Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում գյուղացիները փակել են միջպետական ճանապարհը՝ անհամաձայնություն հայտնելով Տավուշի մարզի գյուղերը հանձնելու որոշմանը։
Ոսկեպարի բնակիչ Նվեր Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ տեղեկությունների, այո, տավուշցիները Բաղանիսի հատվածում ճանապարհը փակել են։ Առավոտյան իրավիճակը պարզ կլինի։
Հիշեցնենք, որ պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել է Տավուշի մարզում սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Ըստ այդմ չորս գյուղերը կհանձնվեն Ադրբեջանին։
Նվեր Բեգլարյանն ասաց, որ վաղը ոսկեպարցիները կհավաքվեն՝ որոշելու իրենց անելիքը։ Նա նշեց, որ գյուղում այն տրամադրությունն է, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է մարդկանց։ «Երկու օր առաջ եկավ ասաց՝ դա Կիրանց-Ոսկեպար ճանապարհին չի վերաբերում, բայց մեկ էլ տեսնում ենք, որ գործընթացը մոտավորապես գնում է այնպես, ինչպես մեկ ամիս առաջ էր ասել։ Հայտարարության մեջ ընդհանուր է գրված, բայց մեզ կոնկրետ հետաքրքիր է՝ ճանապարհների հարցը ինչ է լինելու։ Առայժմ կարող եմ ասել, որ ժողովուրդը մտահոգված է, հետագա գործողությունները պարզ կլինեն»,- ասաց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: