Հուշարձանների միջազգային օրը առանց Կանաչ ժամի. բարբարոսություն

  • 00:50 19.04.2024

Ապրիլի 18-ին, երբ աշխարհում նշում են հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, կրկին  կարևորելով մշակութային արժեքների պահպանությունը, պաշտպանությունը, մշակութային բազմազանությունն ու դրանց հանրահռչակումը, հայտնի է դառնում, որ ադրբեջանցիները քանդել են Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ եկեղեցին, որի մասին է վկայում ապրիլի 5-ին արված տիեզերական լուսանկարը։

Եկեղեցին միշտ էլ գտնվել է տեղի մահմեդականների, ապա նաև Ադրբեջանի հակահայ քաղաքականության թիրախում, դեռևս խորհրդային ժամանակներից։ Այդ տարիներին այն վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի, որի հետևանքով խախտվել, կամ քողարկվել էին կառույցի ներքին առանձին  հատվածներ։ Մասնավորապես բեմի վրա դրված երկաթե մեծ ջրավազանը լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։

Արևմտյան զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել ու նրանց փոխարեն կառուցել էին նորը, որը խաթարում էր եկեղեցու ճարտարապետական տեսքը։ Ջրավազանից հաճախակի թափվող հանքային ջրերը քայքայում էին պատերը։

Շուշիի ազատագրումից հետո եկեղեցին փրկվեց ու վերանորոգվեց։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամուն հանձնված հայկական Շուշին նորից հայտնվեց ադրբեջանական վանդալիզմի կիզակետում։ Ի շարս այլ հուշարձանների Կանաչ ժամը նույնպես դարձավ Ադրբեջանի մշակութային անհադուրժողականության զոհը։

Պատերազմից հետո երկու անգամ լրջորեն վնասվեց այն, երկրորդ անգամ պայթեցմամբ։ Հետո համացանցում հայտնվեցին տեղեկություններ, իբր Ադրբեջանը մտադիր է վերակառուցել հայերի կողմից հայկականացված ռուսական ուղղափառ եկեղեցին։ Տարբեր «փորձարկումներից» հետո 19-րդ դարի հայկական հոգևոր կառույցը հիմնահատակ քանդվեց։

Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հայտնի է նաև Ղարաբաղցոց եկեղեցի անունով : Հիշատակվում է նաև Վերին կամ Նոր թաղի եկեղեցի անուններով: Համաձայն շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1818 թ. Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։

Պահպանվել է վկայություն, համաձայն որի, 1840թ. իշխանությունների հատուկ կարգադրությամբ, ապագա Վերին Թաղ են տեղափոխվել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը 56 ընտանիք (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2), ովքեր Ներքին Թաղում ունեին քարաշեն, փայտյա ծածկով Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը խոսում է թաղամասում հայերի ծանրակշիռ թվակազմի մասին): Փաստաթղթում ասվում է, որ մահմեդականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկվում, ինչը հանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2):

Այդ նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Վերին Թաղ տեղափոխվելուց հետո, նոր տեղում կառուցվել է փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848թ, երբ նրա տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին:

Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ եկեղեցին կոչվում էր Վերին Թաղի Սուրբ Աստվածածնի եկեղեցի: Եկեղեցին, զանգակատունը աչքի են ընկնում ներքին ինքնատիպ հարդարանքով։ Այս հանգամանքը հուշարձանը առանձնացնում է հայ ճարտարապետական համանման կառույցների շարքում

Եկեղեցուն արևմուտքից կցված է հետագայում կառուցված գմբեթավոր զանգակատունը, որի մուտքի վերնամասում փորագրված է. «Բաբայն Ստեփանէսն Յովհանէն յի հիշատակ հանգուցիալ եղբայր Մկրտիչ 1847 թ.» արձանագրությունը։ Թեև զանգակատունն օրգանապես ձուլված է եկեղեցուն, այնուամենայնիվ, որմնանյութերով որոշ չափով առանձնացված է նրանից։

1995թ-ից մինչև 2020 թվականը քաղաքի երկու գործող եկեղեցիներից մեկն էր։

Արմինե Հայրապետյան

f