Տավուշցիները գոհ են․ ինչ է զոհաբերել Փաշինյանը

  • 21:02 17.04.2024

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել Տավուշի գյուղեր իր այսօրվա այցից։

«Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբարես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի։ Քո հարգանքն էլ զոհաբարես, անունդ, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, բայց պիտի իմանաս՝ ինչի համար ես անում․ ես գիտեմ, թե ինչի համար եմ անում, ես անում եմ, որ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հողերի փոխանակում պետք է անեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ոսկեպարցի տիկին Լաուրան:

«Գետից այս կողմ պետք է կանգնի մեր սահմանապահ զորքը, գետից այն կողմ՝ նրանցը: Դա այն է, ինչ մենք ուզել ենք: Ասել է, որ այդպիսի համաձայնություն կա: Գյուղացիները գոհ են եղել: Մեր եկեղեցուց այն կողմ 100 մետրից ավելի մեզ է մնում, այդտեղ փշալար է քաշվելու»,-ասաց նա:

Առաջին անգամ, որ Նիկոլը Փաշինյանն այցելել էր Տավուշի գյուղեր ուրիշ բաներ էր ասել, հիմա մի քիչ իր առաջնահերթությունները փոխվել են, նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հիմա ինքն ասում է՝ ադրբեջանցիների հետ պայմանավորվել եմ, որ ճանապարհներն իրենց վերահսկողության տակ չի լինելու, ճանապարհի էն կողմն են կանգնելու, գետի մյուս կողմում: Եվ ասել է, որ սահմանապահ զորքերն են կանգնելու, այսինքն մենք էլ պետք է այդտեղ սահմանապահ զորքեր պահենք: Նաեւ ասել է, որ վերջնական պայմանավորվածություն չկա, 90 տոկոսանոց պայմանավորվածություն է, դա բանավոր պայմանավորվածություն է, գրավոր չի, վերջնական չէ: Բայց փաստը մնում է այն, որ այս հանրային ճնշումը իր որոշակի արդյունքները տվել է: Մենք պետք է ճնշումը մեծացնենք ու ասենք՝ դրան էլ չենք համաձայն: 50 մետրի կլինի, թե 500 մետր, դա ապօրինի պրոցես է, հակասահմանադրական է: Մեր խնդիրն այն է, որ այդ ապօրինի պրոցեսը պետք է կանգնի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը, մենք գոհ ենք էս մարդու աշխատանքից, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց գյուղացիներից մեկը:

Անդրադառնալով 4 գյուղերին, բերքաբերցին ասաց. «Էդ 4 գյուղերն ո՞ւմ են: Ես շատ լավ գիտեմ՝ ումն են: 77 տրեկան մարդ եմ, իմ հայրը 90 տարեկանում է մահացել, ասում էր, որ դրանք թուրքի գյուղեր են: Ասում են՝ տավուշի գյուղերը տալիս են: Տավուշում էդպիսի գյուղեր կա՞ն: Տավուշի գյուղը Բերքաբերն է, Սարիգյուղն է, Կիրանց է»,-ասաց բերքաբերցի տղամարդը:

Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,- նշել է նա։

f