Էրիկ Պողոսյանը ծնվել է 1984 թվականին Ստեփանակերտում, պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ասկերանի Լուսաձոր գյուղ:
Պատերազմի և անդառնալի կորուստների ֆոնին Էրիկի աջ ոտքը սկսեց թուլանալ և հաստատվեց մկանային դիստրոֆիա: Պատերազմ էր՝ գնալ արտասահման բուժվելու համար չէր ստացվել:
Էրիկի պատմում է, որ 2001 թվականին հեռուստացույցով տեսել էր, թե ոնց են ոտքի մատերով նկարում, և որոշեց ինքն էլ նկարել: Այդ ժամանակ հաճախում էր Վերականգնողական կենտրոն, և այնտեղ ստեղծել էին համապատասխան պայմանները:
2018 թ.-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տևական ժամանակ չէր նկարում: Ասում է, որ իր սրտի հետ Արցախում է թողել այսքան տարիների բոլոր աշխատանքները, պատվոգրերը:
Մեծ դժվարությամբ Գորիս են հասել: Եղբայրը բենզինի պայթյունի հետևանքով լուրջ այրվածքներ էր ստացել: Այս ամենը չէր կարող չազդել, բայց ինչպես Էրիկն է ասում՝ «Հույսի տան փոխտնօրեն Արփի Դուրյանը ինձ նորից հույս ներշնչեց, և ես սկսեցի նկարել նորից: Այս նկարը իմ վերջին աշխատանքներից է՝ «Դեպի հույս և լույս»»:
Էրիկի օրինակը ապացուցում է, որ անկախ ամեն ինչից պետք է հույս ունենալ, առաջ շարժվել և ունենալ մարդիկ, ովքեր նույնիսկ ամենադժվար պահերին կարող են հույս ներշնչել:
Քրիստինա Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: