Բրիտանացի լրագրողները ապշած են․ ինչպե՞ս թե՝ Ղարաբաղը, Տավուշի գյուղերը հայկական հող չեն

  • 10:05 23.04.2024

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: Այս մասին բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը, բազկաթոռից պինդ բռնված։

«Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասաց նա։

Փաշինյանը 2020 թվականից բացահայտ փորձում է փակել Արցախի դուռը, բայց այն ամեն անգամ խփում է նրա ճակատին։ Բրիտանացի եւ այլ լրագրողների հարցն այն մասին, թե ինչպես վարվեց ՀՀ վերնախավը իր երկրի մի կտորի՝ Արցախի հետ, դեռ երկար է հնչելու։ Նաեւ որպես հիշեցում Հայաստանի մնացած մարզերի բնակիչների՝ նույնկերպ վարվելու են ձեզ հետ։ Հեշտ ձեւ է՝ հռչակում ես տվյալ տարածքը “ոչ Հայաստան” ու ասում, որ չես կռվելու ուրիշի հողի համար։

Բրիտանացի եւ այլ լրագրողներ, որոնց երկրներում ամեն մետր հողը տեր ունի, ապշում են, թե ինչպես կարող է Օյկումենայի կենտրոնում հազարամյակներ ապրող ազգը հրաժարվել հողատեր լինելուց։ Բա ինչի՞ տեր եք ուզում լինել։

«Մենք պատրաստ ենք սկզբի համար եւս 4 գյուղ հանձնենք Տավուշում»,- ասել է Փաշինյանը։

Նա նկատեց, որ, ինչպես նշել էր մարզային այցելություններից մեկի ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված մի կնոջ հետ զրույցում, իրատեսական չի համարում հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորությունը։ Փաշինյանը նշեց նաև, որ իր գլխավորությամբ՝ Հայաստանի կառավարությունը փորձել է անել ամեն բան, այդ թվում և 2023 թվականի սեպտեմբերին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենար:

«Բայց մեր ջանքերն արդյունք չտվեցին: Եվ ընդհակառակը, ակնհայտորեն կային ուժեր, որ այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությանն ուզում էին ներքաշել պատերազմի մեջ՝ հեռուն գնացող նպատակներով»,- նշեց Փաշինյանը:

Ի՞նչ է նշանակում “որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենար”։  Դա ինչպե՞ս էր պատկերացնում Փաշինյանը։

Ավելի վաղ նա ասել էր, որ 2023 թ․ հուլիսին, երբ Արայիկ Հարությունյանն էր դեռ նախագահը, կար հնարավորություն ուղիղ բանակցություններ վարել Բաքվի հետ եւ պայմանավորվել, որ մարդիկ մնան Արցախում։ Սակայն նա չի մանրամասնում, թե ի՞նչ պայմաններով հայերը պետք է մնային Արցախում, որը ինքը՝ Փաշինյանը ադրբեջան է անվանել։

Իսկ սցենարը պարզ էր․ ռուս “խաղաղապահներն” արդեն պատրաստվում էին ֆիլտրացիոն ճամբարներ ստեղծել արցախցի տղամարդկանց համար՝ պարզելու նրանց մասնակցությունը “ռազմական հանցագործություններին”։ Եւ քանի որ Արցախում չկար ընտանիք, որի տղամարդ անդամները մասնակցած չլինեին ինքնապաշտպանության, կստացվեր, որ առական սեռը կհայտնվեր ֆիլտրացիոն ճամբարներում, իսկ կանայք եւ երեխաները “կինտեգրվեյին” ադրբեջանի հետ։ Բոլորը գոհ կլինեյին։

Կա՞ր արդյոք այլ տարբերակ։ Փաշինյանը գիտի, որ չկար։ Արցախցիներն էլ գիտեին, դրա համար մեկ մարդու պես դուրս եկան, խառնելով ոմանց պլանները։ Եւ հիմա էլ ոչինչ չի փոխվել, այդ պատճառով էլ Փաշինյանն ասում է, որ վերադարձը անիրատեսական է։

“Ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը:

Այս սխեմայի մեջ “Լեռնային Ղարաբաղը” կարող եք փոխարինել հայկական ցանկացած այլ տեղանունով։ Հեյրիմլին մերը չէ, չենք կռվի դրա համար, իսկ եթե տղամարդիկ չեն ուզում Ոսկեպարում ապրել եւ իրենց կանանց թույլ չեն տա թշնամու հետ ինտեգրվել, կարող են դուրս գալ՝ մենք իրենց 40+10 հազար դրամ կտանք։ Բայց հողին տեր չենք։