Եթե դա Հայաստանի տարածք չէ, ո՞վ է ասել, որ Ադրբեջանի տարածք է

  • 23:00 19.04.2024

Step1.amզրուցակցին է պատմաբան, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

-Պարոն Այվազյան, պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել է Տավուշի մարզում սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն՝ Տավուշի 4 գյուղերը ՀՀ իշխանությունները հանձնում են Ադրբեջանին՝ հիմնավորելով, թե դրանք հայկական տարածքներ չեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։

-Նախ եւ առաջ մենք պետք է արձանագրենք, որ ըստ ՀՀ վարաչատարածքային բաժանման մասին օրենքի՝ այդ տարածքները համարվում են որպես Տավուշի մարզի մաս։ Եվ ցանկացած փոփոխություն միայն համազգային հանրաքվեի միջոցով պետք է լիներ։ Եթե ոչ, ապա դա սահմանադրական կարգի տապալում է։ Երկրորդ, Ադրբեջանն իրեն հռչակել է որպես այսպես կոչված Ադրբեջանի առաջին դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որը չի ունեցել  ճանաչված սահմաններ։ Այսինքն՝ այս պարագայում նշանակում է, որ անգամ Արցախը եւ Նախիջեւանը երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի մաս։ Եթե խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, ապա նաեւ պետք է ֆիքսեքն, որ ըստ այդ հռչակագրի՝ խոսք է գնում ԽՍՀՄ փլուզման եւ ԱՊՀ-ի ձեւավորման մասին։ Ընդ որում, նախքան այդ Արցախի հայկական Հանրապետությունն անկախություն հռչակեց եւ հանրաքվե անցկացրեց, իսկ Ադրբեջանը՝ դրանից ավելի ուշ։ Ադրբեջանն Ալմա-Աթայի պայմանագրի անդամ է դարձել ընդամենը 1993 թվականին։ Այսինքն՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին խոսք չի կարող լինել, դա բացառված է։ Ընդ որում, Արցախը ԽՍՀՄ օրենքների համաձայն ԽՍՀՄ-ից դուրս է եկել 1990 թվականի ապրիլի 3-ին։ Ադրբեջանական ԽՍՀ-ն փլուզվեց ու բաժանվեց երկու մասի՝ մեկը ինքնահռչակ, Հարավային Կովկասի ապօրինի զավակ այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետությունն է, իսկ մյուս մասը Արցախի հայկական Հանրապետությունն է։

Եթե մենք խոսում ենք «անկլավների» հարցի մասին, պետք է հասկանանք, որ Ադրբեջանը դրանով չի բավարարվելու։ Եվ դրանք իրենց տարածքների հետ կապ չունեն՝ ոչ իրավական, ոչ էլ պատմական հիմքեր չունեն։ Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի արտատարածքային միջանցներ, որպեսզի այդ «անկլավների» հետ կապ ունենա։ Դրանով մենք հետաձգո՞ւմ ենք պատերազմը, ոչ։ Պատերազմն անխուսափելի է, ուղղակի Ադրբեջանը սպասում է իր համար ռազմաքաղաքական համար իրավիճակի ձեւավորմանը։

Իշխանությունը փորձում է հանրությանը մատուցել, թե սրանով իբր պետական սահման է ձեւավորվում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

– Եթե խոսում ենք պետական սահմանի մասին, ուրեմն պետք է խոսենք նաեւ Հայ դատի, Արեւտմյան Հայաստանի, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով ամրագրված մեր սահմանների մասին։ Ադրբեջանի հիմնադիր փաստաթղթերում ամրագրված է, որ Ադրբեջանը 113 800 քկմ է, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս Հանրապետության նկատմամբ 19 200 քկմ պահանջ ունի։ Այսինքն՝ նրանք հավակնություն ունեն Սյունիքի, վայոց Ձորի, Տավուշի մարզերի, Սեւանի ավազանի եւ Արարատի մարզի հարավային մասի նկատմամբ, համարյա մինչեւ Երեւան հասնող տարածքների մասին է խոսքը։ Հայաստանի առաջին Հանրապետությունը 71 333 քկմ էր, չհաշված Արեւմտյան Հայաստանի մասը, որը, ըստ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի, պետք է միանար Արեւելյան Հայաստանին։ Եվ եթե մենք հղում ենք անում քարտեզներին, ապա պետք է այդ քարտեզները դնենք սեղանին, որով Արցախը ՀՀ մաս է կազմում։ Մենք չպետք է հրաժարվենք նաեւ մեր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում անելուց, որտեղ հստակ նշված է Արցախի հետ վերամիավորման խնդիրը, Արեւմտյան Հայաստան ձեւակերպումը եւ նաեւ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը։

Եվ ուրեմն, մենք պետք է խաղանք արեւելյան դիվանագիտության կանոններով եւ հաղթող կլինենք, եթե կարողանանք տիրապետել այդ հմտություններին, եթե գիտական ու մասնագիտական համայնքի ունակությունները պահանջված լինեն։ Հակառակ պարագայում, ինչպես Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն ասաց՝ մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը։

Ռոզա Հովհաննիսյան

f