“Ասկերանի զարգացման կենտրոն” ՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը
Արցախում գործող հասարակական կազմակերպություններից շատերն իրենց գործունեությունը շարունակում են նաև Հայաստանում։
2023 թվականի դեկտեմբերի 1-ից “Ասկերանի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը վերագրանցվել է նոր՝ “Ասկերանցիներ” համայնքի զարգացման կենտրոն անվանմամբ։
Արցախից բռնատեղահանվելուց հետո ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանը չկարողացավ ձեռքերը ծալած նստել, և ինչպես ինքն է ասում, անմիջապես սկսեց նոր ծրագրերի իրականացման մասին մտածել։
– Կազմակերպության գործունեության սկզբունքներն ի սկզբանե եղել են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը:
2021 թվականից ՀԿ գործունեությունը լայն թափ էր ստացել Արցախում։ Ծրագրեր էինք իրականացնում շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ, աջակցում էինք փոքր և միջին բիզնեսի զարգացմանն Արցախում, իսկ շրջափակման օրերին շարունակում էինք ավելի շատ աշխատել երեխաների հետ՝ կտրելով նրանց տխուր առօրյայից։
Կազմակերպությունն աջակցել ու աջակցում է խոցելի խմբերին, ծնողազուրկ երեխաներին, անապահով ընտանիքներին:
ՀԿ-ում ընդգրկված է հիսուն մարդ՝ տարբեր տարիքային խմբերից, բնակավայրերից: Կազմակերպության մեջ ներգրավված են Ասկերանի շրջանի տարբեր համայնքների բանիմաց ու գործունյա կանայք, որոնք տեղահանվելուց հետո ցանկանում են զբաղվել սեփական գործով։ Ներկա դրությամբ իրականացվում է կանանց հզորացման և զարգացման “Վերածնունդ” ծրագիրը։ 13 կանանց տրամադրվել է փոքր դրամաշնորհ՝ բիզնես սկսելու համար։ Տրամադրված գումարով նրանք ձեռք են բերել էլեկտրական վառարաններ՝ նախատեսված ժենգյալով հացի, խմորեղեն պատրաստելու համար, վարսահարդարության համար սարքավորումներ, կարի մեքենաներ և այլն։ Կազմակերպության կանայք մասնակցել են վերջերս Երևանում անցկացված “Վըսկէ ծերքեր” փառատոնին։
Հաշվի առնելով, որ այսօր յուրաքանչյուր արցախցի կարիք ունի բարոյահոգեբանական աջակցության, կազմակերպել ենք 6 հանդիպում հոգեբաններ Ռուզաննա Մկրտչյանի և Զառա Հարությունյանի հետ։ Նրանք աշխատել են ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների 2 տարիքային խմբերի հետ։ Կապանում ունենք ևս մեկ խումբ, որի հետ աշխատանքները համակարգում է ՀԿ ակտիվ անդամ Սնեժանա Թամրազյանը։
Կազմակերպվել է նաև բիզնես-դասընթաց, որը վարել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նանա Հովհաննիսյանը։ Մեր կենտրոնի ձեռներեց կանայք իրենց առաջին քայլերը իրականացրել են հենց նրա խորհուրդների շնորհիվ։ Նրա ուղղորդմամբ կանանց բիզնես գաղափարները վեր են ածվում հաջողված բիզնեսի։
Նախատեսվում են նոր բիզնես ծրագրեր, նոր հանդիպումներ ու քննարկումներ: Մեծ ակնկալիքներ ու հույս ունեմ, որ ՀԿ կանայք կկարողանան ոտքի կանգնել ու զարգացնել իրենց բիզնեսները։ Արցախցի կինը քարից հաց քամող, աշխատասեր ու գործունյա է և անպայման կհասնի իր նպատակին,-ասում է Ա․Արզումանյանը։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո կազմակերպությունը բարեգործների աջակցությամբ դրամական օգնություն է տրամադրել առավել խոցելի խմբին, որի մեջ մտնում են պայթյունից տուժածների, զոհվածների ընտանիքներ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Step1.am-ի համար
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: