«Հիշատակարան» կայքը ներկայացնում է հիշատակություններ մեր դարավոր ու վտանգված ժառանգության մասին։
Ապրիլի 18–ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, առաջին անգամ Արցախի հուշարձաններին, նրա տեսարժան վայրերին կանդրադառնանք Արցախից հեռու։
Իսկ Արցախում մնացած ժառանգությանը պետք է անդրադառնալ, խոսել, քննարկել ամեն օր, քանզի Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումներից հետո տարբեր մեթոդներով անցել է տարածքում հայկական հետքի վերացմանը, պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելով, կամ օտարելով, պատմական ու տեսարժան վայրերը վերափոխելով։ Արցախի պատմամշակութային ժառանգությունն այսօր առավել քան երբևէ պաշտպանության կարիք ունի, և պետք է ի գործ դնել բոլոր հնարավոր միջոցները։
44-օրյա պատերազմից հետո Արցախի հուշարձանների հանրահռչակման, խնդիրների ահազանգման, տեղեկությունների ու տվյալների հավաքագրման տարբեր հարթակներ ու կայքեր են ստեղծվել, այդ շարքում հատկանշական է «Հիշատակարան Հայկական Մշակութային ժառանգության» ոչ պետական, անկախ գիտական հասարակական կազմակերպության և վերջինիս աշխատանքները ներկայացնող կայքէջի ստեղծումը https://hishatakaran.org/։
Այն Արցախի նյութական, մշակութային ժառանգության ակադեմիական վավերագրման մի ծրագիր է, որը ստեղծվել է 2023 թվականի հունիսին և որի նպատակն է ուսումնասիրել ու վավերացնել Արցախի Հանրապետության բռնագրավված և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վտանգված հայկական պատմամշակութային հուշարձանները։
Ըստ ծրագրի հեղինակ ու ղեկավար Աննա Լեյլոյան–Եկմալյանի (Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ) նպատակը՝ հուշարձանների գիտական և ակադեմիական վավերագրման միջոցով հնարավորինս պաշտպանելն է դրանք ավերումների, վերափոխումների, յուրացումների և իհարկե հիմնահատակ ոչնչացումների ուղղակի վտանգից, քանի որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակման և Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետևանքով այսօր անմիջականորեն վտանգված է Արցախի Հանրապետության ողջ տարածքի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։
«Պակաս կարևոր չէ նաև ամբողջական փաստագրմամբ այդ հարուստ ժառանգությունը փոխանցել հետագա սերունդներին»,- հավելում է տիկին Լեյլոյան–Եկմալյանը։ Մենք թիմային աշխատանք ենք կատարում, ու ես դա չափազանց շատ եմ կարևորում, որովհետև ցանկացած գործ բոլորինս է և յուրաքանչյուրս ամենայն բծախնդրությամբ ու սրտացավությամբ ենք վերաբերվում մեր առաքելությանը։
Հուշարձանների գիտական փաստագրման մեջ ընդգրկված են Սասուն Դանիելյանը, Գայանե Բուդաղյանը, Աշխեն Պետրոսյանը, Արմինե Հայրապետյանը, իսկ կազմակերպչական գործերը ստանձնել է Գագիկ Հակոբյանը: Խմբի աշխատանքները սատարում են նաև “Հիշատակարանի” հիմնադիր անդամներ Հարություն Եկմալյանն ու Սեդա Մանուկյանը, ինչպես նաև կամավոր` Հայկուհի Գևորգյանը, նշում է Աննա Լեյլոյան-Եկմալյանը։
Ծրագիրը զուգորդաբար հովանավորում են ALIPH (Alliance international pour la protection du patrimoine dans les zones de conflits) և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամները։ Ծրագիրն իրականացվում է INALCO հիմնադրամի (Fondation INALCO, Ֆրանսիա) և ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ հասարակական կազմակերպության (Հայաստան) աջակցությամբ և ջանքերով։
Հիշատակարան՝ անցյալի հիշատակները պարունակող գրվածք, խոսք՝ պատմության խոսքը։ Կայքի անվանումն ինքնին շատ խոսուն ու համապարփակ է, բովանդակությունը համահունչ։ Այն Արցախի հուշարձանների գիտական գույքագրման յուրօրինակ ու շատ կարևոր փորձ է այս դժվարին ժամանակներում։
Կայքը բավական հետաքրքրական է իր արտաքին տեսքով ու բաժիններով։ Այս պահին այն մի քանի տասնյակ հուշարձան է ներկայացնում, սակայն ժամանակի ընթացքում Արցախի պատմամշակութային ժառանգության մի յուրօրինակ բազա կդառնա թե՛ մասնագետների, թե՛ հուշարձանասերների համար։
Հուսանք, ժամանակի ընթացքում աշխատանքային թիմը հնարավորություն կունենա հուշարձանները վավերագրել տեղում՝ Արցախում։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: