշացնելով արկածախնդիր քայլերից։
Դեսպանը հայտնել է նաև Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության ղեկավարի Հայաստան կատարելիք այցի մասին։
«Քննարկվում է հայ պաշտոնյաների Չաբահար նավահանգիստ այցելելու հնարավորությունը։ Հայաստանը շահագրգռված է այս նավահանգստում կենտրոնի բացմամբ, որը կնպաստի Իրանի, Հնդկաստանի և ընդհանրապես հարավի հետ առևտրի զարգացմանը»,- նշել է դիվանագետը։
Ապրիլի 14-ից հետո Իրանն արդեն կարող է դրանով զբաղվել։ Եւ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը՝ ազնիվ լինել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: