Ավետարանոց․ կրկնակի տեղահանումից հետո գյուղացիները պահպանում են կապը

  • 16:36 19.04.2024

Սմբատ Մադաթյանը Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոցի համայնքի ղեկավարն է, բռնի տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Երևան քաղաքում։

Պատմական մելիքանիստ գյուղի բնակչությունը առաջին անգամ տեղահանվել է 2020 թվականին և բնակություն հաստատել Արցախի տարբեր բնակավայրերում՝ միշտ երազելով տուն վերադառնալու մասին։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերին գյուղը դասվել է կրկնակի տեղահանվածների շարքին։ Երկու անգամ տեղահանվելուց հետո ավետարանոցցիները սփռվել են աշխարհով մեկ։

Ինչպես 2020 թվականին, այնպես էլ հիմա համայնքի ղեկավարը չի դադարում կատարել իր պարտականությունները՝ իր շուրջը համախմբելով համագյուղացիներին։

-2020 թվականին, երբ տեղահանվեցինք, առաջինը, որ գիտակցեցի՝ այն էր, որ պիտի տեր կանգնեմ համայնքի բնակչությանը։ Հենց այդ պատճառով Ստեփանակերտ քաղաքում գրասենյակ վարձակալեցինք ու սկսեցինք շարունակել մեր աշխատանքը։ Դժվար էր, սակայն կարողանում էինք հաղթահարել խոչնդոտները, աջակցել խոցված բնակչությանը։ Հիմա ևս շարունակում եմ ամուր պահել իմ սերտ կապը համագյուղացիներիս հետ, ինչպես նաև մշտական կապի մեջ եմ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի հետ։ Ցուցակագրել եմ բոլորի գտնվելու վայրը և կոնտակտային տվյալները։ Գյուղի ակտիվ երիտասարդների հետ այցելություններ ենք ունենում մարզերում բնակվող մեր հայրենակիցներին։ Ուրախությամբ ասեմ, որ շատերն արդեն ինտեգրվում են նոր միջավայրին, աշխատում են, ստեղծում են իրենց սեփական բիզնեսները։ Մեր ուշադրության կենտրոնում են զոհված տղաների, պայթյունի զոհերի, ինչպես նաև վիրավորների ընտանիքները։ Աշխատում ենք գոնե բարոյահոգեբանական աջակցություն ցույց տալ նրանց։

Ի՞նչ արած, պետք է առաջ նայել, անել հնարավորը, որ կարողանանք կրկին ոտքի կանգնել,-ասում է Ս․ Մադաթյանը և ավելացնում, որ ամեն ինչ հնարավոր է նորից ստեղծել, ցավն այն է, որ Հայրենիքում թողեցինք մեր բոլոր սրբությունները, պատմամշակութային հարուստ արժեքները, մեր հարազատների շիրիմները։

Որպես համայնքի ղեկավար՝ Սմբատ Մադաթյանը շարունակում է տեղեկանքներ տալ համագյուղացիներին, հիմնականում՝ ավտոմեքենաների գույքահարկի գծով պարտք չունենալու մասին, իսկ վերջերս էլ տեղեկանքներ է տրամադրում Արցախյան վերջին պատերազմներին մասնակցություն ունեցած անձանց՝ որոշակի արտոնություններից օգտվելու համար։ Վերոնշյալ տեղեկանքներն ունեն իրավական ուժ և գործում են ՀՀ տարածքում։

-Ավետարանոցցին, որտել էլ լինի, պահելու է արցախյան իր կոլորիտը, լեզուն և ավանդույթները։ Հավաստիացնում եմ, որ երբեք չի դադարի իմ կապը համագյուղացիներիս հետ,-հավելում է համայնքի ղեկավարը։

2020 թվականին Ավետարանոցի անկումից հետո գյուղից տեղահանվել է շուրջ 254 ընտանիք, որոնցից 54-ը ժամանակի ընթացքում հեռացել են Արցախից, իսկ մյուս մասը տեղահանվել է 2023-ի սեպտեմբերին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Step1.am-ի համար