Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և կրճատել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները։
Այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի գրասենյակի՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ վկայակոչելով կոնգրեսականի խոսքերը Սպիտակ տանն անցկացվող՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառումից, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։
«Այժմ դա իրական արդարություն չէ։ Իրական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ (խմբ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայեր) կարող են վերադառնալ իրենց նախնիների տները՝ Արցախ, որտեղ նրանք ապրել են հազար և ավել տարիներ»,- նշել է կոնգրեսական Շերմանը՝ հավելելով, որ մինչև այդ արդարության տեղի ունենալը Հայաստանին անհրաժեշտ է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից խոստացված օգնությունը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանին օգնելու օրինագիծ կընդունվի։
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Գուս Բիլիրակիսն անդրադարձել է Հարավային Կովկասում Թուրքիայի իրականացրած քայլերին՝ համարելով դրանք շարունակական վայրագություններ և ընդգծելով դրանց աններելի լինելը։
Բիլիրակիսն այդ մասին խոսել է Կոնգրեսում կայացած միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին՝ ապահովելու նախագահ Ջո Բայդենի աջակցությունը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի իրական դաշնակիցներին։
«Մենք երբեք չենք հանձնվի։ Մենք երբեք չենք դադարեցնի պայքարը»,- ասել է Բիլիրակիսը։
Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Թոմ Մըքքլինթոքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիշում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագությունները՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը։
Կոնգրեսականն այդ մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։
«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը խնդրում ենք նույնն անել։ Իհարկե, երեխաները մեղավոր չեն իրենց ծնողների մեղքերի համար, բայց անցյալի ազնիվ ճանաչումը կարող է մեզ հետ պահել այդ մեղքերը կրկնելուց: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ նրանց դրածոների կատարած վերջին հանցագործություններին և աղոթում ենք, որ դրա համար պատասխանատու մութ ուժերը խորհեն և ապաշխարեն»,- ընդգծել է կոնգրեսականը։