Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ի՞նչ տրամադրություններ են Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանի այցից հետո։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղեր եւ բնակչության հետ հանդիպման ժամանակ շարունակել պնդել, որ Տավուշի չորս գյուղերը պետք է հանձնել։ Մեր հարցին, թե Փաշինյանը համոզե՞լ է ոսկեպարցիներին, ի՞նչ տրամադրություններ են գյուղում, Նվեր Բեգլարյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ ինքը Ոսկեպարից վտանգ զգաց, Ոսկեպարի շահերը չպաշտպանելու դեպքում ինքն անձնական վտանգ զգաց։ Եվ, իմ կարծիքով, հենց այդ պատճառով այնպես արեց, որ Ոսկեպարի հարցի լուծումը ոսկեպարցիների ուզածով լինի։ Ընենց չի, որ ինքը մեզ շատ էր սիրում, ուղղակի վտանգ զգաց»։
Նվեր Բեգլարյանի խոսքով՝ ոսկեպարցիները պահանջում են, որպեսզի չզիջեն ճանապարհը եւ գյուղի վերեւի մասի տարածքները, որոնք անվտանգության խնդիրներ կառաջացնեն։ «Փաշինյանն ասաց՝ կանենք այնպես, ինչպես դուք եք պահանջել։ Դա 100 տոկսով չի գոհացնում ոսկեպարցիներին, բայց ամեն դեպքում ավելի տանելի լուծում է, քան մեկ ամիս առաջ ասածը։ Այսինքն՝ այս դեպքում Ոսկեպարի ֆիզիկական գոյությանն ուղղակի վտանգ չի սպառնում։ Անհարմարություններ են առաջանում, տհաճ պահեր էլ կան, որ նրանք պետք է առաջ գան, բայց այնպես չէ, որ Ոսկեպարի անվտանգությանը մեծ վնաս է հասցվում։ Բայց Կիրանցի հարցով վատ է խոսել, տհաճ պահեր կան այդտեղ, որովհետեւ Կիրանցի կամրջի մոտ ճամփեն փակվելու է»,- նշեց մեր զրուցակիցը։
Նվեր Բեգլարյանը հավելեց, որ գյուղացիները 100 տոկոսանոց վստահություն չունեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբեյալ, «բայց եթե մեկ ամիս հետո վեր է կացել եկել է ու հակառակ բան է ասում ոսկեպարցիներին, բնականաբար, բան է փոխվել, թե չէ չէր գա»։
«Այստեղ թշնամուն վստահել-չվստահելու հարցը չէ, խոսքն անվտանգության լծակները մեր ձեռքին պահելու մասին է։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը փորձի չափն անցնել, մենք պետք է հնարավորություն ունենանք պաշտպանվել, գոնե միջդիրքային տարածություն լինի, որպեսզի անակնկալի չգանք։ Իսկ եթե գային գյուղի գլխին նստեին, մենք չէինք կարողանա հակահարված տալ»,- նշեց նա։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: