“Ստեփանակերտ” մեդիա-ակումբը բռնի տեղահանված արցախցիների հիմնախնդիրների քննարկման նպատակով հերթական հանդիպումն էր կազմակերպել։ Բռնի տեղահանված արցախցիները սոցիալական ու իրավական բազմաթիվ հարցադրումներ ունեն։ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի խոսքով՝ լուրջ խնդիր է իրազեկման խնդիրը, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունն աշխատանք պետք է տանի։
Արցախից բռնի տեղահանված անձանցից 85 հազարն արդեն հաշվառվել է Հայաստանում, իսկ ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի վկայական ստանալու համար դիմել է 88 հազար արցախցի։ Այս թվերը ներկայացրեց Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող արցախցիների թիվը մեծ չէ՝ մինչ օրս դիմում է ներկայացրել 1600 մարդ։
Ըստ նրա՝ կան անձինք, ովքեր փախստական են, բայց համաձայն չեն այդ կարգավիճակի հետ։ «Նրանց հետ աշխատանք է տարվում, որպեսզի ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնեն։ Եվ կան մի խումբ անձինք, ում անձնական տվյալները, այդ թվում՝ առաջին անձնագրավորումը, ծնվելու պահին ծնողների ունեցած քաղաքացիությունը եւ հաշվառումը վկայում են այն մասին, որ տեղահանված անձը ՀՀ քաղաքացի է։ Այս խմբում էլ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ունենալ փախստականի կարգավիճակ։ Բայց այս պարագայում դա անել հնարավոր չէ, այսինքն՝ ապաստանի հայց ներկայացնել եւ անհատական հայցի քննությամբ փախստականի կարգավիճակ ստանալ, այդ սցենարով դիմումներ չենք ընդունում, որովհետեւ ՀՀ քաղաքացին չի կարող նույն պետությունից փախստականի կարգավիճակ հայցել»,- նշեց նա։
Դավթյանը տեղեկացրեց՝ տեղահանված անձանց վերաբերյալ տվյալների շտեմարանների միավորման գործընթաց է նախաձեռնվել, կստեղծվի վարչական ռեգիստր, որի շրջանակներում տվյալների բազաները կմիավորվեն՝ որպես տեղահանված բնակչության համապարփակ բազա։ Իսկ մինչ այդ, բռնի տեղահանված անձինք բախվում են այն խնդրին, որ Արցախում գործունեություն ծավալած անձինք չեն կարողանում Հայաստանում նույն ոլորտում անխոչընդոտ շարունակել իրենց գործունեությունը։ Օրինակ՝ կան բողոքներ, որ պետական գնումներին մասնակցելու համար դիմող արցախցի կազմակերպություններին ՀՀ պատկան մարմինները պատասխանում են, որ չեն կարող պետական գնումներին մասնակցել, քանի որ Հայաստանում չի ճանաչվում Արցախում ծավալած նրանց նախկին գործունեությունը։
ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն կարողանում Հայաստանում նույնականացման՝ ID քարտ ձեռք բերել։ Ավելի վաղ step1.am-ը տեղեկացրել էր, որ Անձնագրային եւ վիզաների վարչությունում արցախցիներին հիմնավորում են, որ նրանց մասին բազայում տեղեկատվություն չկա կամ ID քարտի վրա արցախցիների ծննդավայրը պետք է նշվի «Ադրբեջան»։
Անդրադառնալով այս հարցին՝ Նելլի Դավթյանն ասաց, որ ապրիլի վերջին խնդիրը կլուծվի․ «Հարցը նոր է ի հայտ եկել այն իմաստով, որ քաղաքացիության դիմումներն ընդունելուց ի վեր նույնականացման քարտ չի տրամադրվել արդեն ՀՀ քաղաքացիություն ստացած տեղահանված անձանց։ Դա բացառապես տեխնիկական խնդիր է, հավաստիացնում եմ, որ առաջիկայում հարցը կկարգավորվի»։
Արցախցի լրագրող Լիաննա Պետրոսյանն անդրադարձավ արցախցիների բարձրացրած սոցիալական ու իրավական հարցերին։ Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք դեռեւս 100 հազար դրամ աջակցությունը չեն ստացել, հետեւաբար, նաեւ 40+10 հազար աջակցությունը չեն ստացել։ Երեկվանից գործարկել է 40+10 հազար դրամ աջակցության նոր ծրագիրը, որի շահառու են հանդիսանում նաեւ 2020 թվականին բռնի տեղահանվածները։ Սոցիալական աջակցության այս ծրագրի շահառուների թիվն ավելացել է մոտ 6000-ով։ Սակայն, ըստ Լիաննա Պետրոսյանի, այստեղ կա բացառություն, մասնավորապես, ՀՀ կառավարության՝ 2022 թվականի բնակապահովման ծրագրի մեջ ընդգրկված անձինք, որոնք բնակարանների գնման հավաստագրեր պետք է ստանան, այս ծրագրի շահառու չեն կարող լինել։ «Եվ այսօր ամենամեծ թվով բողոքներն այդ անձանցից են ստացվում, նրանք հիմնականում Քաշաթաղից ու Քարվաճառից բռնի տեղահանված վերաբնակիչներն են, քիչ թվով անձինք կան նաեւ Հադրութի շրջանից։ Այսօր մարդիկ զանգել ասում են՝ համակարգը մեզ ճանաչում է որպես բնակապահովման շահառու, բայց մենք սերտիֆիկատ չենք ստացել։ Սա ինձ համար նորություն էր, որովհետեւ եթե մարդը 2022 թվականի կառավարության որոշմամբ շահառու է, ինքը պետք է առնվազն կառավարությունից ստացած լիներ այդ ծանուցումը, որ այդ սերտիֆիկատները պետք է իրացվեն, որովհետեւ դրանցից հրաժարվելու տարբերակ չկա»,- ասաց նա։
40+10 հազար նոր ծրագրի շահառու չեն կարող համարվել նաեւ նրանք, ովքեր նախքան Արցախի շրջափակումը կամ շրջափակման փուլում եկել են Հայաստան եւ չեն դիմել Արցախ վերադառնալու համար։
Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ արցացխիները սկզբնական շրջանում ընդհանրապես դեմ էին եւ փախստականի կարգավիճակին, եւ ՀՀ քաղաքացիություն ստանալուն․ «Երբ ասում էինք՝ պետք է ՀՀ քաղաքացիություն ստանաս՝ որեւէ ծրագրից օգտվելու համար, փշերով էին ընդունում։ Մարդիկ նաեւ չէին ուզում թոշակ ու նպաստ ստանալու համար գնալ ու հաշվառվել, այդ պատճառով նաեւ գոյացան հերթեր։ Հետո արդեն սկսեցինք իրազեկել, նաեւ տարբեր ատյաններում հնչեց, որ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում իրավական որեւէ կարգավիճակ չի կարող ազդել բռնի տեղահանված լինելու հանգամանքի վրա։ Նաեւ իրազեկեցինք, որ կապ չունի, թե դուք ինչ իրավական կարգավիճակ ունեք, ամեն դեպքում դուք ձեր սոցիալական աջակցությունն ստանալու եք, որովհետեւ դրա հիմքը բռնի տեղահանության փաստն է»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարցադրում արեց․ «Պետությունն ունի՞ արդյոք Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների վերաբերյալ համակարգային ընդհանրական կոնցեպցիա»։ Ըստ նրա՝ շատ կարեւոր է այն հարցը պատասխանը, թե բռնի տեղահանված անձանց քանի՞ տարի է տրամադրվելու սոցիալական աջակցությունը։ «Այդ ծրագրերի տեւողությունը պայմանավորված է կոնցեպտով, իսկ կոնցեպտի հիմքում պետք է լինի այն հարցի պատասխանը, թե ի՞նչ ենք անելու այս մարդկանց հետ։ Սա ֆունդամենտալ հարց է, ակնհայտ է, որ վերադառնալու իրավունքը պետք է մշտապես ճանաչվի, բայց չեն կարող մարդիկ վեադառնալ, երբ վերացված չեն այն պատճառները, որոնց հետեւանքով նրանք ստիպված են եղել թողնել իրենց բնակավայրերը։ Պետությունը պետք է ձեւակերպի բռնի տեղահանվածների իրավունքների խախտումների փաստը»,- ասաց նա։ Ըստ Սաքունցի՝ երբ 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախից մեծ հողք եղավ, արդեն պարզ դարձավ, որ նույնիսկ սոցիալական աջակցության համակարգը համակարգված չէր։ Նելլի Դավթյանը հաստատեց՝ համակարգը պատրաստ չի եղել նման ծավալի տեղահանության։
Սաքունցն անդրադարձավ նաեւ ՀՀ իշխանության նեկայացուցիչների այն հայտարարություններին, որ Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացված հայցերը կարող են հետ վերցնել․ «Այս խոսակցությունն էլ է փաստում կոնցեպցիայի բացակայության մասին, ի՞նչ է նշանակում՝ դիմումը տալիս ես, հաջորդ օրը խոսում ես այդ դիմումից հրաժարվելու մասին։ Խախտված իրավունքի պաշտպանությունից հրաժարվելը պարտավորության չկատարում է»։
Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանն անդրադարձավ ՀՀ կառավարության այն մոտեցմանը, որ 070 կոդով անձնագրով անձինք ՀՀ քաղաքացի չեն համարվում։ «Հայաստանի դատարանների դատավորները՝ 070 կոդով անձնագրով, ՀՀ դատարաններում որոշումներ են կայացրել։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացին չի կարող ՀՀ-ում դատավոր լինել։ Այսինքն՝ այդ մարդկանց ընդունած որոշումներն ապօրինի են, պարտված դատերով մարդիկ դիմելու են դատարններ եւ պահանջեն ի չիք ճանաչել այդ որոշումները։ Իրավական լուրջ կոլապս է սկսվելու։ Առնվազն ՀՀ երկու Գլխավոր շտաբի պետեր եղել են Արցախի քաղաքացի՝ 070 կոդով։ Անվտանգության խորհրդի քարտուղարի անձնագիրը 070 կոդով է եղել։ Այսինքն՝ այս ապօրինի որոշման պատճառով լուրջ կոլապս է տեղի ունենալու ապագայում»,- ասաց նա։
Հայկ Խանումյանի խոսքով՝ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն Արցախի անձնագրային բաժինների բոլոր աշխատակիցներին պետք է ընդուներ որպես պայմանագրային աշխատակից։ «Դուք պատկերացնո՞ւմ եք Գյումրիի բարբառով եւ Արցախի բարբառով խոսող քաղաքացիների շփումը, ուղղակի իրար չեն հասկանում։ Բայց դա հատուկ վերաբերմո՞ւնք է, ի՞նչ է, որ Արցախցի աշխատողներ չպետք է լինեն։ ՆԳ նախարարը որպես մեծ ձեռքբերում ներկայացնում է, որ հինգ արցախցի են ընդունել ՆԳ համակարգ, այնինչ Արցախում 1500 էր ոստիկանության համակարգի աշխատակիցների քանակը։ Պետք է օպերատիվ ու արագ լուծումներ գտնեն։ Մենք առաջարկում էինք ՀՀ կառավարությանը, որ Արցախի շրջանային ու քաղաքային բնակչության կոմպակտ բնակեցում ապահովվեր։ Մասնավորապես, շրջանային բնակչության համար դիտարկվեին Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, իսկ քաղաքային բնակչության համար՝ Երեւանը։ Բայց մեր առաջարկները մերժեցին»,- ասաց Խանումյանը՝ հավելելով, որ նաեւ զբաղվածության ոլորտի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարությանը։
Ռոզա Հովհաննիսյան
Ֆոտո Ալ․ Ոսկանյանի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: