Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո։ Այս մասին ասվում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ։
Հեռախոսազանգի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։ Որքանով մեզ է հայտնի՝ նրա միայն արյան ճնշումն են չափել և ուրիշ ոչինչ, ինչը մեզ ավելի է անհանգստացնում նրա առողջական վիճակի վատթարացման առումով։ Ռուբեն Վարդանյանը վերջում ասել է. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:
Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը թույլ տա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ կերպով այցելել նրան, որպեսզի նրա առողջական վիճակի մասին ունենանք անկախ ապացույցներ և համոզված լինենք, որ հացադուլի ընթացքում նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:
Ի հավելումն՝ մենք վերահաստատում ենք Ռուբենի պահանջը՝ անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։
Մենք երախտագիտություն ենք հայտնում միջազգային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց այդ ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել ավելի քան երկու շաբաթ անց նրա առաջին հեռախոսակապը ընտանիքի հետ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: