ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի շատ նուրբ ակնարկը

  • 22:46 16.04.2024

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն` ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցման.

«Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են 1991թ. Ալմաթիի հռչակագիրը, որում խորհրդային 11 հանրապետությունները հայտարարեցին, որ իրենց վարչական սահմանները կարող են լինել նաև իրենց միջազգային սահմանները:

Այս պարտավորությունը հաստատել են վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը 2022 թվականին Պրահայում։

Սա նաև հիմք է հանդիսանում ԵՄ-ի կողմից այդ երկրներից յուրաքանչյուրի ճանաչման համար:

Վարչական սահմանը երբեք միջազգային սահման չի եղել, ուստի այն պետք է պատշաճ կերպով սահմանազատվի , բայց մեզ համար հիմքը երկու երկրների կողմից ստորագրված Ալմաթիի հռչակագիրն է:

Ինչպես գիտեք, ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է խաղաղության գործընթացում՝ նախ նախագահ Միշելի մակարդակով հրավիրված առաջնորդների հանդիպումների, ինչպես նաև կողմերի հետ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ամենօրյա աշխատանքի միջոցով, իսկ սահմանազատման հարցում պարզ է, որ դա արվում է երկկողմ մակարդակով, և մենք աջակցում ենք որոշումների, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի դրույթներին և Ալմաթիի հռչակագրին:

Այս գործընթացում, բնականաբար, պետք է քննարկվեն բոլոր տարածքները, ներառյալ այն տարածքները, որոնց վրա տեղակայված են ադրբեջանական ստորաբաժանումները և որոնք եղել են Հայկական ԽՍՀ-ի կազմում, ինչպես նաև այն տարածքները, որոնց վրա տեղակայված են հայկական ստորաբաժանումները և որոնք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում:

ԵՄ-ն միշտ ընդգծել է ցանկացած սպառնալիքից զերծ մնալու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չլուծված խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը»:
____

Պարոն դեսպանի վերընշված ելույթից կարևոր եմ համարու հետևյալ շեշտադրումները.

1. “վարչական սահմանները կարող են լինել նաև իրենց միջազգային սահմաններ”` այսինքն կարող են, բայց ամենևին պարտադիր չէ, որ լինեն միջազգային սահման;

2. “վարչական սահմանը երբեք միջազգային սահման չի եղել, ուստի այն պետք է պատշաճ կերպով սահմանազատվի”` այսինքն առանց հստակ սահմանազատման նրանք դեռ պետական սահման չեն;

3. “մենք աջակցում ենք որոշումների, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի դրույթներին և Ալմաթիի հռչակագրին”` այսինքն բացի Ալմաթիի հռչակագրից բոլոր ընդունվող որոշումները պիտի համապատասխանեն նաև՝ և առաջին հերթին, միջազգային իրավունքին;

4. “այս գործընթացում, բնականաբար, պետք է քննարկվեն բոլոր տարածքները, ներառյալ այն տարածքները, որոնց վրա տեղակայված են ադրբեջանական ստորաբաժանումները և որոնք եղել են Հայկական ԽՍՀ-ի կազմում, ինչպես նաև այն տարածքները, որոնց վրա տեղակայված են հայկական ստորաբաժանումները և որոնք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում” ` այսինքն սահմանազատման եւ դրա ժամանակ ընդունվող որոշումների ընթացքում պետք է դիտարկվեն բոլոր տարածքները, այդ թվում Ադրբեջանական ԽՍՀ մաս կազմող (Արցախը նկատի ունի):

Հ.Գ. ԵՄ բարձր պաշտոնյան շատ նուրբ կերպով՝ դիվանագիտորեն հասկացնում է մեզ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ճանաչված պետական սահման դեռևս գոյություն չունի և այն պետք է որոշվի, բացի Ալմաթիի հռչակագրից նաև՝ և առաջին հերթին, միջազգային իրավունքի հիման վրա, ինչը նշանակում է, որ բոլոր տարածքները առայժմ վիճելի են!

Վահե Գասպարյան, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ