Ադրբեջանն էթիկ հայերին ենթարկել է բռնի անհետացման առնվազն երեք տարբերակով։ Այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումների ժամանակ ասաց պրոֆեսոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը։
«Առաջինը, Հայաստանի ապացույցը ցույց է տալիս, որ էթնիկ հայերը՝ թե՛ զինծառայողները, թե՛ քաղաքացական անձինք, ովքեր անհետացել են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի սկզբից, համարվում է, որ մինչեւ օրս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սակայն Ադրբեջանը նրանց ճակատագրի մասին ոչինչ չի ասում։ Երկրորդ, ապացույցները ցույց են տալիս, որ առնվազն 20 հայ զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք սպանվել են Ադրբեջանում ազատազրկման ժամանակ, եւ Ադրբեջանը մինչեւ օրս նրանց մահվան հանգամանքները չի ընդունել։ Եվ վերջում, ապացույցները մեզ ցույց են տալիս, որ Ադրբեջանը կանոնավոր կերպով խախտել է էթնիկ հայերի որոնումը, ինչպես նաեւ հայրենադարձումը։
Ադրբեջանը նաեւ թաքցրել է էթնիկ հայերի ճակատագիրը, ովքեր բռնի անհետացել են Հայաստանի հիշատակումների ներկայացումից հետո։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հետեւանքով 11 էթնիկ հայեր շարունակում են կորած մնալ։ ՄԱԿ-ի կտտանքների հարցով հատուկ զեկուցողը ասում է, որ շատ անձինք ենթարկվել են արտադատական սպանությունների, կտտանքների եւ անհետացման։ Եվրոպայի խորհրդարանն ասել է, որ կան հավաստի տեղեկություններ, տեսանյութեր՝ առ այն, որ հայ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք ենթարկվել են բռնի անհետացման, եւ հարյուրավոր հայերի՝ ներառյալ քաղաքացիական անձանց գտնվելու վայրն ու ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ»,- ասաց նա։
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը նշեց, որ Հայաստանի ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի բռնի անհետացումները հիմնված են էթնիկ ծագման վրա։ Եվ, հետեւաբար, դրանք պետք է համարել սույն կոնվենցիայի խախտում։
«Բռնի անհետացած զոհերի տարիքը հստակեցնում է, որ Ադրբեջանի վերաբերմունքը կապված է եղել նրանց էթնիկ պատկանելության հետ։ Շատ էթնիկ հայ քաղաքացիական անձինք, ովքեր դեռ անհետ կորած են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, տարեց անձինք են, ներառյալ մեկը, ով 90 տարեկան էր։ Մի շարք անձինք են եղել, ովքեր հաշմանդամ էին։ Այս անձինք անվնաս էին, գտնվում էին Լեռնային Ղարաբաղում՝ պարզապես իրենց տարիքից ելնելով, ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամությունից ելնելով, կամ պարզապես, որովհետեւ գնալու տեղ չեն ունեցել կամ չեն ցանկացել իրենց տները լքել։ Նրանց բռնի անհետացումը կարող է համարվել միայն բռնության գործողություն՝ հիմնված էթնիկ հիմքերի վրա։
Այս անձինք ռազմագերիներ չեն, չեն խախտել ադրբեջանական օրենքը, ոչ էլ թշնամի պետության քաղաքացիներ են, որովհետեւ Ադրբեջանն ինքն է ասում, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իր քաղաքացիներն են։ Հետեւաբար, չկա բացատրություն, թե ինչո՞ւ են նրանք բռնի անհետացել։ Այլ բացատրություն չկա, քան էթնիկ ատելությունը, որը կարող է համարվել սույն կոնվենցիայի խախտում»,- նշեց Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: