Նիկոլ Փաշինյանը կրկին հավաքել է իր հավատարիմ համախոհներին, այս անգամ Լոռիում՝ Տավուշի հարցը լուծված համարելով։
Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ մենք 4 գյուղը տալիս ենք, քանի որ դա Հայաստան չէ, ինչպես Հայաստան չէր Արցախը, Պանդորայի արկղը լայն բացվեց։ Հիմա ծնկի վրա կարելի է որոշել, թե ինչ է Հայաստանը, ինչը՝ ոչ։ Եվ քանի որ այդ ամենը որոշվում է միջպետական ճանապարհների հետ կապված, ուրեմն պետք է վերանայել նաեւ Լոռիով անցնող հայ-վրացական մայրուղու պատկանելությունը։ Հակառակ դեպքում խառնաշփոթ է ստացվում. Տավուշով դեպի Վրաստան ճանապարհը փոխանցվում է իրական «տերերին», իսկ Ալավերդիով երթուղին, այդ թվում՝ երկաթուղին, մնում է հայկական։ Մի տեսակ ճիշտ չէ։
Իսկ քանի որ Տավուշի “փայլուն օպերացիայից” հետո հեղափոխություն չի եղել՝ ուղղակի փակել են ճանապարհը, բոցաշունչ ելույթներ են ունեցել անհետևանք, նշանակում է՝ երկաթ պետք է ծեծել, քանի տաք է, այսինքն՝ գնալ Լոռի։ Ո՞վ գիտի, միգուցե Այրում կայանը եւս Հայաստանի տարածքը չէ, միշտ կարելի է գտնել քարտեզներ, որոնք դա կվկայեն։
Բլինքենն ու Միշելը պատրաստակամորեն կհաստատեն, իսկ Լավրովը ՀԱՊԿ «խաղաղապահներ» կառաջարկի մինչև հունիս։ Եթե չեք ուզում Ռուսաստանը, թող դա լինի Ղազախստանն ու Ղրղզստանը, ինչ պակաս Հայաստանին բարեկամ երկրներ են։ Բլինքենն ու Միշելը դա էլ կհաստատեն առանց խղճի խայթի։ Միայն թե հայերը չհիշեին Արցախը, Նախիջևանը, Կարսը, ազգային իրավունքները և մտածեին միայն շուտով բացվող ճանապարհներին հասարակաց տների մասին։