Տավուշի մարզի բնակիչներն այսօր առավոտվանից փակել էին Կիրանց գյուղի կամրջի ճանապարհը՝ բողոքելով Տավուշի տարածքները թշնամուն հանձնելու որոշման դեմ։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, հանդիպելով բնակչության հետ, հանդարտության կոչեր էր արել։ «Մարզպետն ինչ ասել է, ճիշտ է ասել, ինքը եկել է Անվտանգության խորհրդի նիստին, ձեզ մտահոգող հարցերը բարձրացրել է։ Ձեր հետեւից ոչ մի բան չի լինելու, գործընթացին կներգրավվեն նաեւ գյուղացիները։ Մենք մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք, եթե ուզում ենք խաղաղություն լինի։ Բաներ կան, որ չեմ կարող հրապարակային ասել, կարող ենք գնալ, փակ հանդիպել, եւ ես բացատրեմ»,- հայտարարել էր Վահե Ղազարյանը։
Բնակիչները հանդիպել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Հանդիպումից հետո նրանք հայտարարել էին․ «Շարունակում են ժողովրդին խաբել, Ոսկեպարում ուրիշ բան ասացին, Կիրանցում ուրիշ բան։ Մարզպետը մեզ ասում էր՝ ճանապարհը բացեք, բայց չենք բացելու»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղեկացրել էր, որ գյուղացիներից գաղտնի արդեն սկսել են չափագրումներ անել։ «Ադրբեջանցիները եթե հայտնվեցին այն տեղերում, որտեղ հայտնվելու են, այս գյուղը լինելու է անկենսունակ։ Որտեղ հայտնվեց ադրբեջանցին, որեւէ երաշխիք չկա, որ ադրբեջանցին դրանից հետո իրեն պահելու է հանգիստ ու հանդարտ։ Երկրորդ, սահմանազատման-սահմանագծման գործընթացը պետք է արվի այն սկզբունքների հիման վրա, որ որեւէ գյուղի կենսունակության վրա չազդի։ Այսօր, եթե թուրքը եկավ այստեղ կանգնեց, այս գյուղը լինելու է անկենսունակ»,- ասել էր Գառնիկ Դանիելյանը։
Գյուղացիները հայտարարել են, որ արյունով պահած հողերը չեն պատրաստվում զիջել թշնամուն, սահմանը գծել է հայ զինվորն իր արյամբ։ «Ոչ մի տեղ չունենք գնալու, ոչ մի մետր հող էլ չունենք տալու։ Թեկուզ կռվով, բայց մենք հող չունենք տալու։ Ավելի լավ է մեռնենք, քան այսպես ապրենք, պետք է սպասենք, որ թուրքը գա մեր գերեզմանները պղծի՞»,- ասում էին մարդիկ։
Գյուղացիները նշեցին, որ սահմանի գիծն անցնելու է Կիրանցի գերեզմանատան միջոց, որտեղ հուղարկավորված են նաեւ պատերազմին մասնակցած 16 հերոսներ․ «Արյան գնով պահպանվել է այս հողը, իրենցից ոչ մի բան չենք ուզել, պահել ենք այս հողը։ Մեզ խաբել են, խաղաղության գնացող պետությունները փոխզիջումներով պետք է գնան խաղաղության, եթե փոխզիջում չեն անում, միայն մենք ենք հետ քաշվում, դա խաղաղություն չի։ Ինքն իր զորքը բերի մխրճի այստեղ, ի՞նչ խաղաղություն։ Մեզ թող չվախեցնեն պատերազմով, Կիրանցը ոչ մի անգամ չի վախեցել, Տավուշի մարզի, Հայաստանի բնակչությանը թող չվախեցնեն պատերազմով, հերոս գյուղ է, պատերազմից չի վախենում, 10 տարեկան երեխեն պատրաստ է այստեղ զենք վերցնելու»։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, դիմելով տավուշցիներին, ասել էր․ «Եթե կարողանանք ոտքի կանգնել այստեղ, եթե Բաղանիսը, Բերքաբերը, Կիրանցը, Ոսկեպարը կանգնեն ոտքի, կտեսնենք, թե ոնց է սկսվում իրավիճակը փոխվել»։ Գյուղացիներն ասացին, որ հարակից գյուղերի բնակիչներին էլ են խնդրել գալ ու կանգնել իրենց կողքին, պայքարելու են մինչեւ վերջ։
Գրող Հովհաննես Իշխանյանը, ով նույնպես այցելել է Տավուշ, Ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է հայ ժողովրդին․ «Էս պահին Հայաստանի տարբեր մասերից փակել են Կիրանցի կամրջի ճանապարհը, կան նաև արցախցիներ: Անհրաժեշտ է լինել այսստեղ նախ իմանալու համար, որ Նիկոլը ինչ լուր այստեղից բերում է Երևան, սուտ է։ Հայաստանի էս տարածքները հանձնում են առանց ձեր կարծիքը լսելու, տեղացիները ձեր օգնության կարիքն ունեն, դավաճանները ամեն սադրանք կարող են անել էստեղ, իսկ ձեր ներկայությունը կնվազեցնի հավանականությունը։ Եթե Տավուշի գյուղերը չմնացին, շատ էլ լավ տեղյակ ենք, որ Սյունիքն էլ են նույն օրը գցելու, եթե համահայկական շարժում չլինի»։
Արդեն օրվա վերջին հայտարարվեց, որ ճանապարհը բացվում է։ Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը կազմակերպել տավուշցիների եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը։