Կիրանց
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի միջև համաձայնագիրը, ըստ որի երկրների միջև «սահմանազատումը» իբր սկսվում է Տավուշի մարզից, փաստորեն հերքվել է Բաքվի կողմից։ Բաքուն, որի հետ իբր «խաղաղություն» է կառուցում Փաշինյանը, հայտարարել է, որ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 օկուպացված գյուղեր»։ Ոչ մի խոսք հետագա սահմանազատման կամ բանակցությունների մեկնարկի մասին:
Սահմանազատում չի լինի, և Բաքվի կողմից հայ-վրացական սահմանի մի մեծ հատվածի, միջպետական ճանապարհի, գազատարի վերահսկողությունից հետո նոր պահանջ կառաջադրվի՝ Տիգրանաշեն։ Հայ-իրանական և հայ-վրացական ճանապարհների վրա վերահսկողություն հաստատելուց հետո ժամանակն է անցնել Հայաստանի մասնատմանը և կառուցել Ջերմուկ-Սիսիան-Երասխ-Երևան-Մարգարա բաղձալի միջանցքը։
Ճանապարհների նկատմամբ վերահսկողությունն այն է, ինչին ձգտում են այն ուժերը, որոնք ցանկանում են վերացնել Հայաստանը և ում ծառայում է Հայաստանում գործող վարչակարգն իր իշխանություն-ընդդիմություն ամվողջ սպեկտրում։ Հայաստանում Իրանի դեսպանը երեկ ասել է, որ Հայաստանը հավաստիացրել է Իրանին, որ սահմանազատման ժամանակ միջպետական ճանապարհները չեն տուժելու։ Բայց Իրանի դեսպանը լավ գիտի, որ հենց այս ճանապարհներով է Հայաստանը մասնատվում։
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն և մեթոդաբար իրականացնում է այս ծրագիրը՝ հայտարարելով, որ զոհաբերում է իր «բարի համբավը» իբր հանուն «ինքնիշխան Հայաստանի»։ Նա «ազնվորեն» ընդունում է, որ ինքնիշխան Հայաստանի համար երաշխիքներ չկան։ Եվ այն պահին, երբ Հայաստանը շագրենի կաշվի պես կրկին փոքրանում է, իսկ Արցախում ջնջվում է ազգային ամրոց՝ Քարին տակը, Փաշինյանը կնոջ հետ դիտում է «Պապ թագավոր» ներկայացումը։
Սա մեր հողը չէ, ասում է Փաշինյանը՝ Հայաստանի մի մասի թշնամուն տալով, մենք սահման չունենք։ Նույն բանն են ասում Լավրովը, Բլինքենը և մյուսները, ովքեր ողջունում են հայկական հողերի հերթական հատվածի հանձնումը։ Եթե Հայաստանը սահմաններ չունի, ապա որտեղի՞ց են Ադրբեջանի սահմանները։ Թե՞ բոլորդ արդեն որոշել եք, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա, և նրա փոխարեն դրախտային «հաբ» կլինի։
“Քաղաքացիական պայմանագրի” պատգամավորները, ովքեր վաղը նույն եռանդով կպաշտպանեն Տիգրանաշենի պատկանելությունը Ադրբեջանին, ինչպես պաշտպանում են Արցախի, Նախիջևանի, Տավուշի և Գեղարքունիքի պատկանելությունը, պատրաստվում են դառնալ Չորրորդ Հանրապետության առաջին քաղաքացիները։ Այն կկոչվի Հաբաստանը, թագավորն էլ նոր Պապը կլինի։
Նաիրա Հայրումյան