«Այսօր տեղի ունեցող գործընթացները հակասում են միջազգային իրավունքին, հակաօրինական են եւ հակասում են ՀՀ պետական շահերին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի տարածքները թշնամուն զիջելու ծրագրին։
«Մեզ ուզում են ասել, որ եթե լինի սահմանազատված եւ սահմանագծված սահման, ապա դա լրացուցիչ խթան կհանդիսանա տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Այդքան էլ համոզված չեմ, բավական երկրներ կան, որոնք իրենց սահմանները ո՛չ սահմանազատել են, ո՛չ էլ սահմանագծել, մենք ունենք, օրինակ, Հայաստան-Վրաստան սահման, բայց երբեք այդ խնդիրը չի ներկայացվել մեր կամ Վրաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք։ Կառավարության ղեկավարն ասում է, որ եթե չգնանք սահմանազատմանն ու սահմանագծմանը, այլընտրանքը պատերազմն է։ Այսինքն՝ այս գործընթացը տեղի է ունենում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ներքո, ինչն արդեն իսկ նշանակում է, որ այս ամբողջ գործընթացը հակասում է միջազգային իրավունքին»,- ասաց նա։
Արա Այվազյանը նշեց, որ միջազգային տարբեր դերակատարներ ողջունեցին այս քայլը։ «Կարծում եմ՝ մենք շատ հասունացել ենք, եւ այդ հայտարարությունները մեզ չեն կարող ոգեւորել կամ համոզել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այդ նույն միջազգային դերակատարները քար լռություն էին պահում 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական հանցագործությունների իրականացման պարագայում, Արցախի տեւական շրջափակման եւ ի վերջո հայաթափման ընթացքում։ Հասկանում ենք, որ այսօր ուժային քաղաքականությունը դարձել է միջազգային հարաբերությունների գերիշխող միջոց։ Եվ հասկանում ենք, որ միջազգային իրավունքը գործում է ընտրովի, յուրաքանչյուր դերակատար փնտրում է իր շահերը։ Բայց մենք էլ պետք է միմիայն առաջնորդվենք մեր շահերով, միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմանը չեն ապահովելու ո՛չ անվտանգությունը, ո՛չ կայունությունը։ Հակառակը, մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են, եւ ճանապարհ է բացվում ապագա ագրեսիվ գործողությունների համար։ Անդադար զիջումներով, որոնք ավարտվեցին Արցախի հայաթափամամբ, էթնիկ զտումներով, մենք չենք հանդարտեցնում Ադրբեջանի ուժային քաղաքականությունը։ Բոլորն այսօր ուժային մեթոդով են առաջ տանում իրենց շահերը, բայց ինչպես ֆիզիկայի օրենքում, ուժը կգնա այնքան, մինչեւ չտեսնի հակաուժ։ Եվ ուժ ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ քաղաքական-դիվանագիտական միջոցները։ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքականության բովանդակությունը, ռազմավարությունը եւ կառուցի այնպիսի հակաուժ, որը կզսպի մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումները»,- ասաց նա։
Ըստ Արա Այվազյանի՝ խաղաղության կհասնենք միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կդառնա այն հակաուժը, որը կբալանսավորի հակառակորդի թշնամական ու ծավալապաշտական ձգտումները․ «Այն, ինչ կատարվում է այսօր եւ դա ներկայացվում է որպես խաղաղություն, դա շատ լավ մշակված մեծ ռազմավարություն է, որի նպատակն է հայ ժողովրդին պարտադրել մեր հակառակորդների կամքը»։
Նշենք, որ դիվանագետների կողմից ձեւավորվել է Դիվանագետների համահայկական խորհուրդ, որի անդամներն այսօր ասուլիս էին հրավիրել։