Ես չեմ հիշում Հայաստանում այսպիսի արտառոց դեպք․ Ժաննա Ալեքսանյան

  • 23:47 17.04.2024

«Հայաստանի ոստիկանությունը չի բարեփոխվի, քանի դեռ կան քաղաքական իշխանության պատվերները»,- step1.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու համար մեղադրանք է առաջադրվել Սամվել Վարդանյանին։ Երբ երիտասարդին ձերբակալել ու Քննչական կոմիտեից տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր, ճանապարհի նա դիմակավորված անձանց կողմից խոշտանգվել է։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ սա արտառոց դեպք է՝ լինելով ոստիկանության հսկողության տակ, անձը խոշտանգվել է։ «Հիմա ոստիկանության այս դեպքն ինչպե՞ս բնորոշենք, մարդը ոստիկանների հսկողության ներքո է եղել, եւ բանդան՝ սեւ դիմակներով մարդիկ հարձակվել են, քաղաքացուն ծեծել, նսեմացրել ու խոշտանգել են։ Սա արտառոց դեպք է, ի դեպ՝ ես չեմ հիշում Հայաստանում այսպիսի արտառոց դեպք, Մարտի մեկի դեպքերը հիշեցի։ Այն ժամանակ գործել են օլիգարխների ախռանաները՝ ձեւավորելով բանդաներ, ծեծել են մարդկանց։ Այսինքն՝ նախկին իշխանությունների ժամանակ բանդաներ էին գործում, եւ այս դեպքը ինձ դա հիշեցրեց՝ ոստիկանները լքում են միայնակ քաղաքացուն, եւ այս բանդան է հարձակվում։ Սա ինքնադատաստա՞ն է, ի՞նչ է, ինչի՞ համար, ՔՊ-ական պատգամավորներին վիրավորելու համա՞ր, բայց դրա համար դատարան ու օրենք կա։ Սա իրոք արտառոց դեպք է եւ եթե անպատիժ մնա, ուրեմն շատ վատ է, որ այս իշխանությունը նույն ճանապարհն է ընտրել»,- ասաց նա։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ իշխանությունն ինքը պետք է շահագրգիռ լինի՝ բացահայտելու այս դեպքը։ «Հիշո՞ւմ եք, Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ ես առավոտյան եկա աշխատանքի, ոստիկանությունն արդեն գործողություններն արել էր Ազատության հրապարակում։ Այսինքն՝ ասում էր, որ ինքը տեղյակ չին եղել։ Այս իշխանությո՞ւնն էլ պետք է ասի, որ ինքը տեղյակ չի եղել։ Իշխանությունը պարտավոր է, իր պատասխանատվության տակ է այս դեպքը։ Առաջին հերթին սա ոստիկանության պատասխանատվության տակ է, բայց քանի որ այստեղ տեսնում ենք քաղաքական պատվերի հետքը, դրա համար պետք է իշխանությունները բացահայտեն, պետք է իրենց մաքրեն, եթե ուզում են։ Սա սարսափելի դեպք է ինձ համար»,- հավելեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունն այսպես վարվում իրենց քննադատող քաղաքացիների հետ, փորձում են վախի մթնոլո՞րտ ստեղծել, իրավապաշտպանը պատասխանեց․ «Դժվար է տրամաբանություն գտնել, բայց կարծում եմ, որ պաշտպանել են ՔՊ-ական պատգամավորին։ Ես տեսա այդ կադրերը, որ պատգամավորն ինքն էլ էր հարվածում։ Ինչո՞ւ է իշխանությունն այսպես անում, երեւի նրա համար, որ մարդիկ չհամարձակվեն ՔՊ-ականների որեւէ բառ ասել, սամասուդ են լինելու։ Սա սամասուդի տիպիկ օրինակ է»։

f