«Արցախի մայրիկների ակումբն» ամփոփել է «Վըսկե ծեռքեր» ցուցահանդեսի արդյունքները՝ պատահականության սկզբունքով ընտրելով հաղթողին և հանձնելով հիշարժան նվեր։ Կազմակերպության հիմնադիրները բացատրել են, որ բոլոր 64 արհեստավորները համապատասխանում էին սահմանված չափանիշներին, ուստի հնարավոր չէր լավագույնին որոշել։
Ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցավ արցախցի արհեստավորների աշխատանքների երկրորդ տոնավաճառը՝ Արցախի մայրիկների ակումբի նախաձեռնությամբ։
Կազմակերպության ներկայացուցիչ Մարիամ Աբրահամյանը նշեց, որ առաջին՝ ձմեռային ցուցահանդեսի նպատակն էր մեկ հարթակում համախմբել արցախցի արհեստավորներին և նրանց հնարավորություն տալ հասկանալու, որ Հայաստանում իրենց սիրելի հոբբին կարող է նաև շահութաբեր լինել։
«Երկրորդ տոնավաճառը կազմակերպելիս մասնակիցներն ընտրվել են մի շարք չափանիշներով, որոնցից գլխավորը աշխատանքի բարձր որակն է և վարպետների մրցունակությունը Հայաստանի կիրառական արվեստի շուկայում։ Կարծում եմ՝ մեզ հաջողվեց հասնել մեր նպատակին։ Կլինեն ավելի շատ տոնավաճառներ, որպեսզի արհեստավորները կարողանան իրենց աշխատանքները ներկայացնել Հայաստանում»։
Խոսելով Արցախ վերադառնալու մասին՝ Մարիամ Աբրահամյանը նշել է, որ «մենք պետք է ձգտենք դրան, բայց վերադարձը պետք է լինի արժանապատիվ՝ միջազգային ամուր երաշխիքների ներքո, և անպայման Արցախի բանակի և իրավապահ կառույցների վերականգնմամբ»։
«Արցախի շրջափակման ժամանակ Արցախի մայրիկների ակումբը Ստեփանակերտում կազմակերպել է հանրահավաքներ և երթեր՝ պահանջելով պաշտպանել մեր և մեր ընտանիքների իրավունքները։ Մենք չէինք կարող անհաղորդ մնալ քաղաքական գործընթացներից։ Հիմա Հայաստանում, փախստական դառնալով, չենք կարող անտարբեր լինել մեր ապագայի հետ կապված գործընթացների նկատմամբ։ Ուստի մենք մտադիր ենք շարունակել պայքարը և պահանջել հարգել արժանապատիվ վերադարձի և ազատ հայրենիքի մեր իրավունքները»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: