«Ստեփանակերտից հեռանալու օրվանից մինչ օրս ոչ մի նոր գործ չեմ սկսել։ Շարունակում եմ «Շուշի» խորաքանդակի վրա աշխատել։ Պետք է հասցնեմ այն կատարելության, հետո միայն ցուցադրեմ, որպեսզի բոլորը տեսնեն, որ Շուշին դժբախտ ու դժգույն չէր։»
Այսպես սկսվեց իմ զրույցը արցախցի անվանի նկարիչ և դիզայներ Գեւորգ Սարգսյանի հետ։ Նա դասավանդել է Արցախի արվեստի ինստիտուտում։ Հեղինակել է դիզայներական նախագծեր, ստեղծել ուշագրավ գործեր, մասնակցել տարբեր ցուցահանդեսների։ Շրջափակման ժամանակ Ստեփանակերտի տներից մեկի բակում նրա քանդակած Ղազանչեցոց տաճարի ձյունե փերֆորմանսը սոցիալական ցանցում երկար ժամանակ ամենահայտնին էր։
«2020-ին Շուշիի կորուստը մեծ ցավ ու ցնցում էր ոչ միայն ինձ համար։ Հաջորդ երեք տարիների իմ բոլոր ստեղծագործությունները Շուշիի մասին էին, որպեսզի մարդիկ չմոռանան հայկական Շուշին: Ստեփանակերտից հեռանալուց առաջ՝ վերջին ժամերին սկսեցի աշխատել «Շուշի» խորաքանդակի վրա։ Անցած լինելով Ղարաբաղյան բոլոր պատերազմների միջով՝ մտքով գիտակցում էի իրավիճակի ողջ լրջությունը, բայց սրտով հրաժարվում էի ընդունել Արցախը կորցնելու իրողությունը։»
Բռնի տեղահանումից հետո արվեստագետն ավելի լռակյաց է դարձել։ Գլխի շարժումով ցույց է տալիս կնոջը՝ Արմենուհուն, ով «ոչ միայն աշխարհի լավագույն կինն ու մայրն է, այլ նաև՝ նրա լավագույն զրուցակիցը»։
«Մենք վերջիններից ենք դուրս եկել Ստեփանակերտից։ Քաղաքը գրեթե դատարկ էր, մեր բոլոր հարեւաններն արդեն հեռացել էին իրենց տներից։ Այդ իրավիճակում Գեւորգը սկսեց նոր քանդակի վրա աշխատել։ Ես նրան չէի շտապեցնում։ Հասկանում էի՝ որքան դժվար է նրա համար, նաև վստահում էի ճակատագրին՝ թեկուզ 200 մետր հեռավորության վրա, հարևան փողոցի տներում, արդեն ադրբեջանցի զինվորներ էին։ Լուռ հավաքեցի իրերը։ Վերցրեցի միայն այն ամենը, ինչը մեր ընտանիքի պատմության մասն էր՝ գրքեր, հնաոճ իրերի հավաքածու, ամուսնուս արվեստի գործերը, տղաներիս նկարները: Երեկոյան մոտ նա զգուշորեն փաթեթավորեց իր սկսած գործը փափուկ կտորի մեջ, նստեցինք մեքենան, և դուրս եկանք Ստեփանակերտից, շարժվեցինք դեպի Հայաստան։ Միայն Երեւանում տեսա, որ դա Շուշի քաղաքի խորաքանդակ է։ Այսքան ամիս ոչ մի գործ չէ արել, և միայն այդ խորաքանդակի վրա է աշխատում օրեր, ժամեր շարունակ՝ առանց մի բառ ասելու»,- պատմում է Արմենուհին։
Նկարիչը հասկանում է, որ շատ այլ ընտանիքների հետ համեմատած՝ ինքը չպետք է այդքան տառապի, չէ՞ որ իրենց հաջողվել է ողջ դուրս գալ։ Բայց դեռ ի վիճակի չէ նոր բան ստեղծագործել. պետք է ավարտի «Շուշի» խորաքանդակը։ Ասում է, որ Հայաստանում ստեղծագործող մարդկանց համար ավելի մեծ հնարավորություններ կան՝ չնայած բարձր մրցակցությանը։ Պետք է մի քիչ ձեռնարկատեր դառնալ, ուսումնասիրել ժամանակակից տեխնոլոգիաները և սոցիալական ցանցերի հնարավորությունները, չսահմանափակվել նեղ մասնագիտացմամբ, այլ փորձել արվեստի այլ ձևերով նույնպես զբաղվել, այդ թվում՝ կիրառականով, ուսումնասիրել շուկան և չհրաժարվել հաղորդակցությունից:
«Մենք աշխարհին ասելիք ունենք, քանի որ բազմաթիվ իրադարձություններ ենք տեսել, ապրել։ Բայց շատ դժվար է սկսելը»,- եզրափակում է Գեւորգ Սարգսյանը։
Սոցիալական խնդիրներն այնքան անհաղթահարելի են, որ սիրելի գործդ եկամտի չնչին աղբյուր է դառնում
1985 թվականին Աիդա Առուստամյանը 17 տարեկան էր, երբ մազերը երկու պոչ կապած, եկավ Ստեփանակերտի գորգագործական գործարան։ Նրան ընդունեցին աշխատանքի, վերապատրաստեցին և տեսնելով նրա ընդունակությունները՝ վարպետ նշանակեցին, որպեսզի ինքն էլ նորեկներին սովորեցնի։
Աիդան շուրջ 40 տարվա փորձ ունի, աշխատել է Ստեփանակերտի բոլոր գորգագործական ձեռնարկություններում։ «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը գործել է անգամ շրջափակման պայմաններում, սակայն Աիդայի և մյուս արհեստավորների՝ վերջին տարիներին գործած գորգերը հնարավոր չի եղել տեղափոխել բռնի տեղահանության ժամանակ։
«Արցախում շատ լավ արհեստավորներ կային, գորգագործությունը մեծ զարգացում էր ապրում։ Մեր գորգերը մասնակցել են միջազգային ցուցահանդեսների և հայտնվել մասնավոր կոլեկցիաներում։ Բայց Հայաստանում ոչ բոլորին է հաջողվում աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ։ Միայն մի քանի արհեստավորներ աշխատանքի անցան Երևանի «Արցախ-Կարպետ» փոքրիկ ընկերությունում։ Մնացածը ցրված են մարզերով, որտեղ չկա գորգագործական արտադրություն կամ այլ աշխատանք»։
Աիդան միայն լավ արհեստավոր չէ․ նա գիտի հայկական գորգերի բոլոր ավանդական նախշերն ու մոտիվները։ Կարողանում է կարդալ նախշերի մեջ ծածկագրված նշանները, պատմությունը, տարբերակել ոճերը և գորգերի տեսակները՝ «Արևագորգ», «Վիշապագորգ», «Անահիտ», «Ղարաբաղ» և այլն: Չի հիշում իր գործած գորգերի ստույգ թիվը, բայց վստահ է, որ դրանք հազարից ավելին են։ Նույնքան էլ ուսանող է ունեցել։
«4 տարեկանից աղջկաս գորգ գործել եմ սովորեցրել։ Կողքիս նստած՝ կրկնակի հանգույցներ կապելով նախշեր էր անում։ Տանը մենք սեփական գորգագործական հաստոց ունեինք փայտից ։ Միասին տարբեր թեմաներով, նախշերով, գույներով գորգեր էինք գործում: Արցախում պատվերներ շատ ունեինք, հավանում էին մեր աշխատանքը։ Բնանկարներ, տաճարներ, ազգային հերոսների դիմանկարներ՝ մենք ամեն ինչ անում էինք: Երբ ընդունվեց համալսարան, ցերեկը գնում էր դասերի, իսկ երեկոյան գորգ էր գործում և հոգում իր ֆինանսական ծախսերը»։
Աիդա Առուստամյանի ընտանիքը տեղահանման ժամանակ, շատերի պես, բացի փաստաթղթերից ու մանկական իրերից, ոչինչ չի վերցնել իր հետ։ Գործիքը, թելերը, գորգերի էսքիզները, իր գործած գորգերը՝ ամեն ինչ թողել է Ստեփանակերտում։
«Ադրբեջանցիների հսկողության ներքո Հակարիի կամուրջն անցնելիս՝ ես միայն աղոթում էի, որ երեխաներին ոչինչ չպատահի։ Հասնելով Հայաստան՝ հանգիստ շունչ քաշեցի, որ ողջ մնացինք։ Բայց և մտածում էի, որ նման անարդարություն չի կարող լինել, և մենք տուն կվերադառնանք, ինչպես վերադարձանք 44-օրյա պատերազմից հետո։ Անցել է ավելի քան վեց ամիս, և թեև հույսը չի մարում, ես դրան ավելի ու ավելի քիչ եմ հավատում»։
Հայաստանում Աիդան հնարավորություն չունի տանը իր սիրելի գործով զբաղվելու։ 6 հոգանոց ընտանիքը փոքր բնակարան է վարձում։ Գորգագործական հաստոց, գործիքներ ու թելեր գնելու գումար չունեն։ Բնակարանի բարձր վարձը, չնչին աշխատավարձը, առողջությունը և բազմաթիվ այլ խնդիրներ թույլ չեն տալիս նրան վերսկսելու իր սիրելի գործը։ Եթե տեղափոխվեն գյուղում ապրելու ավելի քիչ բնակվարձով, այդ դեպքում էլ չի կարողանա ամեն օր աշխատանքի գալ-գնալ։
Աիդան ասում է, որ արցախցի արհեստավորները, արվեստագետները, երաժիշտներն փոքր աջակցության կարիք ունեն, որպեսզի վերսկսեն ստեղծագործել, իրենց աշխատանքները ներկայացնել տարբեր ցուցահանդեսներում և շուկայում։
«Կցանկանայի աղջկաս հետ միասին նորից գորգ գործելու հնարավորություն ունենալ, ինչպես Արցախում։ Մեր աշխատանքի որակը չի զիջում տեղի արհեստավորների գործերին։ Ես ուսումնասիրել և համեմատել եմ։ Բայց արցախցիների սոցիալական խնդիրները Հայաստանում անհաղթահարելի են։ 40+10 ծրագրով աջակցությունը բավարարում է միայն բնակվարձին, մյուս կենսական հարցերը լուծելու համար ընտանիքից գոնե մեկը, երկուսը պետք է աշխատեն: Վերջին վեց ամսվա մեջ ես չեմ կարողացել ինձ թույլ տալ որևէ հագուստ կամ կոշիկ գնել։ Գորգ գործելը ինձ այսօր շատ չնչին եկամուտ է ապահովում»։
Մենք մրցունակ ենք, բայց ամաչում ենք գովազդել մեր հնարավորությունները
Էռնա Մկրտչյանը ավելի քան 27 տարի աշխատել է Ստեփանակերտի մանկապատանեկան կենտրոնում՝ դասավանդելով արվեստի մի քանի դասարաններում։ Լավ նկարիչ է, կիրառական արվեստի վարպետ, ցուցահանդեսների մշտական մասնակից, Արցախի նկարիչների միության անդամ։ Աշակերտները սիրում էին նրան, ծնողներն էլ ձգտում էին միշտ իրենց երեխաներին «սիրելի Էռնա Էդուարդովնա դասարանում տեղավորել»:
Բռնի տեղահանումից հետո Էռնայի ընտանիքը բնակվում է Երևանում։ Երեք ուսանող ունեն ընտանիքում և նրանց կրթությունից զրկելը անընդունելի են համարում. «Դրա համար էլ ես ու ամուսինս ցանկացած աշխատանք ենք վերցնում, և մենք պարզապես ժամանակ չունենք ստեղծագործելու։ Միայն հասցնում ենք սոցիալական խնդիրներ լուծել՝ ընդհուպ մինչև օրվա հացի հարցը:»
Սկզբում Էռնան վաճառել է իր գործերից մի քանիսը, որոնք բերել էր իր հետ Ստեփանակերտից։ Հետո ուզում էր ցանկացած դպրոցներում թեկուզ կես դրույքով աշխատանքի անցնել:
«Մի օր աղջիկս սոցիալական ցանցում գովազդ տեսավ։ Globbing ընկերությունը միկրոդրամաշնորհներ է առաջարկում տեղահանվածներին, որոնք ցանկանում էին փոքր բիզնես սկսել: Ես ոչինչ չեմ հասկանում սոցիալական ցանցերից, ուստի կասկածանքով վերաբերվեցի դրան: Չէի հավատում, որ որևէ մեկը կարող է անշահախնդիր օգնել մեզ: Բայց աղջիկս լրացրեց դիմումը։ Մի քանի ամիս հետո մեզ զանգահարեցին, հաստատեցին, ֆինանսներ հատկացրին, որով կարողացա մոլբերտներ և մի քանի այլ իրեր գնել, որպեսզի սկսեմ երեխաների հետ նկարչություն պարապել։ Մեր վարձակալած բնակարանում սենյակ հատկացրեցինք դասերի համար։Հիմա ամեն օր պարապում եմ 3-4 ուսանողի հետ, այդքան մարդ կարող է տեղավորվել սենյակում»:
Էռնան վստահ է, որ եթե արցախցի ստեղծագործող մարդկիկ մի փոքր աջակցություն ունեն, կարողանան վերսկսել իրենց գործունեությունը։
«Արցախի արվեստագետներն ու արհեստավորները բավականին մրցունակ են տեղական հարթակում։ Սակայն արցախցի ստեղծագործողները պետք է հասկանան գովազդի ուժը և դրա անհրաժեշտությունը։ Մենք մի տեսակ փակ ենք։ Այն, ինչ մենք համարում ենք համեստություն, Երևանում բարդույթ է ընկալվում, մենք չենք հասկանում, որ գովազդը կամ նույնիսկ ինքնագովազդը ամոթ չէ։ Սովորության համաձայն, նստած սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեզնով հետաքրքրվի։ Կարծում եմ՝ պետք է սկսենք հասկանալ նոր միջավայրի կանոնները, եթե ցանկանում ենք, որ մեր ստեղծագործությունը ճանաչվի և եկամուտ բերի»:
Պետական մակարդակով աջակցության կարիք
«Վըսկե ծեռքեր» խորագրով երկրորդ ցուցահանդեսին, որ կազմակերպվեց 2024թ-ի ապրիլի 7-ին, մասնակցեցին արցախցի 60 արվեստագետ, ներկայացվել էին բազմազան աշխատանքներ։ Միջոցառման կազմակերպիչ Արցախի մայրիկների աջակցության կենտրոնը հոգացել էր, որ ոչ մի ստեղծագործություն ուշադրությունից դուրս չմնա։
Չնայած ներկայացված աշխատանքների բարձր վարպետությանը՝ Շուշի քաղաքի թանգարանների տնօրեն Լուսինե Գասպարյանը նկատեց, որ Արցախի ստեղծագործները տեղահանության արդյունքում հայտնվել է աներևակայելի ծանր վիճակում։
«Ավելի քան վեց ամիս է անցել արցախցիների հարկադիր տեղահանումից հետո։ Պետական մի շարք ծրագրերով աջակցություն և պաշտպանություն են տրամադրում փախստականներին, սակայն սոցիալական և հոգեբանական խնդիրները մնում են չլուծված: Արցախցի արվեստագետները ավելի արագ կվերականգվեն, եթե սկսեն լիարժեք աշխատել և ստեղծագործել։ Բայց դրա համար անհրաժեշտ է նրանց պաշտպանել սոցիալական խնդիրներից։ Սա պահանջում է լայնածավալ աջակցություն՝ ներառյալ կառավարության կողմից: Նկատի ունենալով, որ թշնամին սրընթաց ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, մշակույթի և գիտության մարդկանց նկատմամբ վերաբերմունքը պետք է ակնածալից լինի և խրախուսի նրանց ստեղծագործելու․ չէ՞ որ նրանք արցախյան մշակույթի ու ինքնության կրողներ են։»։
Հոգեբան Զարինե Պետրոսյանը նշում է, որ «տեղահանման արդյունքում արցախցին իր մտածելակերպով ու ավանդույթներով հանկարծ հայտնվեց իր համար նոր, բաց միջավայրում, և նրան համակեց ֆիզիկապես և բարոյապես գոյատեւելու անհանգստությունը․ «Բոլորը հիանալի հասկանում են, որ վերականգնումն ավելի հեշտ է, եթե մարդ զբաղված է և պարապ չի նստում։ Շատ կարևոր է, որ մարդիկ չընտելանան սոցիալական օգնությանը, քանի որ դա մի օր կդադարի, եւ նոր սթրես կբերի։ Հետևաբար, զբաղվածության խթանումը կամ ինքնազբաղվածությունը լավագույն աջակցությունը կլինի ստեղծագործող մարդկանց համար»:
Ավելի քան վեց ամիս է անցել արցախցիների հարկադիր տեղահանումից։ Պետական մի շարք ծրագրեր աջակցություն և պաշտպանություն են տրամադրում փախստականներին, սակայն սոցիալական և հոգեբանական խնդիրները մնում են չհաղթահարված: Ստեղծագործական աշխատանքին վերադառնալը այս իրավիճակում կարող էր թերապևտիկ նշանակություն ունենալ մարդկանց հոգեկան և հուզական վիճակի վրա, և օգներ հաղթահարելու սթրեսն ու դեպրեսիան:
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: