Իմ տատը Գարեգին Նժդեհի զինվորն էր: Նրա եղբայրը գնդացրորդ էր, իսկ ինքը՝ շարքային զինվոր: Տատս մազերը հավաքում էր և վզին երևում էր մարտերում ստացած վիրավորումից առաջացած սպին: Նա մասնակցել էր հայ-ադրբեջանական 1920-ական թթ.-ի պատերազմին:
Ես ուսում եմ ստացել Ստեփանակերտի ինստիտուտում և հետ եմ եկել Կապան` իմ ծննդավայր: Աշխատում էի Կապանի թատրոնում, բայց կապս պահում էի Ղարաբաղի հետ: Հնարավոր չէ, որ այդ քաղաքն ինձ կրթություն տա և ես իրեն մոռանամ: Դրա համար, երբ լսեցի, որ ստորագրություն են հավաքում Ղարաբաղում, 1987 թ.-ին ընտանիքով տեղափոխվեցինք Ստեփանակերտ:
Քսաներկու տարի վարձով եմ ապրել Ստեփանակերտում, բայց ոչ մի անգամ չեմ մտածել լքելու մասին: Ներկա եմ եղել բոլոր պատերազմներին: 1995թ. տեղափոխվել եմ Արցախի Հանրային հեռուստատեսություն և 30 տարի աշխատել այնտեղ: Պետական համալսարանում լրագրություն էի դասավանդում, իսկ Հակոբ Գյուրջյանի անվան Արվեստի ինստիտուտում էլ դասավանդում էի հայ և արտասահմանյան արվեստի պատմություն:
1920-ական թվականների պատերազմը ծանր հետք թողեց մեր ընտանիքի վրա: Կապան-Քաջարան ճանապարհի վրա կա մի հայկական գյուղ, պատմական անունը` Շեքս, Շղարիկ: Մայրիկիս հորեղբոր տղան` 12 տարեկան Արտավազդը մի օր գնացել էր իրենց կորած կովը փնտրելու: Կովը գողանալու համար ադրբեջանցիները երեխային մորթել են, գլուխը դրել ընկույզի ծառին: Ամեն անգամ մեքենայով անցնելիս մայս իջնում էր ու գրկում այդ ծառը:
Մտածել, թե թուրքի հետ կարելի է ապրել, դա չլինելու բան է: Թուրքի հետ կարելի է գոյատևել, բայց բարեկամաբար, անկեղծ, մարդավայել ապրել հնարավոր չէ: Ազնվություն չկա նրանց մեջ: 1992թ.-ին ես որպես լրագրող ներկա էի այն իրադարձությանը, երբ 9 ադրբեջանցի գերիների տանում էին Զվարթնոց օդանավակայան մեր գերիների հետ փոխանակելու համար: Ադրբեջանցիներից մեկը գրկել էր ինքնաթիռի անիվը և խնդրում էր, որ իրեն չուղարկեն: Գիտեր, որ հենց հասնի, սպանելու են: Մեր գերիները ժամանեցին և հարցազրույց վերցնելիս նկատեցի, թե ինչքան են տանջված…Մարմնով ներկա են, հոգին չկա…
1990-ականների մասին մի ամբողջ վեպ եմ գրել` «Դժոխքից եկածին հարցեր չեն տալիս»։ Տասնյոթ օր հաց չենք կերել: Անցած, նախանցած տարիներից մնացած շաքարակալած մուրաբան էինք ուտում, որովհետև ուրիշ ոչ մի բան չունեինք: Դա պատմելու բան չէ…
Մանկական հիվանդանոցում Աֆղանստանից եկած մի տղա էր պառկած ոտքերի գանգրենայով: Ինքը շուտով մահանալու էր: Ես հարցազրույց անելիս հարցրի, թե ինչու է եկել մեր դեմ կռվելու: Ասաց, որ եկել է փող վաստակելու, քույրերին օժիտ պիտի տա…
Ես Ստեփանակերտում ունեցել եմ աշխատանք, ընկերներ, հիշողություն, կորուստներ: Մի ամբողջ կյանք եմ թողել Ստեփանակերտում: Այնտեղ են ծնվել իմ երեխաները: Ստեփանակերտը ինձ համար աշխարհի կենտրոնն է: Աշխարհի լավագույն քաղաքն է: Առավոտյան լույսը բացվում է, ծիծեռնակները պատշգամբի մոտերքով սավառնում են: Ամեն քաղաքում չէ այդպես:
Յուրահատուկ է օդը: Նման չէ Զանգեզուրի, Քաջարանի, Կապանի օդին, ոչ էլ նման է Երևանին: Լրիվ յուրահատուկ է օդը: Դա ես եմ ասում, որովհետեվ տարբեր տեղեր եմ եղել: Ջուրն է ուրիշ, մարդիկ էին ուրիշ: Հնարավոր չէր փողոցում մի մարդու տեսնել վատ վիճակում ու կողքով անտարբեր անցնել: Այսօր մեծ քաղաքներում մարդիկ կարող են անցնել քո կողքով և չհարցնել, թե ի՞նչ է պատահել քեզ: Ստեփանակերտն ինձ համար երկրագնդի կենտրոնն է և իմ ընկալմամբ երկրագունդը պտտվում է Ստեփանակերտի շուրջ, ոչ թե իր առանցքի շուրջը:
Ամենաշատն այնտեղ սիրում էի Վազգեն Սարգսյան փողոցը, որը նմանեցնում էի Մոնմարտրին: Ռելիեֆը այդպիսինն է: Երեկոյան այնտեղ էի զբոսնում: Գիշերները չեմ կարողանում քնել: Դուրս եմ գալիս փողոցում ծխում… Հիշում եմ իմ տունը, իմ գրապահարանը, արխիվս մնացել է այնտեղ: Ամենաշատը ցավում եմ ԱրՊՀ շենքի համար, որից չեն օգտվելու մեր ուսանողները:
Սեպտեմբերի 2-ը, մայիսի 9-ը մեծ տոներ էին ինձ համար: Ղարաբաղցի զինվորներն իմ պատշգամբի տակով էին շարային քայլում: Սիրտդ ճախրում էր հպարտությունից, որ դու ունես այդպիսի երկիր, այդպիսի բանակ… որը ավերել են ծախվածները: Սա առաջին դեպքն է, որ ղարաբաղցին լքել է իր բնօրրանը: Իսկ դա լքել է ինչի՞ համար` դավաճանության արդյունքում:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: