ՀՀ-ում արդեն աշխատում են Արցախից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ

  • 11:54 18.04.2024

Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել Հայաստանի մարզային դպրոցներում՝ երկու տարվա ընթացքում ստանալով նաեւ աշխատավարձի 30 տոկոս հավելավճար։ Այս մասին կառավարության այլսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այսօր ընդունված որոշումներից մեկով մարզերին բաշխվելու են համապատասխան միջոցները։

«Մենք նախորդ տարի հոկտեմբերին կառավարության որոշմամբ սահմանել էինք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մարզային դպրոցներում՝ ստանալով նաեւ աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում, իսկ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի եւ Տավուշի որոշ խոշորացված համայնքներում, բացի 30 տոկոս հավելավճարից, նաեւ ամսական 50 հազար դրամ։ Պետք է ասեմ,որ բավական մեծ հետաքրքրություն կա ուսուցիչների կողմից, այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 330 ուսուցիչ, եւ դիմումների թիվը գնալով ավելանում է։ Նաեւ դա է պատճառը, որ զուգահեռ այժմ մեկ այլ նախագիիծ ենք շրջանառում, որով դիմելու ժամկետը կերկարացնենք։ Այսինքն՝ ուսուցիչները կունենան հավելյալ հնարավորություն՝ դիմելու եւ այս ընթացակարգով աշխատանքի անցնելու»,- ասաց Անդրեասյանը։

Նա նշեց, որ ՀՀ կրթական համակարգում արդեն աշխատում են Արցախից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ։ «Մենք տեսնում ենք, որ այն պահից, երբ մարդիկ արդեն ավելի կողմնորոշված են իրենց բնակավայրի հարցում, նաեւ շատ ավելի մեծ պատրաստակամությամբ օգտվում են այս ծրագրից»,- հավելեց նախարարը։

Անդրեասյանը նաեւ հայտարարեց, որ Արցախից բռնի տեղահանված գրեթե բոլոր դպրոցահասակ երեխաները ներգրավված են ՀՀ կրթական համակարգում։ «Հիմա մենք մարզերից ստացվող հատուկենտ ահազանգով տեսնում ենք, որ կրթությունից դուրս մնացած կարող են լինել հիմնականում այն երեխաները, որոնց ընտանիքը մի քանի բնակության վայր է փոխել։ Մի քանի այդպիսի դեպքեր ունենում ենք, որ ահազանգում են, ասում են՝  արդեն հիմա այս բնակավայրում են, եւ երեխան պետք է դպրոց գնա։ Մարզերի հետ արագ աշխատում ենք եւ այդ հարցերը լուծում»,- նշեց նա։

f